Մայիսի 18-ից անհետ կորած, ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանից ընտանիքը լուր չունի արդեն շուրջ 20 օր։ Նախորդ շաբաթ, դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա, հայտնաբերվել է տղայի հեռախոսը։ Մայիսի 13-ից որդու հետ կապի դուրս չեկած մայրը՝ Լիլիթը, նշում է՝ Նորիկի սոցկայքերը շարունակում են ակտիվ լինել․

«Երեխես երկու հեռախոս ուներ, մեկը՝ Iphone, մյուսը՝ սովորական կնոպկայով։ Չնայած, «Այֆոն»-ն են գտել, բայց Նորիկն ամեն օր էլ «Ֆեյսբուք» ա մտնում, կարա ժամերով օնլայն լինի, բայց մեր ոչ մի գրածին պատասխան չկա։ Ստացվում ա, որ կամ ուրիշ սարքից ա սայթ մտնում կամ էլ այլ մարդ ա իրա էջը նայում։ Երկու տարբերակը պարզելն էլ շատ հեշտ ա, կարող են դրանով տեղորոշել տղուս գտնվելու վայրը, բայց չեն անում, որոնողական աշխատանքեր իրականացվում են, բայց՝ արդյունք չեն տալիս։ Երեխես 20 օր ա չկա, հո հավի ճուտ չի՞, որ կորի գնա»,- Forrights-ի հետ զրույցում իր վրդովմունքն է հայտնում մայրը։

Լիլիթը քիչ առաջ է վերադարձել Վարդենիսի զորամասից, նրան այնտեղ կրկին հարցաքննության էին հրավիրել, չնայած որևէ նորություն հայտնել չի կարողացել։ Մայրը դեռ որդու անհետացման օրն է հայտնել, որ Նորիկի հետ վերջին անգամ խոսել է մայիսի 13-ին,

«Խոսակցության ժամանակ Նորիկի հետ ամեն ինչ լավ էր, ծառայության կամ հրամանատարության հետ կապված որևէ բողոք չուներ։ Ասեց՝ մա՛մ ջան, ամեն ինչ նորմալ ա, ես լավ եմ։ Երեխես անգամ չասեց, որ կյանքում առաջին անգամ դիրքեր պետք ա բարձրանա»,- պատմում է զինծառայողի մայրը։

Զորամասից որդու կորելու մասին ընտանիքին չեն հայտնել․ վատ բան կանխազգալով՝ մայրն ինքն է Նոյեմբերյանի Կողբ գյուղից հասել Վարդենիս, որտեղ կրկին լռել են, Նորիկի փախուստի լուրը մայրը ներքին կարգով է իմացել․

«Գնացինք զորամաս, իրա կոմբատն ասեց՝ Ձեր երեխեն չկա, փախուստի մեջ ա։ Ասում եմ՝ ինչի՞ բա ինձ ոչ մի բան չեք ասել, թե բա՝ 72 ժամ իրավունք չունենք լուրը հայտնելու։ Ոնց էլի, ո՞նց կարող են մորը չասել, որ իրա երեխեն չկա, կորել ա․․․Ասում են՝ Ձեզ ինչը՞ դրդեց այստեղ գալու, ասեցի՝ իմ սիրտը, իմ երեխեն էսքան ժամանակ չէր եղել, որ չզանգեր»։

18-ամյա Նորիկը բանակ է զորակոչվել երեք ամիս առաջ՝ առողջական խնդիրներով՝ 15 տոկոս ողնաշարի թեքություն ունենալով՝ ծառայել է սահմանափակումով՝ պիտանի ոչ շարքային ծառայության։ Մայրը նեղսրտում է՝ տղան առողջական այդ վիճակով ուղղակի չէր կարող դիրքեր բարձրանալ, Նորիկին ինքն է խնդրել է որոշ ժամանակ տրամադրել, սակայն հրամանատարը ստիպելով տարել է դիրքեր․

«Ես կոմբատին ասում եմ՝ էդ ամեն ինչն իմանալով, որ երեխես ինչ-որ խնդիր ունի, ինչի՞ եք բարձրացրել դիրքեր, ասում ա՝ մեզ գլխաքանակ էր պետք։ Դե որ իրեն գլխաքանակ էր պետք, թող նույն քանակով էլ իջեցներ ներքև, բա ո՞ւր մնաց երեխես։ Զորամասում պատմեցին, որ տղաս չէր կարողանում բարձրանալ դիրքեր, լավ չէր զգում, երկու օր միայնակ մնացել ա ժայռերի մեջ՝ քնապարկում․․․Ես զգում եմ՝ փախուստի պատճառը բոլոր ներսի մարդիկ էլ գիտեն, զորամասում ինչքան հարց եմ տալիս, տարբեր պատասխաններ եմ լսում։ Ինչ եղել ա, իրենց մեջ ա եղել»,- հուզված ասում է Լիլիթը։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Պաշտպանության նախարարությունը տեղեկություն տարածեց, որ մայիսի 18-ին Ռազմական ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մկրտչյանը ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը և ընդգրկված է զորամասն ինքնակամ թողած զինծառայողների ցուցակներում: Փաստի առթիվ ՊՆ ՌՈ Վարդենիսի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest