«Ոստիկանության կողմից մայիսի 11-ից սկսած, երբ հայտարարվել է արտահերթ ընտրությունների անցկացման մասին, իրականացվել են ընտրական իրավախախտումների մշտադիտարկումներ։ Արձանագրվել է խախտումների 172 դեպք»։

Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Ոստիկանութան պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝  ներկայացնելով Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական փուլում Ոստիկանության կողմից իրականացված և կատարվելիք աշխատանքերը։

Ըստ Ֆիդանյանի՝ մինչ քարոշազարշավի մեկնարկը արձանագրվել է 80 իրավախախտում, որոնցից 45-ի դեպքում ընթացք է տրվել Քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով նախատեսված  կարգով, իսկ  35-ը՝ պատահարներ են.

«Քարոզարշավից հետո շարունակվել են մշտադիտարկումները՝ մինչ օրս արձանագրվել է 92 դեպք, որոնցից 56-ին ընթացք է տրվել, իսկ 36-ը պատահարներ են և ենթարկվում են ստուգումների»։

Ոստիկանությունն ահազանգ է ստացել ընտրակաշառքի 17 դեպքի մասին։ Բացահայտվել է նախընտրական քարոզարշավին հարկադրաբար մասնակցելու կամ խոչընդոտելու՝ 10, լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու՝ 1 դեպք, իսկ գույքը դիտավորությամբ վնասելու 14, խուլիգանությանը, ծեծին, սպառնալիքին նպաստող՝ 8 դեպք։

Փոխոստիկանապետի փոխանցմամբ՝ հասարակությունում մեծ ուշադրություն է արժանացել քարոզչական պաստառների վնասնման դեպքերը։ Այդ հարցերի առնչությամբ, ըստ Ֆիդանյանի՝ ոստիկանությունն ունի դրական ցուցանիշներ, որոշ դեպքեր բացահայտվել են։

Անդրադառնալով քարոզարշավի ընթացքում թեկնածուների կողմից հնչեցվող ատելության խոսքին, բռնության կոչերին և վիրավորանքներին, ինչպես նաև Փաշինյանի՝ հանդիպումներին մուրճով մասնակցելու հանգամանքին, Ֆիդանյանը նշեց՝ մուրճը սառը զենք չի համարվում․

«Բռնության կոչ կամ ատելության խոսք պարունակող վեց հաղորդում ենք ստացել կուսակցությունների և դաշինքների կողմից։ Յուրաքանչյուր դեպքով ուսումնասիրություն է կատարվում, վերևում հիշատակածս թվերի մեջ կան այդ՝ առերևույթ պարունակող սպառնալիքներ։ Ոստիկանությունն իրականացնում է իր գործառույթները և եթե տեսնի կամ ունենա հստակ տեղեկատվություն, որ մատնանշված մուրճը նախատեսված է ՝ կոնկրետ անձին կամ անձանց վնասելու համար, ապա այդ հարցով կզբաղվի։ Հակառակ դեպքում, քրեաիրավական տեսանկյունից հնչեցված մեկնաբանությունները որևէ կերպ սպառնալիք չի ներառում և սառը զենք չի համարվում»։

Հանդիպման ընթացքում՝ փոխոստիկանապետը հերքեց այն լուրերը, թե ոստիկանները քաղաքացիական հագուստով որպես ցուցարար մասնակցում են իշխող ուժի հանրահավաքներին։

Հիշեցնենք, ոստիկանության զորքերի ծառայողը նախօրեին Ռոբերտ Քոչարյանի՝ ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ոստիկանության ծառայողներին հրաման է տրվում քաղաքացիական հագուստով մասնակցել Նիկոլ Փաշինյանի հանրահավաքներին, ինչին ի պատասխան փոխոստիկանապետն այսօր մերթ նշեց, թե արձագանքելու ոչինչ չունի, ապա ավելացրեց, թե դա չի համապատասխանում իրականությանը։

Ֆիդանյանի դիտարկմամբ՝ ոստիկանական ուժերն այնքան են բավարարում, որ կարողանան ապահովել իրենց բուն ֆունկիցոնալ գործառույթները, և որևէ նման դեպք տեղի չի ունեցել․

«Անձը, որն իրեն թույլ է տալիս տևական ժամանակ ոստիկանությունում ծառայություն իրականացնող անձանց խորհուրդ տալ, պետք է առնվազն որոշակի ներդրում ունենա ոստիկանությունում, մինչդեռ, նա ոստիկանության համակարգ է ընդունվել 2020թ սեպտեմբերին՝ ներքին զորքերում։ Չի մասնակցել նույնիսկ պատերազմական գործողություններին, այն դեպքում, երբ ներքին զորքերի գրեթե ողջ անձնակազմը մասնակից է եղել։ Բացի այդ, ոստիկանության աշխատակիցները չեն կարող ներգրավվել քաղաքական գործընթացի մեջ, որևէ ուղղվածություն չկա, ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է»,- հավելեց Արա Ֆիդանյանը։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest