Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ ոստիկանությունում տվյալներ են ստացվել հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի օգտին քվեներ ապահովելու և Ջանֆիդա գյուղի բնակիչների շրջանում ընտրակաշառք բաժանելու համար Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետի՝ նույն դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Ռ. Խ.-ի կողմից, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ.Պ.-ին 9 միլիոն դրամ գումար փոխանցելու վերաբերյալ:

Ըստ դատախազության՝ հունիսի 10-ին, ժամը 16։30-ին, Ջանֆիդա գյուղում գտնվող Գ. Պ.-ի տանը վերոնշյալ երկու անձինք բռնվել են 9 միլիոն դրամ ընտրակաշառքի գումարի փոխանցման պահին։

Հաղորդագրությունում նշվում է, որ ոստիկանության աշխատակիցներին տեսնելուն պես նրանք դուրս՝ դեպի տան բակ են նետել իրենց ձեռքում գտնվող՝ պոլիէթիլենային տոպրակով ընտրակաշառքի առարկա հանդիսացող գումարը, որ հայտնաբերվել և վերցվել է դեպքի վայրի զննությամբ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի [Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու փորձ] 2-րդ մասի հատկանշներով։

Ռ. Խ.-ն և Գ.Պ.-ն բերման են ենթարկվել Ոստիկանության Արմավիրի բաժին և ձերբակալվել: Նրանք հրաժարվել են ցուցմունք տալ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով, ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ Խլղաթյանի փաստաբանները գիշերը հայտնել էին նրա ձերբակալության մասին՝ պնդելով, թե «ձերբակալումը կրում է բացառապես քաղաքական հետապնդման երանգ»:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest