«Արցախի կարգավորման խնդրին էքսպերտային մակարդակով տիրապետում էր 6 հոգի. ես, Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը, որը մասնակցում էր բանակցություններին, մեր արտգործնախարար Օսկանյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Վազգեն Սարգսյանը։ Հիմա նույնիսկ 3 հոգի չի տիրապետում դրան։ Նիկոլ Փաշինյանը մինչև այսօր էլ դեռ չի հասկացել Ղարաբաղի հարցը»։

Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առաջին նախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Մենք ոչ միայն պարտվել ենք այս պատերազմում, այլ ավելի վատ բան է տեղի ունեցել։ Եթե Ռոբերտ Քոչարյանի մեղքով Ղարաբաղը դուրս դրվեց կարգավորման գործընթացից, այս պարտությունից հետո արդեն Հայաստանն է դուրս դրվել որպես հակամարտող կողմ։ Հայաստանի կարծիքը ոչ ոք չի հարցնում։ ՀՀ-ն ոչ մի որոշում ինքնուրույն չի կարող կայացնել Ղարաբաղի վերաբերյալ։ Պարտությունից հետո ավելի ծանր գուցե այն է, որ մենք այլևս խաղացող չենք»,- ասաց Տեր-Պետրոսյանը։

Մեկուկես ժամ տևած ասուլիսի ժամանակ, նախկին նախագահն ավելի շատ անդրադարձ կատարեց նախորդ տարիներին տեղի ունեցած իրադարձություններին, սակայն անմասն չմնացին նաև արտահերթ ընտրությունները, արցախյան հարցը, ինչպես նաև 2018 թվականին տեղի ունեցած իր և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։

Նշենք, որ ըստ Փաշինյանի՝ այդ հանդիպման ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հորդորել էր իրեն «տալ հողերը»․

«Պետք է Նիկոլ Փաշինյանին ասեք, որ ցույց տա ասածի ձայնագրությունը։ Ես իր տանն եմ եղել, հաստատ ձայնագրել է, թող ցույց տա։ Ինձ միշտ մտահոգել է Ղարաբաղի հարցը։ Ես գնացել եմ նրան մեկ բան ասելու՝ առաջին գործը պետք է լինի Ղարաբաղի հարցում ֆիքսել այն ժառանգությունը, որը ստացել է Սերժ Սարգսյանից փաստաթղթով։ Հարցնում է՝ ի՞նչ փաստաթուղթ։ Ասել եմ՝ նամակ գրի ԱԳ նախարարին, պահանջիր երկու օրվա ընթացքում ներկայացնել Ղարաբաղի կարգավորման իրավիճակն ապրիլի 18-ի դրությամբ։ Պետք է ունենար, թե ինչ է ստացել։ Ասացի՝ դրանից հետո ավելի լավ լուծում կբերես, կլինի քո պատիվը, ավելի վատ լուծում կբերես, կլինի քո խայտառակությունը։ Ուրիշ խոսակցություն չի եղել»։

Անդրադառնալով լրոգրողների այն հարցին, թե ինչու հնարավոր չեղավ 90-ականների հաղթանակն ամրագրել, նախագահը պատասխանեց՝ հաղթանակն ամրագրված փոխանցել է հաջորդ իշխանություններին․

«Պարզ բան էր․ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը տրամադրված էին այնպես, որ ոչ մի դեպքում ինձ չպետք է թույլ տան այդ ծրագիրն իրականացնել։ Չեմ չափազանցնում, եթե փորձեի դա անել, Հայաստանում սկսվելու էր քաղաքացիական պատերազմ և դրանից խուսափելու համար հրաժարական տվեցի»,-նշեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հարցին՝ եթե ներքին խոչընդոտը չլիներ, Ադրբեջանը պատրա՞ստ էր ստորագրել, նախագահը նկատեց՝ այդ ժամանակ Ադրբեջանը շատ ավելի պատրաստ էր, քան դրանից հետո այս 23 տարիների ընթացքում։

Ասուլիսի ընթացքում Տեր-Պետրոսյանն արձագանքելով այն կարծիքներին, թե Արցախը բանակցություններից դուրս է մնացել իր նախագահության տարիներին, քանի որ 1997-ին բանակցային հանդիպումներ է ունեցել առանց՝ Արցախի ներկայացուցչի, նշեց՝ երբ Ելցինի հետ հանդիպում էր, չպե՞տք է խոսեր Ղարաբաղի հարցի մասին․

«Ես միլիոն անգամ եմ բանակցություններ ունեցել առանց Արցախի։ Ամեն անգամ իմ գլխավոր թեմաներից մեկը եղել է խոսել այդ մասին։ Բա ի՞նչ պետք է անեի։ Այդ ի՞նչ զարմանալի հանելուկ է գտել Ռոբերտ Քոչարյանը։ Ինքն էլ է 10 անգամ առանց Ղարաբաղի գնացել հանդիպման։ Սա սովորական բան է»։

Նա ընդգծեց՝ ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացի միակ ատյանը Մինսկի խմբի համանախագահությունն է, իսկ Ղարաբաղն այդ ատյանում ճանաչված էր որպես լիիրավ հակամարտող կողմ։

«Կողքի բանակցությունները միշտ էին ընթանում։ Որոշումներ կայացնում էր միայն Մինսկի խմբի համանախագահությունը, իսկ դրանից դուրս հազար ու մի կոնսուլտացիաներ կարող էին լինել՝ շոշափելու Ադրբեջանի մտադրությունները, տրամադրությունները։ Ռոբերտ Քոչարյանը հետին թվով մի պատրվակ է գտել, որ իբր թե Ղարաբաղին հակամարտության կողմից հեռացրել ենք»։

Ի վերջո, անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ՀԱԿ-ի ցուցակը գլխավորող Տեր-Պետրոսյանը նշեց՝ Կոնգրեսը չի շտապում ներկայացնել, թե Ազգային ժողովում հնարավոր ինչպիսի համագործակցություն է պլանավորում այլ քաղաքական ուժերի հետ:

«Իմ առաջարկը Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին, գիտեք, մերժվել է, և այլևս դրան վերադառնալը հնարավոր չէ: Ուրիշ բան, եթե խորհրդարանում այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ մենք էլ անցնենք, Նիկոլ Փաշինյանն էլ, Ռոբերտ Քոչարյանն էլ, և որևէ մեկը մեծամասնություն չունենա, ապա ստիպված գնալու են կոալիցիա կազմելու:

Ես կողմ եմ համերաշխության կոալիցիային, թեպետ այդ «կոալիցիա» կոչվածը Հայաստանի համար նոր խնդիրներ ստեղծելու  մի երևույթ է: Իրավիճակը կարող է վեց ամիսը մեկ փոխվել, կընկնենք այն երկրների շարքը, որ տարին մեկ կառավարություն են փոխում: Եթե այլ ելք չկա, իհարկե, ապա պետք է փորձենք: Կփորձենք սխալ որոշում չկայացնել»,- ասաց փաշտոնափող նախագահը։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest