Նյութեր են նախապատրաստվում՝ Միհրան Պողոսյանի կողմից կեղծ տեղեկանք ներկայացնելու առնչությամբ

73
Միհրան Պողոսյան

Նյութեր են նախապատրաստվում՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի կողմից կեղծ տեղեկանք ներկայացնելու առնչությամբ. լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

Պաշտոնական տվյալներով՝ պետությանը շուրջ 1,5 միլիոն դոլարի վնաս հասցրած և շուրջ 2 տարի հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանն ընտրություններին կմասնակցի «Պատիվ ունեմ» դաշինքով՝ ցուցակի 11-րդ տեղում է, ԿԸՀ-ն արդեն գրանցել է նրան որպես պատգամավորի թեկնածու։

Որպեսզի ԴԱՀԿ նախկին պետը ոստիկանությունից ստանար վերջին 4 տարում ՀՀ քաղաքացի համարվելու և վերջին 4 տարում Հայաստանում բնակվելու մասին անհրաժեշտ տեղեկանք, տարիներ առաջ Պանամայի օֆշորային սկանդալի կիզակետում հայտնված Պողոսյանի լիազոր ներկայացուցիչը ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է տարել դիմում, ըստ որի նախկին պաշտոնյան որոշ ժամանակ սովորել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանում։ Ոստիկանությունը մերժել է դիմումը, հիմնավորելով, որ տեղեկանքում նշված ժամանակահատվածը չի բավարարել, որպեսզի վերջինիս տրամադրվի վերջին 4 տարում ՀՀ-ում բնակվելու մասին տեղեկանք։ Մեկ օր անց նոր տեղեկանք է ներկայացվել՝ կրկին Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանից, որով հավաստվել է, որ Պողոսյանը նույն համալսարանում նաև նախապատրաստական կուրսեր է անցել։ Երկրորդ դիմումի պատասխանը դեռ չստացած՝ Պողոսյանի ներկայացուցիչը դիմել է դատարան, հայցը բավարարվել է։

«Դատարանը պարտավորեցրել էր անձնագերերի և վիզաների վարչությանը տրամադրելու տեղեկանք, իսկ դատարանի կայացրած որոշումը վարչությունը չէր կարող չկատարել: Ներկայումս այդ փաստով, ինչպես նշեցի, ստուգումներ են իրականացվում և նախապատրաստում են նյութեր, ընդամենը երկու օր առաջվա դեպք է», — ասաց Ֆիդանյանը: