«Աբnվյшնի դիահերձարա­նից հրապարակված ահա­սարսուռ կադրերից հետո, ինչպես հայտնի է, «Դատաբժշկա­կան գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճ­յուղի վարիչը և այս գործընթա­ցում ընդգրկված 2 աշխատա­կից ազատվել են աշխատանքից: ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:

Երեկ Կառավարության նիստում Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ տեղի ունեցած փաստի կապակցությամբ ՔԿ-ում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի երկու հոդվածով։ Գրիգորյանը հոդվածները չէր նշել, ընդգծելով․

«Քննությամբ կպարզվի կոնկրետ անձանց մեղավորությունը և կտրվեն իրավական գնահատականներ»։

Հիշեցնենք, որ օրերս տելեգրամ ալիքները Աբովյանի դիահերձարանից լուսանկարներ էին տարածել, որոնցում նկուղում, գետնին անփութորեն լցված պարկեր էին՝ զինվորների մարմիններով ու մասունքներով:

Պատերազմում զոհված տղաների մարմինների հանդեպ այդ անհարգալից վերաբերմունքը բացահայտվելուց հետո նախ նախարարությունը հայտարարություն տարածեց.

«Չնայած այն հանգամանքին, որ մասունքների տե­ղաշարժը նպատակահարմար չէ, և դրանց պահման ներկա պայմանները համապատասխանում են մասնա­գիտական պահանջներին, այնուա­մենայնիվ, որոշել ենք ընդառաջել ծնողների ցանկությանն ու տեղա­փոխել այլ դատաբժշկական կեն­տրոնի սառնարանային հատված՝ զերծ պահելով հարազատներին լրացուցիչ ցնցումներից»:

Սակայն մեկ օր անց առողջապահության նա­խարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն խնդրեց դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման համար, ապա աշխա­տանքից ազատվեցին դիահերձարանի վարիչն ու 2 աշխատակիցը: Իրավիճակին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ միայն երեկ՝ կառավարության հերթական նիստում, հայտարարելով, որ չի կարող կառավարությունը կամ առողջապա­հության նախարարն ամեն օր գնալ և բոլոր տեղերը պտտվել, տեսնել, թե ինչ վիճակ է: 

Անհետ կորած զինծառայողների հարազատներին բավականն վրդովեցրել է ոչ միայն ստեղծված իրադրությունը, այլև պետության կողմից նման անփույթ վերաբերմունքը։ Նրանք շեշտում են՝ իրենց որդիները և նրանց մասունքները սրբություն են և չպետք է այդ վիճակում հայտնվեին։

«Այն, ինչ տեսանք, նորմալ չէր», — արձագանքում է Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը։ Նրա խոսքով՝ սանիտարները կարող էին մարմինները պատգարակների վրա դնել և իրարից հեռավորության վրա։ Իսկ թե ինչու են մարմինները ոչ թե սառնարանում պահվել, այլ՝ նկուղում, ըստ Բիշարյանի՝ օբյեկտիվ ու ժամանակավոր պատճառով.

«21 մարմին, Մեծամորից Աբովյան է տարվել մայիսի 28 ին։ Մեծամորում սառեցման համակարգերից մեկը խափանվել էր, իսկ Աբովյանի դիահերձարանում սառնարանային լրացուցիչ հատվածը դեռ կառուցման փուլում է։ Զինվորների հարազատների տարածած տեսանյութում դա էլ երևում։ Տեղ չի եղել, և զինվորների մարմինները հայտնվել են նկուղում՝ +12 աստիճան ջերմաստիճանի պայմաններում, այնինչ ըստ նորմայի դիերը պետք է պահել մինչև +4-ում։ Հարազատների բարձրացրած աղմուկից հետո բոլոր մարմինները տեղափոխվել են Մարտունու դիահերձարան»,- նշում է Բիշարյանը։

Զոհված զինծառայողների հարազատներն օրեր շարունակ վրդովված բողոքի ակցիաներ են իրականացնում՝ ստեղծված իրավիճակի հետ կապված։ Նրանք նշում են, որ նկուղի ջերմաստիճանը կարող էր վերջնականապես քայքայել իրենց տղաների մասունքները։ Այնինչ, Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Արմավիրի բաժնի վարիչ Սերգեյ Աբգարյանը հակադարձում է՝ սառնարանային պայմանները կամ արտաքին միջավայրի որոշակի ջերմային պայմանները էական նշանակություն չեն կարող ունենալ դիակի պահպանման հարցում, երբ դրանք քայքայված են․

«Սառնարաններում պահելն ավելի շատ էմոցիոնալ ֆոնի հարց է, որ մենք հանգիստ լինենք, որ մեր տղաները գտնվում են սառնարանում։ Սառնարանում այդ աստիճան նեխային փոփոխությունների ենթարկված դիակների պահպանման փաստացի գործընթաց տեղի չի ունենում։ Սառնարանն ուղղակի դանդաղեցնում է այդ պրոցեսը։ Մենք պահպանում ենք մեր հերոսների դիերը, մասունքները, որոնցում չկան հյուսվածքներ։ Ոսկորներ ենք պահում, առանձին ծնոտ, առանձին նախադաստակային ոսկոր, առանձին ազդրոսկր»,- ասում է նա։

Նշենք, որ ըստ Առողջապահության նախարարության վերջին տվյալների՝ ԴՆԹ հետազոտման փուլում այս պահին 73 նմուշ է, այն էլ երկրորդ կամ երրորդ անգամ հետազոտվող նմուշներ, այնինչ դիահերձարաններում 400 մասունք ու 200 մարմին կա:

Ծնողներն իրենք էլ են մոլորվել այս թվերի ու անորոշության մեջ: Քիչ չեն դեպքերը, երբ ընտանիքը ԴՆԹ-ով նույնականացված մասունք է հուղարկավորում, հետո էլի զանգ ստանում՝ թե համընկնում կա, հնարավոր է՝ նույն մարմնի մեկ այլ մասունք է գտնվել․

«Բոլորիս նույն ցավն ա միավորում»,- ասում են զինծառայողների հարազատները։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest