Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Կութ համայնք է այցելել։ Նշենք, որ Կութ գյուղի սահմանային հատվածում են այսօր առավոտյան գերեվարվել վեց զինծառայողները։

Բնակիչների հետ հանդիպելով՝ նա ասաց․ «Առաջինը, մեզ պետք է այս իրավիճակում համախմբվել։ Ինչո՞ւ, որովհետև ամեն անգամ, երբ Ադրբեջանը տեսնում է, որ ունի շանս մեզ իրար դեմ հանելու, ավելի է ոգևորվում ու ակտիվանում։ Մենք պետք է հստակ ցույց տանք, որ անկախ նրանից, թե ներսում ինչ տարաձայնություններ կան, իրենց գործողություններին մեր առաջին արձագանքը լինելու է համախմբումը»։

Փաշինյանը նշեց, որ երկրորդ՝ շատ կարևոր է սթափություն պահպանել։ «Այս իրավիճակում պարզ է, որ շատ նյարդային է իրավիճակը, շատ հուզական է, պետք է մենք մեր սթափությունը չկորցնենք։ Եթե սթափությունը և հավասարակշռությունը կորցնենք, դա մեզ կխանգարի իրավիճակը ճիշտ գնահատել և ճիշտ որոշումներ կայացնել։ Հաջորդ ամենակարևոր խնդիրը՝ տեղեկատվությունների մեջ թացը չորից կարողանալ տարբերել, չգնալ ամեն տեղեկատվական հնարքի, տեղեկատվական պատերազմի զոհ չդառնալ։ Հանկարծ խնդրում եմ որևէ մեկի մտքով չանցնի, թե էսօրվա կառավարությունը ինչ-որ ստվերային, մութ գործարքների մեջ է, դավադրությունների մեջ է, այդպիսի բան լինել ի բնե չի կարող։ Հաջորդ ամենակարևոր բանը՝ մեր հաստատակամությունը պետք է չկորցնենք։ Հստակ պետք է կանգնենք մեր ինքնիշխանության, մեր անկախության, քաղաքացիության դիրքերում»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ ոչ մի նոր բան չկա, տեղի է ունենում այն, որ մեզնից ուզում են խլել մեր ինքնիշխանությունը, մեր պետությունը, մեզնից ուզում են խլել մեր հայրենիքը։

«Այսօրվա իրավիճակը հստակ է, որ Ադրբեջանը խախտել է ՀՀ պետական սահմանը։ Այստեղ որևէ այլ տեսակետ, կարծիք լինել չի կարող։ Եվ այստեղ զիջման մասին խոսք լինել չի կարող, որովհետև եթե մենք մեր սահմանը զիջենք, դա նրանց ավելի է ոգևորելու։ Մենք ասում ենք հստակ՝ միջազգային իրավունքի համաձայն՝ սա մեր սուվերեն տարածքն է, և Ադրբեջանի զինված ուժերը միանշանակ պետք է մեր տարածքից դուրս գան։ Այստեղ է, որ մեր հաստատակամությունը պետք է ցույց տանք, բայց մյուս կողմից չպետք է թույլ տանք, որ իրադրությունը վերահսկողությունից դուրս գա։ Եվ մենք այսօր առաջինը դիվանագիտական եղանակներով պետք է այս օրակարգն առաջ մղենք և հստակ միջազգային պահանջ դնենք։

Այսօր ԱՄՆ-ն ընդունում է, որ սա մեր տարածքն է, և Ադրբեջանը պետք է դուրս գա, Ֆրանսիան ընդունում է, որ սա մեր տարածքն է, և Ադրբեջանը պետք է դուրս գա, Հնդկաստանը, այլ երկրներ։ Եվրամիության խորհրդարանն ընդունեց բանաձև, որտեղ այս փաստը հստակ արձանագրեց։ Ռուսաստանի Դաշնությունը հստակ ընդունում է, որ սա մեր տարածքն է։ Եվ մենք պետք է մեր հետևողական, հաստատակամ, ոչ նյարդային քայլերով հասնենք այս տարածքից նրանց դուրս գալուն»,- նշեց Փաշինյանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest