Ժամկետային զինծառայող Էրիկ Հովհաննիսյանը երկու ամսվս  զինծառայող էր, երբ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը։ Նա կռվել է 42 օր ամենաթեժ կետերում՝ Հադրութում, Մարտունիում, Շուշիում։ Էրիկն անմահացել է նոյեմբերի 7-ին՝ Շուշիի մատույցներում։ Հերոսն իր ցուցաբերած արիության ու խիզախության համար Արցախի նախագահի կողմից պարգևագրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

«Նա ծառայել է Հադրութում։ Տղայիս ընկերները պատմում են՝ Էրիկը միշտ ուժ ու ոգի է տվել իր մարտական ընկերներին, ասել է՝ մի՛ վախեցեք, ամեն ինչ լավ է լինելու։ Երբ տղաները պատերազմի օրերին հուսահատվել են, Էրիկն իրենց հանել է հուսահատության ճիրաններից», — հերոս որդու մասին՝ պատմում է  Հասմիկ Բախշյանը։

Էրիկը հոգատար է ր։ Զինակից ընկերներն են պատմել այդ մասին։

«Երբ հեռախոսով խոսում էինք, ասում էի՝ Էրո՛ ջան, հանկա՛րծ չվախենաս, տղաս էլ ասում էր՝ մա՛մ, որ վախենայի, ես այստեղ ի՞նչ գործ ունեի։ Էրիկն ուշադիր ու հոգատար էր զինակից  ընկերների նկատմամբ,  մշտապես նրանց հորդորել է զրահաբաճկոնները չհանել, զգոն լինել», — պատմում է տիկին Հասմիկը։

Հերոսի մայրն ասում է՝ երբ Էրիկն իր զինակից ընկեների հետ արդեն Շուշիում է եղել, սոված են եղել, անտեսելով վտանգը Էրիկը ուտելիք է բերել տղաների համար։ Նրան փորձել են ետ պահել, բայց ասել է․ «մահվան գնով էլ լինի, ես հաց եմ տանելու, որ տղաները ռազմադաշտում սոված չմնան»։

Շենքի պատին, որտեղ բնակվել է Էրիկը, այժմ պատկերված է  նրա որմնանկարը։ Որմնանկարի կերտման ընթացքում ներկա  էին Էրիկին  ճանաչող-չճանաչող, նրանով հպարտացող բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ 10-ամյա Եվան, որը թեև Էրիկին չի ճանաչել, բայց հպարտ է, որ սովորում է այն դպրոցում, որտեղ Էրիկն է սովորել։

«Ես տեղեկացա, որ Էրիկի որմնանկարը պետք է կերտեն ու եկա, որ  տեսնեմ՝ ինչպես են իմ հերոսին նկարում։ Ես մարմնամարզուհի եմ, առաջիկայ մրցույթներում հաղթելիս իմ հաղթանակները նվիրելու եմ Էրիկին ու իր պես հերոսներին», — ասում է եվան, որի շապիկին պատկերված էր Էրիկի նկարը։  Էրիկի մայրը գրկում է Եվային։ 

«Նոյեմբերի 6-ին խոսեցի Էրիկի հետ, արդեն Շուշիում էր։ Էրիկն ասաց՝ մամա՛, հանկա՛րծ չլացես, ես լավ եմ, կապի խնդիր կա։ Երևի Էրիկն էլ էր ինչ-որ բան զգում։ Դա մեր վերջին խոսակցությունն էր։ Էրիկն այլևս չզանգեց։ Նոյեմբերի 9-ին պատերազմն ավարտվեց, իսկ ես Էրիկից լուր չունեի», — ցավով հիշում է տիկին Հասմիկը։

Այն օրերին, երբ հարազատները փնտրել են Էրիկին, տիկին Հասմիկը երազ է տեսել։

«Երազումս տեսա, որ Էրիկը մորս հետ մեր տուն մտավ․ մայրս 2015 թվականին  մահացել է։ Հետո ես մոտեցա Էրիկին, գրկեցի։ Որդուս մեջքը բինտով փաթաթած էր։ Ինչ-որ մեկն ասաց՝ այդպես ուժգին մի՛ գրկեք, Էրիկի մեջքը կցավի։ Հետո տեսա՝ որդուս  մեջքից արյուն է հոսում ․․․ Պարզվեց՝ նա հենց սրտի ու թոքի հատվածում էր հրազենային վիրավորում ստացել։», — պատմում է մայրը։

Տիկին Հասմիկն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, շարունակում է Էրիկի համար քաղցրավենիք գնել։ Էրիկին նվիրված հուշանկյունում՝ սեղանի վրա փոքրիկ տուփ  է դրված։  Մայրն այդ տուփի մեջ հավաքում է Էրիկի սիրած կոնֆետները, քաղցրավենիքը։

Հասմիկ Բալեյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest