ՔԿԾ պարզաբանումը

114

Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

2021թ. հունիսի 2-ին forrights.am կայքում զետեղվել է ««Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկել կալանավորին, ՔԿՀ-ն հերքում է» վերտառությամբ հրապարակում, որի համաձայն՝ ««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկել կալանավոր Սերոբ Մխիթարյանին: Պատճառը Մխիթարյանի քաղաքական հայացքներն են»:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ հիշյալ հրապարակման մեջ զետեղված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Հանրության շրջանում ապատեղեկատվության տարածումը կանխելու նպատակով forrights.am կայքի ներկայացուցչին առաջարկվել է այցելել քրեակատարողական հիմնարկ, կազմակերպել դատապարտյալի անձնական ընդունելություն և տեղում ծանոթանալ նախապատրաստվող հրապարակման մեջ արծարծվող թեմաներին, սակայն հիշյալ պայմանավորվածությունից հաշված րոպեներ անց Ձեր կայքում զետեղվել է խնդրո առարկա հրապարակումը, ինչը վկայում է նյութի հեղինակի/ների սուբյեկտիվ և այլ նպատակներ հետապնդելու  շահագրգռվածության առկայության և ճշմարտությունը բացահայտելու ցանկության բացակայության մասին։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը մեկ անգամ ևս վերահաստատում է, որ համակարգի ծառայողները (աշխատակիցները) քաղաքական գործընթացներում ներգրավվելու իրավունք չունեն և փաստացի ներգրավված չեն, Քրեակատարողական ծառայությունն ապաքաղաքական մարմին է և շարունակելու է այդպիսին մնալ։

Նկատի ունենալով, որ forrights.am կայքի ներկայացուցիչները փաստացի խուսափել են ընդունել դատապարտյալին, լսել պետական մարմնի ներկայացուցիչների փաստարկները և համակցության մեջ գնահատել փաստերը, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում հանրությանն իրազեկել ինչպես համացանցային բաց աղբյուրներում առկա, այնպես էլ քրեակատարողական համակարգում Սերոբ Մխիթարյանի վերաբերյալ կազմված որոշ փաստաթղթերի տվյալների մասին։

Սերոբ Մխիթարյանը (ծնված 1992թ., նախկինում մի քանի անգամ դատված) իր վերաբերյալ քննվող քրեական գործերի, ինչպես նաև անազատության մեջ պահվելու ընթացքում բազմիցս դրսևորել է շանտաժային-դեմոնստրատիվ վարքագիծ՝ նման եղանակով փորձելով ներազդել իրավիճակի վրա և հասնել սեփական շահերի համար առավել բարենպաստ պայմանների։

Այդ մասին են վկայում նրա վերաբերյալ տարբեր դատական ատյաններում քննված քրեական գործերը.

1) Թիվ ԵԷԴ/0039/01/10 քրեական գործով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.08.2010թ. դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2–րդ մասի 2–րդ և 3–րդ կետերով և դատապարտվել ազատազրկման 2 տարի ժամկետով:

Գործի դատաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքում նախ իրեն լիովին մեղավոր է ճանաչել, սակայն մեղադրողի մեղադրական ճառը լսելով՝ հանդես է եկել հայտարարությամբ, թե մեղադրանքն ընդունել և իրեն մեղավոր է ճանաչել նախաքննական մարմնի և ոստիկանության աշխատակիցների ճնշման ու ծեծի ներքո: Սերոբ Մխիթարյանը դատարանին խնդրել է իրեն արդարացնել՝ սպառնալով ինքնավնասում կատարել։ Նախագահող դատավորին սպառնացել է նաև՝ «հանկարծ չշփոթվես»՝ իր նկատմամբ հնարավոր մեղադրական դատական ակտ կայացնելու համար։

Հիշյալ քրեական գործով նշանակված ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ պարզվել է, որ Սերոբ Մխիթարյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել և չի տառապում, նրա մոտ հայտնաբերվել է «Անձնային գծերի հիստերիկ տիպի շեշտվածություն»:

2) Թիվ ԵԷԴ/0167/01/10 քրեական գործով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.09.2011թ. դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել ազատազրկման, սակայն ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011թ. «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման հիման վրա ազատվել է նշանակված պատժից։

3) Թիվ 0037/01/2012թ. քրեական գործով ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 31.05.2012թ.դատավճռով մեղավոր է ճանաչվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4–րդ մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով և դատապարտվել ազատազրկման 6 տարի ժամկետով։

4) Թիվ ԵԷԴ/0028/01/14 քրեական գործով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 14.05.2014թ. որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավված և դեպքից հետո հոգեկան հիվանդությամբ ձեռք բերած Սերոբ Մխիթարյանի նկատմամբ կիրառել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց, այն է` հարկադիր բուժում հատուկ տիպի հոգեբուժական հիվանդանոցում: Նրան ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել ՀՀ ԱՆ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ՝ հարկադիր բուժումն իրականացնելու համար:

Հիշյալ քրեական գործով հաստատվել է, որ թիվ ԵԷԴ/0165/01/12 քրեական գործով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 23.10.2013թ. կայացած դատական նիստի հետաձգումից հետո Սերոբ Մխիթարյանը դատարանի դահլիճից տեղափոխվել է դատարանի շենքի առաջին հարկում գտնվող կալանավորված անձանց ժամանակավոր պահման վայր, որտեղ օգտվելով այն հանգամանքից, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներն իր հետ նույն խցում պահվող մեկ այլ կալանավորին տեղափոխել են դատական նիստերի դահլիճ, նախապես պլանավորելով փախուստը, ժամը 15։00–ի սահմաններում խաբեությամբ իր խուց է կանչել իր նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3–րդ վաշտի 1–ին դասակի ոստիկանին և վերջինիս կողմից խուց մտնելուց հետո նրա առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, այն է՝ հարվածելով ոստիկանին, հպել է պատին և դատարանի շենքից դիմել փախուստի:

Փորձագետի՝ 06.08.2010թ. եզրակացությամբ պարզվել է, որ Սերոբ Մխիթարյանը խրոնիկական հոգեկան որևէ հիվանդությամբ չի տառապել և չի տառապում, ինչպես նաև չի գտնվել ժամանակավոր հոգեկան խանգարման վիճակում։ Նրա մոտ առկա է «Դիսոցիացված (կոնվերսիոն) խանգարում, չափավոր արտահայտված»: Վերջինիս բնորոշ են դյուրագրգիռությունը, հուզական անկայունությունը, ինտելեկտի միջինից ցածր մակարդակը։ Սերոբ Մխիթարյանը հակված է տալ սոցիալապես ընդունելի պատասխաններ, նրա մոտ չի բացահայտվել երևակայության բարձր մակարդակ: Հակասական տեղեկություններ տալու հանգամանքն առավելապես պայմանավորված է իրավիճակով:

Փորձագետի՝ 21.03.2012թ. եզրակացությամբ պարզվել է, որ Սերոբ Մխիթարյանը տառապել և ներկայումս տառապում է «Անձի հիսթերիկ տիպի խանգարում» հոգեկան հիվանդությամբ, խիստ արտահայտված ագրավացիայի էլեմենտներով:

Փորձագետի՝ 17.05.2013թ. եզրակացությամբ պարզվել է, որ Սերոբ Մխիթարյանի մոտ առկա է «Անձի հիստերիկ խանգարում ցուցադրական վարքագծով»:

Փորձագետի՝ 10.12.2013թ. եզրակացությամբ պարզվել է, որ Սերոբ Մխիթարյանը նախկինում տառապել է «Անձի հիստերիկ տիպի խանգարում» հոգեկան խանգարմամբ։ Հիվանդությունն ուղեկցվում է վարքային խանգարումներով։ «Անձի հիստերիկ խանգարում»-ը հաճախակի ուղեկցվում է դիսսոցիատիվ (կոնվերսիոն) խանգարումներով, ինչը և պարբերաբար նկատվել է փորձաքննվողի մոտ։ Ներկայումս Սերոբ Մխիթարյանի մոտ հայտնաբերվել է «Անձի հիստերիկ խանգարում փսիխոտիկ վիճակ, Հանզերի համախտանիշի ձևով», ինչն իրենից ներկայացնում է հոգեկան գործունեության ժամանակավոր հիվանդագին խանգարում։

5) Թիվ ԵԷԴ/0165/01/12 քրեական գործով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.11.2014թ. դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման 6 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 6–րդ կետի համաձայն՝ նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 31.05.2012թ. դատավճռով նշանակված պատժի չկրած մասից 2 տարի ժամկետով ազատազրկումը և վերջնական պատիժ նշանակվել ազատազրկում 8 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։

Սերոբ Մխիթարյանը խոստովանել է կատարած հանցանքները, սակայն հետագայում դարձյալ հրաժարվել է խոստովանական բացատրություններից՝ պատճառաբանելով, թե դրանք պայմանավորված են եղել ԼՂՀ–ի Շուշիի բանտի պայմանների պատճառով ՀՀ տեղափոխվելու իր ցանկությամբ։ Շուշիի բանտի աշխատակիցները կալանավորների հետ շատ վատ են վերաբերվել և Երևան տեղափոխվելու համար իրեն առաջարկել են խոստովանել մի քանի հանցագործությունների դեպքեր, ինքն ստիպված գրել է նրանց ասածով:

Քրեական գործով նշանակված ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ պարզվել է, որ Սերոբ Մխիթարյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել և չի տառապում, նրա մոտ հայտնաբերվել է «Անձի հիստերիկ խանգարում ռեմիսիայի փուլում»:

6) Թիվ ՇԴ2/0041/01/17 քրեական գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 16.08.2019թ. դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի   333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և նույն հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 3 տարի 9 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոններով մասնակի գումարվել է Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանի 07.11.2014թ. դատավճռով նշանակված ազատազրկման ձևով չկրած պատժից 3 ամիս ազատազրկումը և վերջնական պատիժ նշանակվել ազատազրկում 4 տարի ժամկետով:

Սերոբ Մխիթարյանը դատապարտվել է այն բանի համար, որ նա 07.09.2017թ. ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով հաղորդմամբ իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն՝ Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազին մեղադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Մասնավորապես՝ Սերոբ Մխիթարյանը 04.09.2017թ. և 06.09.2017թ. կատարել է ինքնավնասումներ, որոնց վերաբերյալ նույն քրեակատարողական հիմնարկում նախապատրաստվել են նյութեր։ Նյութերի նախապատրաստման ընթացքում՝ 07.09.2017թ., ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿ հիմնարկում, Սերոբ Մխիթարյանը՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունները կեղծ են, տվել է հանցագործության մասին իրականությանը չհամապատասխանող հաղորդում՝ հայտնելով, որ ինքնավնասումները կատարել է այն պատճառով, որ Շիրակի մարզի դատախազության դատախազ Գուրգեն Գրիգորյանի մոտ ընդունելության ժամանակ վերջինս իրեն տվել է հայհոյանքներ, ապա գրպանից հանելով ավտոմեքենայի բանալի և դանակ՝ սպառնացել է դրանցով վնասել իրեն։

Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Սերոբ Մխիթարյանը հայտնել է, որ այդպիսի բովանդակությամբ հաղորդում է տվել, քանի որ դատախազ Գուրգեն Գրիգորյանի ցուցումով մեկ այլ քրեական գործի շրջանակներում իր նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով քրեական գործ է հարուցվել, նաև` վերջինս իրեն չի տեղափոխել այլ ՔԿ հիմնարկ։

Բացի այդ` Սերոբ Մխիթարյանը, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելու հանգամանքի մասին, առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով զուգորդված սուտ մատնություն է կատարել՝ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պատասախանատու հերթապահ Աշոտ Մալոյանին և օպերատիվ բաժնի պետ Արման Սարգսյանին հանիրավի մեղադրելով հանցագործության կատարման մեջ: Մասնավորապես՝ Սերոբ Մխիթարյանը 14.08. 2017թ. հաղորդում է տվել այն մասին, որ իբր 27.05.2017թ. ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, նույն ՔԿՀ-ի պատասախանատու հերթապահ Աշոտ Մալոյանը և օպերատիվ բաժնի պետ Արման Սարգսյանը, նախատելով ինքնավնասումներ կատարելու համար, ապտակել են իրեն, բռունցքներով հարվածներ են հասցրել գլխին, մեջքին և մարմնի այլ մասերին՝ պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ, այնուհետև պահանջել են խոստովանություն կատարել չբացահայտված որևէ հանցագործության վերաբերյալ կամ հայտնել որևէ անձի կողմից հանցագործության կատարման մասին՝ խոստանալով այդ դեպքում իրեն էտապավորել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ: Արդյունքում ինքը խոստովանել է իր կողմից չկատարված գողություն և հայտնել է այլ անձի կողմից հանցագործություն կատարելու մասին, սակայն իրեն ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ չեն տեղափոխել:

Քրեական գործով նշանակված ամբուլատոր դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ Սերոբ Մխիթարյանը նախկինում և ներկայում չի տառապել և չի տառապում խրոնիկ հոգեկան հիվանդությամբ, այլ նրա մոտ առկա է անձի խանգարման մի տարատեսակ, որը համարվում է անձի հիստերիկ խանգարում, որին բնորոշ է հույզերի արտահայտման չափազանցվածությունը, ավելի կարևոր երևալու և համընդհանուր ուշադրության կենտրոնում լինելու, իր հանդեպ հետաքրքրություն առաջացնելու ձգտումը, հույզերի մակերեսայնությունը, եսակենտրոնությունը, ցուցադրականությունը, իր ցանկությունները բավարարելու համար մանիպուլյատիվ վարքը, իր մասին մեծամասամբ հորինված կամ էլ շատ ուռճացված պատմությունների նկարագրությունը, նպատակային ձևով ստախոսությունը, երևակայական մտածողությունը, ինքնավնասումները սովորաբար կրում են ցուցադրական բնույթ և հանդիսանում են բողոքի ռեակցիա:

7) Թիվ ԵԴ/0860/01/18 քրեական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 19.06.2020թ. դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի   319-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 3 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կարգով՝ հանցանքների համակցությամբ, նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 16.08.2019թ. թիվ ԵՇԴ2/0041/01/17 դատավճռով նշանակված վերջնական պատժից 3 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկումը և վերջնական պատիժ նշանակվել ազատազրկում 4 տարի 6 ամիս ժամկետով:

Սերոբ Մխիթարյանը դատապարտվել է այն բանի համար, որ նա ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բնականոն գործունեությունը դիտավորությամբ խոչընդոտելու նպատակով 2018թ. հուլիսի 25-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, իրեն պատժախուց տեղափոխելու պատրվակով կանչել է անվտանգության ապահովման բաժնի աշխատակցին և վերջինիս կողմից պատժախցի կերակրադռնակը բացելու ժամանակ քննությամբ չպարզված առարկայով հարվածել է նրա կրծոսկրին՝ պատճառելով կրծոսկրի կոթի պրոյեկցիայով ճանկռվածքի ձևով մարմնական վնասվածք:

8) Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ԵԴ/0650/01/20 քրեական գործով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով, 319-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նույն հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 2018թ. նոյեմբերից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում խոչընդոտել է կալանավորվածներին պահելու վայրի բնականոն գործունեությունը, առողջության համար ոչ վտանգավոր և վտանգավոր բռնություն է գործադրել քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների նկատմամբ, ինչպես նաև բացահայտ հափշտակել է քրեակատարողական հիմնարկի աշխատակցի՝ զգալի չափերով ոսկյա շղթան:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի՝ 25.06.2020թ. թիվ 455 որոշմամբ Սերոբ Մխիթարյանը պահվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կիսափակ ուղղիչ հիմնարկում։

Դատապարտյալ Սերոբ Մխիթարյանը հաշվառված է որպես ինքնավնասման և փախուստի հակում ունեցող, ինչպես նաև որպես ագրեսիվ և կոնֆլիկտային անձ:

2018 թվականից մինչ օրս 57 դեպքով դիմել է ինքնավնասման (2018թ.՝ 28 դեպք, 2019թ.՝ 20 դեպք, 2020-2021թթ.՝ 9 դեպք)։

2020-2021թթ. ընթացքում պատիժը կրելու սահմանված կարգը խախտելու համար Սերոբ Մխիթարյանը 4 անգամ ենթարկվել է տույժի, այդ թվում՝

  1. 03.08.2020թ. խցի մահճակալը կոտրելու և դռանը հարվածելու համար կիրառվել է նկատողություն տույժի միջոցը:
  2. 04.08.2020թ. դատապարտյալի հետ վիճաբանելու համար կիրառվել է խիստ նկատողություն տույժի միջոցը:
  3. 02.04.2021թ. աղմկելու և մասնաշենքի բնականոն աշխատանքը խանգարելու համար կիրառվել է նկատողություն տույժի միջոցը:
  4. 12.04.2021թ. ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու համար կիրառվել է խիստ նկատողություն տույժի միջոցը:

Սկսած 2021թ. փետրվարից Սերոբ Մխիթարյանի մոտ նկատվել է ագրեսիվության և կոնֆլիկտայնության դրսևորումների որոշակի  աճ, այն է՝

  • 21.02.2021թ.՝ ժամը 19:40-ին, մեկանգամյա օգտագործման սափրիչի սայրով ձախ ձեռքի նախաբազկի շրջանում կատարել է ինքնավնասում: Պատճառը չի նշել:
  • 23.04.2021թ.՝ ժամը 19:25-ին, հայտարարել է, թե կուլ է տվել կենցաղային ասեղներ։ Պատճառը չի նշել:
  • 19.05.2021թ. հայտարարել է հացադուլ՝ պատճառաբանելով, որ համաձայն չէ իր նկատմամբ կայացված դատավճռին:
  • 22.05.2021թ. գանգատվել է ճնշման տատանումից և ստամոքսի արյունահոսությունից, ժամը 20:30-ին տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ հետազոտվելուց հետո՝ ժամը 21:40-ին, վերադարձվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկ:
  • 27.05.2021թ.՝ ժամը 01:30-ին, մեկանգամյա օգտագործման սափրիչի սայրով ձախ ձեռքի նախաբազկի շրջանում կատարել է ինքնավնասում՝ իրեն քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով։
  • 27.05.2021թ.՝ ժամը 23:25-ին, երբ Սերոբ Մխիթարյանի համար հերթական անգամ կանչվել է շտապօգնության բրիգադ, և վերջինիս կողմից դատապարտյալին ցույց է տրվել բուժօգնություն, դրանից հետո Սերոբ Մխիթարյանը պահանջել է իրեն տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, ինչը բժիշկների կողմից մերժվել է անհրաժեշտության բացակայության պատճառով։ Պատասխանից վրդովված՝ Սերոբ Մխիթարյանը դրսևորել է ագրեսիվ վարքագիծ և  ապտակել է շտապօգնության բրիգադի բժշկին: Բացի այդ՝ սուր կտրող գործիքով կատարել է ինքնավնասում՝ ձախ նախաբազկի միջային մակերեսի վրա առաջացնելով քերծած-կտրած հորիզոնական վերքեր՝ առավելագույնը մաշկի մակարդակով։
  • 31.05.2021թ. հայտարարել է, թե կուլ է տվել ասեղ (ըստ նրա բանավոր խոսքի՝ ասեղներ), սակայն հրաժարվել է ենթարկվել ռենտգեն հետազոտության։

Սերոբ Մխիթարյանը ներկայումս գտնվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» բժշկական ստորաբաժանման բուժանձնակազմի հսկողության տակ, սուր վիրաբուժական պաթոլոգիա չի արձանագրվել։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը հորդորում է forrights.am կայքին այսուհետ զերծ մնալ քրեակատարողական ծառայողներին (աշխատակիցներին) իրականությանը չհամապատասխանող գործողություններ վերագրելու արատավոր գործելաոճից։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը նաև հավաստիացնում է, որ օրենքի շրջանակներում մշտապես գործել է թափանցիկ՝ հարգելով տեղեկատվություն ստանալու անձանց և լրատվամիջոցների իրավունքները, հետայսու ևս նպաստելու է օրենսդրությամբ սահմանված կարգով հետաքրքրող տեղեկությունները հանրությանը տեղեկացնելուն և մատչելի դարձնելուն։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք forrights.am կայքում հրապարակել սույն պարզաբանումը։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին