Ներկայիս քարոզարշավի ընթացքում համարյա բոլոր քաղաքական ուժերը նախընտրում են խոսել վիրավորանքի լեզվով:
Անպարկեշտ արտահայտություններ են թույլ տալիս նույնիսկ այն գործիչները, ովքեր երբեք մինչ այդ դրանով աչքի չեն ընկել: «Ճակատին նայում ու ասում են՝ «ողջույն, բոզի տղա», դրանից ավելի մեծ կոմպրոմատ էլ ի՞նչ պետք է անեն», — ասում է երրորդ նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնակատարի հասցեին, ավելացնելով. «Էս մարդն ամեն ինչ կուլ է տալիս, բայց հենց ասում են՝ կապիտուլյանտ, կրիշը գցում է»: Սերժ Սարգսյանը նախկինում ևս դիմում էր ոչ նորմավորված լեկսիկայի՝ «Խիյարը թարս է աճում», «Իյա, իրո՞ք», որն ավելի շատ հարում էր խոսակցական լեզվի, բայց հայհոյանք նրա բերանից երբեք չէր լսվել:
Հունիսի 16-ին էլ Սերժ Սարգսյանը Կոտայքի ընտրողների հետ հանդիպմանը հրապարակել է գաղտնի փաստաթուղթ առ այն, որ անհետ կորածների իրական թիվը եղել է 1064: Նա ասել է. «Զինվորների ապահովագորթւայն հիմնադրամը ապրիլին զեկուցում է կառավարությանը, որ անհետ կորածների թիվը 1064 է, էս չմարդը, էս ստահակը ելույթ ունենալուվ ԱԺ-ում հայտարարում է, որ անհետ կորածների թիվը 321 է: Հիմա սրան ի՞նչ ասես, արա, գոնե մարդավարի դուրս գան, ասեն՝ գիտեք, մենք չենք կարողացել պարզել հստակ թիվը»:
«Հայաստան» դաշինքի առաջին համար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը առաջինն էր քարոզարշավի մասնակիցներից, ով իր նախընտրական հանդիպումների ժամանակ օգտագործեց «արտանետումային» բառապաշար: Հունիսի 20-ին, Սպիտակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ նա ասաց. «Գոնե մեկ բազային արգումենտ պետք է բերեն, թե ինչու են ուզում ընտրեն այս իշխանությանը: Իսկ երբ որ մարդը ասելիք չունի, ինչ պետք է անի՞, շատ կներեք այդ բառն օգտագործելու եմ՝ ինքը քաքի մեջ ա, ուզում ա սաղին էլ քաքի մեջ գցի»:
Բայց և այնպես, Ռոբերտ Քոչարյանի հրապարակային արտահայտություններում չկա ուղիղ հայհոյանք, վիրավորական արտահայտություններ, բայց կա ատելության մեծ չափաբաժին: Հունիսի 2-ին, Արագածոտնում նախընտրական հանդիպման ժամանակ նա, պատասխանելով հարցին, թե ինչու չհաջողվեց ժամանակավոր կառավարության ձևավորումը, ասաց. «Որովհետև մի քանի ուսապարկեր կամք ու վճռականություն չունեցան, իրենք ինձնից վախենում են, մենք բոլորս գիտենք, ի դեպ, ճիշտ են անում, որ վախենում են»: Վախի մասին խոսելը այն թեկնածուի համար, ում կառավարման տարիներն անվանում են արյունալի տասնամյակ, առնվազն իմիջի տեսանկյունից անհեռատես քայլ է: Մայիսի 25-ին, «Հայաստան» դաշինքի ղեկավարների ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոստացավ, որ Փաշինյանի վարկանիշը «մաշեցնելու է մինչև քոքը»: Նրա մրցակիցները այս բառերում քաղաքական սպառնալիք տեսան, վերհիշելով քաղաքական ընդդիմախոսներին բանտերը նետելու ու երկրից վտարելու երկրորդ նախագահի ավանդույթը:
Հայհոյանքի լիդերը այս քարոզարշավում, իհարկե, գործող վարչապետն է, որը գրեթե բոլոր ելույթներում անզուսպ պահվածք է դրսևորում: Քաղաքական հակառակորդների հասցեին արված Նիկոլ Փաշինյանի հայտնի արտահայտությունները ասֆալտին փռելու, ատամները փշրելու, ողնաշարը ջարդելու մասին, անհանդուրժողականության, ատելության մթնոլորտ տարածելու դասական օրինակ են: Հունիսի 16-ին Գորայքում ելույթի ժամանակ նա զարգացրեց պաշտոնյաներին ասֆալտին փռելու թեման, ասելով, որ որոշ ուժեր տրամադրություն են ստեղծել, թե սյունեցիները չեն սիրում գործող իշխանությանը: «Ես այդ պաշտոնաներին խորհուրդ եմ տալիս ինքնակամ պառկել իմ նշած ասֆալտի հատվածներում, սելֆի անել, այդ նկարները դնել իրենց ֆեյսբուքյան էջում, որ ազգային համերաշխության մթնոլորտում այդ խնդիրը լուծվի»: Խնդիրը Փաշինյանի համար նախկիններին, քաղաքական հակառակորներին վերացնելն է, ինչը նա չի թաքցնում, ավելին՝ կառուցել է իր ընտրարշավը հենց այս թեզի վրա:
Հունիսի 16-ին, ընտրությունից ընդամենը 4 օր առաջ, Փաշինյանը Եղեգնաձորում «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավի ժամանակ հայտարարեց. «Բոլոր էն ուժերը, որոնք փորձելու են խաղեր տալ ընդդեմ ժողովրդի, նրանց սպասվում է դաժան ֆիասկո»:
Կապանում քարոզարշավի ժամանակ նա վիրավորանք նետեց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հասցեին: «Մեկը կա, ասում է՝ Կարեն Կարապետյանին կասեմ վերադառնա, պաշտոն ստանա, աշխատանք է բաժանում: էն մի անեկդոտ կա, որ ասում է դու մի հատ կողմնորոշվի, հիմա որսորդ ես, թե՝ ինչ: Լրիվ էդ անեկդոտի հերոսն է Կարեն Կարապետյանը, դառել է լրիվ «Мальчик на побегушках», վայ գնդակը դաշտից դուրս ընկավ, վազիր, վազի բեր»:
Վերջին օրերին ընտրողների հետ հանդիպումների նա իր հետ մուրճ է տանում ու ցույց է տալիս` ասելով, որ եկել է պողպատյա հեղափոխություն անելու ժամանակը, որ նա մուրճով «ժանգոտած մեխեր» է հանելու,որ մուրճի միջոցով է հարցեր լուծելու: Աբովյանում նա ցույց տալով մուրճը, ասաց, որ մուրճը «պողպատե մանդատն» է, որով գալու է հեղափոխությունից հետո բոլոր այն մարդանց հետևից, ովքեր կգնան ժողովրդդի կամքին հակառակ, ընտրակաշառք կբաժանեն, և այլն: «Էս գործիքը շատ լավ գործիք է, ընդեղ, որտեղ պետք է հանել, շատ ժանգոտված մեխեր կան, սրանով հանելու ենք, ում պետք է մխել, մխելու ենք», — ասում էր Փաշինյանը Աբովյանում:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մտահոգությւոն հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի կողմից նախընտրական ելույթների ժամանակ մուրճի ցուցադրմամբ պատկերավոր համեմատություններ անելու առիթով:
«Պետք է դադարեցնել անորոշ անձանց շրջանակի ուղղված «ասֆալտին պառկեցնելու», «պատերին տալու», «չփորձել թպրտալու» մարդու իրավունքների տեսանկյունից խիստ վտանգավոր արտահայտությունների օգտագործումը: Այս անթույլատրելի հռետորաբանությունն ասոցացվում է մարդու իրավունքների զանգվածային խախտումների հետ: Ակնհայտ է, որ վարչապետի պաշտոնակատարն առաջնահերթ նկատի ունի իրավապահ մարմինների կողմից նման արարքներ կատարելը, բայց իրավապահ մարմիններն առաջնորդվում են բոլորովին այլ կանոններով և «ասֆալտին պառկեցնելու», «պատերին տալու», «չթփրտացնելու» կատեգորիաներով ղեկավարվելու որևէ իրավունք չունեն»,– նշում է Թաթոյանը:
Քարոզարշավի սկզբից ևեթ նա պարբերաբար կոչ էր անում ընտրարշավի մասնակիցներին զերծ մնալ հայհոյանքից և վիրավորանքից: Ապարդյուն: Հայհոյանքը հրապարակային հարթակներում ձնագնդի պես աճում է:
Դրա նախահայրը, թերևս, «Հայոց Հայրենիք» կուսակցության առաջնորդ, նախկին ռազմական ոստիկան Վարդան Ղուկասյանն է, որը դեռևս հեղափոխությունից առաջ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ընտանիքով հալածանքի ենթարկվելուց հետո հեռացավ Ֆրանսիա:
Վարդան Ղուկասյանը գրեթե ամեն օր եթեր է մտնում իր ֆեյսբուքյան էջով, անդրադառնում է հայաստանյան իրադարձություններին, աղմկոտ բացահայտումներ է անում, համեմելով իր խոսքը հայհոյանքներով:
Նա ահռելի՝ 5-ից 10 հազար բաժանորդներ ունի, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանում հայհոյանքի մեծ պահանջարկ է ձևավորվել:
Դեռևս ապրիլին գլխավոր դատախազությունը վարչական իրավախախտումների օրենսգրքի փոփոխություն էր մշակել, որով առանձին հոդված է նախատեսվում հրապարակային հայհոյանքի համար: Ըստ դրա, հասարակական վայրերում, զանգվածային լրատվության միջոցներով կամ ինտերնետային կայքերով (այդ թվում՝ սոցիալական ցանցերով) խոսքի, պատկերի, նշանի կամ այլ միջոցով հրապարակային հայհոյանքը կամ ցանկացած ձևով անպարկեշտ վիրավորանքը… առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսունապատիկի չափով», իսկ կրկնելու դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունմեկապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
Օրինագիծը անհրաժեշտ կլիներ նախընտրական շրջանում, սակայն այն կառավարություն դեռ չի ներկայացվել: Արդարադատության նախարարությունից հայտնեցին, որ նախագիծը հանրային քննարկումն անցել է: «Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման արդյունքները ամփոփել է, ուղարկել է գլխավոր դատախազություն: Կառավարությանը նախագիծը դեռ չի ներկայացվել», — հայտնեցին նախարարության հասարակության հետ կապերի վարչությունից:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: