Հունիսի 8-ի առավոտյան, մառախուղի պատճառով տեղանքում ապակողմնորոշված և Ադրբեջանի վերահսկողությսն տակ գտնվող տարածքում հայտնված Հայաստանի ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Քաթանյանն այսօր վաղ առավոտյան վերադարձվել է հայկական կողմին և գտնվում է Ստեփանակերտում, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:

Երեկ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Բաքուն էլ հայտարարեց, թե Լաչինի շրջանում «Հայաստանի զինված ուժերի հետախուզա-դիվերսիոն խումբը, օգտվելով եղանակային անբարենպաստ պայմաններից, ներթափանցել է Ադրբեջանի տարածք»։ Այդ ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումները գերեվարել են «խմբի անդամ զինծառայող Արթուր Կարտանյանին, մյուսները նահանջել են ու լքել տարածքը»։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդմամբ, ըստ նախնական քննության, «հայկական դիվերսիոն խումբը փորձել է ականապատել Ադրբեջանի տարածքը»։

Հայաստանը հակադարձեց՝ Ադրբեջանի՝ Քաթանյանի դիվերսանտ լինելու մասին պնդումը չի համապատասխանում իրականությանը։

Արդեն ուշ երեկոյան Բաքուն հայտնեց՝ «հավելյալ հետաքննության ընթացքում պարզ է դարձել, որ հունիսի 8-ին հայ-ադրբեջանական սահմանին` Լաչինի շրջանում ձերբակալված զինծառայողը Ադրբեջանի տարածքում հայտնվել է ոչ թե դիվերսիա իրականացնելու համար, այլ` մոլորվելու պատճառով», տեղեկացնելով, որ երիտասարդը վերադարձվել է հայկական կողմին։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest