Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի մուտքերը վերահսկվում են իրավապահների կողմից, գյուղի տարածք մուտք գործել ոչ բոլորին է հաջողվում: Գյուղի մուտքի մոտ հսկողություն է իրականացվում իրավապահների կողմից: Այս մասին Forrights.am-ի հետ զրույցում ասաց Կութի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը:

«Մեր գյուղ չեք կարող գալ, ոստիկանությունը չի թողնում: Ինձել էին զանգել ասել, որ չեն թողնում, բայց ես էլ չգիտեմ, թե ինչու չեն թողնում: Ես չեմ կարող ասել, վայենի գաղտնիք է», Forrights.am-ին փոխանցեց վարչական ղեկավարը:

Նման արգելափակում, ըստ էության,  սահմանվել է այն բանից հետո, երբ մայիսի  27-ի վաղ առավոտյան հայ-ադրբեջանական սահմանի Կութ գյուղի սահմանային հատվածից թշնամին գերեվարեց  6 հայ պայմանագրային զինծառայողների։  Արդեն մեկ շաբաթ է, բայց Ադրբեջանը չի պատրաստվում հետ վերադարձնել Հայաստանի սուվերեն տարածքից առեւանգած հայ զինծառայողներին:

Սիմա Չիտչյանն ասում է, որ թեեւ գյուղում սովորական վիճակ է, ըստ նրա, ոչ մի փոփոխություն չկա, «վերջին երեք օրերը համեմատաբար հանդարտ է»:

Կութ գյուղում չի թույլատրվում լրագրողներին տեսանկարահանում իրականացնել, լրագրողների մուտքն արգեված է, վարչական շրջանի ղեկավարն ասում է, որ ինքն էլ է նման բողոքներ ստացել, որ սահմանափակումներ կան,  բայց որոշումն ինքը չի կայացրել ու ոչինչ չի կարող անել:  Սիմա Չիտչյանից հետաքրքրվեցինք՝ մուտքը միայն լրատվամիջոցների ներկայացուցիչների համար է փա՞կ, թե՞ բոլոր քաղաքացիների, հարցրեցինք՝ եթե համայնքի բնակիչներից մեկը որպես հյուր գա Կութ, կթողնե՞ն, թե՞ ոչ:

«Այսօրվա օրով ոչ մի բարեկամ էլ չի գալիս, էս դրության պայմաններում: Զանգեք վերադասներին, թող իրենք ասեն, թե ինչու չեն թողնում»,- ասաց նա:

Գյուղում շարունակում են ապրել իրենց առօրյայով: Սիմա Չիտչյանն ասում է՝ թշնամու զորքերը գյուղից հեռու են, սակայն, նրանց զինտեխնիկայի շարժը նկատվում է:

«Թշնամին չորս-հինգ տեղ կանգնած է: Մեզնից տարբեր հեռավորության վրա են գտնվում՝ 5, 6, 7, 8 կմ հեռու են գտնվում, տարբեր տեղեր են, նայած, թե որտեղ են կանգնած: Անզեն աչքով չեն երեւում, բայց հեռադիտակով տեսնում ենք: Իրենց տեխնիկաները, բայց երեւում է՝ ուրալը, վիլիսը….»,- ասաց նա:

Կութ գյուղի վարչական տարածք մուտքի սահմանափակումն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը նշեց, որ ԱԱԾ-ն Կութում նման գործառույթ չի իրականացնում: «Այնտեղ նման գործառույթ այս պահին չենք իրականացնում, ես տեղեկություններ չունեմ»,- ասաց Հակոբյանը:

Իսկ ահա ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանն անուղղակի հաստատեց տեղեկությունները, որ սահմանամերձ Կութ գյուղի մուտքերում հսկողություն իրականացնելու լուրերը: «Ոստիկանությունը տարբեր վայրերում ոստիկանությունն ունի անցակետեր»,- ասաց Արա Ֆիդանյանը:

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest