Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին, ավելին՝ նրանց ներկայացնում է որպես դիվերսանտներ և քրեական գործ հարուցում վերջիններիս նկատմամբ։

Օրեր առաջ Լիբանանից ժամանած հայ Վիգեն Էուլջեքյանը, ով գերեվարվել էր պատերազմից հետո, դատապարտվեց 20 տարվա ազատազրկման: Բաքվի դատարանը նրան մեղադրել էր ղարաբաղյան երկրորդ պատերազմի ռազմական գործողություններին որպես վարձկան մասնակցելու մեջ՝ 2500 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց:

Ըստ Trend.az-ի՝ Էուլջեքյանը սահմանված պատժից 5 տարի կանցկացնի բանտում, իսկ մնացյալ ժամանակահատվածը՝ խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում։

Զուգահեռ ընթանում է նաև գերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի գործով դատավարությունը։ Նշվում է, որ Խոսրովյանը գերեվարվել է հոկտեմբերի 3-ին, Մկրտչյանը՝ հոկտեմբերի 20-ին՝ Ֆիզուլիի շրջանից։ Նրանք մեղադրվում են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցի գերիների խոշտանգման և այլ հանցագործություններ կատարելու մեջ»:

Ադրբեջանական մամուլը նախօրեին լուրեր տարածեց, որ մեկնարկել է 14 հայ գերիների դեմ քրեական գործով դատավարությունը: Շինծու քրեական գործը հարուցվել է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 214.2.1, 214.2.3, 228.3, 279.2, 318.2 հոդվածներով՝ «ահաբեկչություն», «պետական սահմանը ապօրինի հատելը» և այլն։

Ադրբեջանի զինդատախազությունը պնդում է, թե զինվորականները գերեվարվել են 2020 թվականի դեկտեմբերի 13-ին, իսկ մինչ այդ՝ նոյեմբերի վերջին, «ապօրինի հատել են Ադրբեջանի պետական սահմանը» և «գրավել Հադրութի հարավ-արևմտյան հատվածում անտառային և այլ դիրքեր», «մասնակցել զինված հարձակումների»։

Հայկական կողմի պնդմամբ՝ պահեստազորայինները (ավելի քան 60 հոգի, որոնցից մի մասը վերադարձվել է Հայաստան) իրականում գերեվարվել են այդ ժամանակ հայկական վերահսկողության տակ գտնվող Խծաբերդի և Հին թաղերի տարածքներից։

Միջազգային իրավունքի նորմերի խախտումներով Ադրբեջանում դատարանի առջև են կանգնեցվել ռազմագերիներ Գեղամ Սամվելի Սերոբյանը, Հրաչ Արզումանի Ավագյանը, Արմեն  Եղիազարի Բաղասյանը, Գոռ Վահրամի Գասպարյանը, Կամո Կարենի Սեֆիլյանը, Վոլոդյա Վաչագանի Հակոբյանը, Գևորգ Նորայրի Ասերտյանը, Սիսակ Գրիշայի Ենոքյանը, Ալբերտ Կոմիի Պետրոսյանը, Ռոմիկ Միսակի Սեդրակյանը, Արամ Գառնիկի Մինասյանը, Մկրտիչ Սիմոնի Մինասյանը, Էդգար Վաչագանի Մաթեսյանը և Յուրի Տիգրանի Կարապետյանը: Գործը քննում է դատավոր Աֆղան Հաջիևը։ Եվ 12-ի գործով դեռևս նախաքննություն է ընթանում։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խստորեն դատապարտել է հայ գերիների նկատմամբ տեղի ունեցող դատավարական գործողությունները։ Նրա խոսքով՝ դրանք ակնհայտ ապօրինի գործընթացներ են, իսկ գերիներից ցանկացածի նկատմամբ քրեական հետապնդումը կամ դատավարությունը, նրանց կալանքի տակ պահելը միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում` Ժնևի երրորդ կոնվենցիայի պահանջների կոպիտ խախտումներ են․

«Մեր մշտադիտարկումն արձանագրել է, որ դատական նիստերի դահլիճում գերիներ Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ դրսևորվում էր մարդու արժանապատվությունը բացահայտ նվաստացնող վերաբերմունք՝ նրանց պահելով ապակյա խցում ու մեկուսացած վիճակում: Այդ տեսարանի հրապարակայնացումն ադրբեջանական սոցիալական մեդիայում արժանացել է գովասանքի, իսկ Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի վերաբերյալ հնչել են մահապատժի ենթարկելու և խոշտանգելու, ինչպես նաև բռնության կոչեր: Սա արվում է, որ լրացուցիչ հոգեկան տառապանքներ պատճառեն գերիների ընտանիքների անդամներին և լարվածություն առաջացնեն հայկական հասարակությունում»,- իր խոսքում նշել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի՝ պաշտպանության վարչության պետի պաշտոնակատար Դիանա Քարազյանը նշում է, որ Եվրոդատարանում Հայաստանի ներկայացուցիչը և գրասենյակը պատերազմը սկսվելուց ի վեր դիմել են ՄԻԵԴ՝ միջանկյալ միջոցներ կիրառելու հարցով, այնուհետև ներկայացրել են միջպետական գանգատներ:

«Անխտիր բոլոր գերիների մասով մենք ունենք միջանկյալ միջոց կիրառելու հայցի բավարարում, բայց, ցավոք սրտի, Ադրբեջանը ոչ միշտ է տվյալներ տրամադրում նրանց վերաբերյալ: Այդ իսկ պատճառով մարտին ՄԻԵԴ-ը որոշում կայացրեց միջանկյալ միջոցների որոշումներով պահանջված գործողությունների հարցի քննարկումը հանձնել ԵԽ Նախարարների կոմիտեին: Դրանից հետո ընթացող գործընթացների մասին տեղեկատվություն չկա»,- նշում է Քարազյանը:

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն էլ նշեց, որ միանշանակ է այս գործերով Ադրբեջանի պարտությունը ՄԻԵԴ-ում:

«Մեր ռազմագերիները գտնվում են առանց արտաքին աշխարհի հետ կապի, կալանքի տակ: Նույնիսկ  հիմա, երբ դատաքննություն է ընթանում, և նախաքննական գաղտնիքի խնդիր չկա, այս մարդիկ շարունակում են պահվել նման պայմաններում: Սա շատ լուրջ խախտում է, որից բխում են այլ խախտումներ»,- ասում է Ղազարյանը:

Ըստ փաստաբանի՝ սա նշանակում է, որ այդ մարդիկ հնարավորություն չունեն փաստաբանի հետ կապի մեջ մտնել, փաստաբան ընտրել Հայաստանում, ով կգնար Բաքու ու այնտեղ կմասնակցեր դատավարությանը, հնարավորություն չունեն հարազատներին զանգելու, ուստի բոլոր ապացույցները, որ ստացվում են նման պայմաններում, արդեն իսկ կարող են անարժանահավատ լինել:

«Եթե կա կապի բացակայություն, խոսք չի կարող լինել մրցակցային դատավարության մասին, մանավանդ, երբ տեսնում ենք՝ ինչպես է կահավորված դատարանի դահլիճը, իրենք ինչպես են առանց պաշտպանի նստած»,-  նշում է Ղազարյանը՝ հավելելով՝ եթե այս գործերը գնան ՄԻԵԴ, այնտեղ Բաքվից պահանջելու են քրեական գործի նյութերը, և Բաքուն այս մասին շատ լավ գիտի․

«Այն, ինչ հիմա մենք տեսնում ենք, քրեական գործի նյութերում չենք տեսնում, այսինքն՝ խախտվում է գործի հրապարակայնությունը»։

Նշենք, որ անցած ժամանակահատվածում փոխանակման ընդամենը մի քանի դեպք է տեղի ունեցել, և հայրենիք են վերադարձվել 69 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանումայս պահին  ավելի քան 200 հայ գերի կա։

Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest