Պատերազմում զոհված 24-ամյա Հարություն Կարապետյանը  երեք պատերազմի մասնակից է եղել: Հարությունը Թալիշում մեկ տարված ծառայող է եղել, երբ  2016 թվականի ապրիլի 1-2-ին Ադրբեջանը լայնածավալ դիվերսիոն հարձակում սկսեց: «Հարութը պատրաստվում էր ծնունդը նշել, երբ սկսվել է ապրիլյան պատերազմը… Նա կարողացել է իր զինակից երեք ընկերների հետ կանխել դիվերսիան»,- հիշում է մայրը՝ տիկին Նարինեն:

Ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո քառօրյա պատերազմի մասնակից Հարությունը որոշում է անցնել պայմանագրային ծառայության: Մայրն ասում է, որ քառօրյա պատերազմից հետո տղան առողջական լուրջ խնդիրներ է ձեռք բերել՝ «կանտուզիա», բայց ծառայության անցնելու որշումը չի փոխել: «Մենք համաձայն չէինք, բայց նա ընտրեց այդ ճանապարհը»,- նշում է մայրը:

Հարություն Կարապետյանը ծառայության է անցել Տավուշի մարզում:  Նա մասնակից է եղել 2020 թվականի հուլիսյան դեպքերին: Հայկական կողմը հուլիսյան մարտերի ժամանակ չորս զոհ ունեցավ: Թշնամու դիվերսիոն գործողությունները կանխելուց հետո՝ սեպտեմբերին, Հարությունը վերադարձել է Գյումրի, սակայն, մայրը նշում է, որ տուն գալուց հինգ օր անց սկսվել է 44-օրյա պատերազմը: Հարությունը սեպտեմբերի 27-ին՝ վաղ առավոտյան, արթնացրել է տանիցներին եւ ասել, որ գնում է պատերազմ:

«Չար պատերազմը նորից հետ կանչեց, բայց ինքը հերոսական տանից դուրս եկավ…  Սեպտեմբերի 27-ին՝ առավոտ շուտ, եկավ մեզ արթնացրեց, ասաց՝ պատերազմ է, գնում եմ»,- պատմում է մայը:

Հարությունը զոհվել է հոկտեմբերի 10-ին՝ Ադրբեջանի հետ ձեռք բերված մարդասիրական հրադադարի պայմանավորվածությունից ժամեր անց: Հրադադարն այդպես էլ կյանքի չէր կոչվել: Մայրն ասում է, որ առավոտյան՝ ժամը 8:30-ին է վերջին անգամ տղայի հետ խոսել, արդեն ժամը 12-ից պետք է հրադադարը լիներ, բայց մոր հետ խոսելուց ժամեր անց Հարությունը զոհվել է:

«Հարութս հաց սարքելիս է  եղել, ԱԹՍ-ի արկի հարվածից զոհվել է: Պատրաստվում էին, որ պետք է հաց ուտեին: Բժիշկ է եղել իրենց մոտ, տեսել է, որ արտաքինից բան չի եղել, ինչ եղել է թոքերի հետ կապված է եղել: Վերջին անգամ հոկտեմբերի  10-ի առավոտյան եմ հետը խոսել, ասաց՝ մամ գիտես, որ հրադադար է, ամեն ինչ լավ է լինելու, չլացես, միայն աղոթի բոլոր զինվորների համար: Ընկերներն ասել են՝ հրադադար լինի մեզ հնարավոր է տուն կուղարկեն, բայց Հարութն ասել է՝ ես Հայկին մենակ չեմ թողնի: Հայկը քրոջս տղան է, իրենց հրամանատարը: Հոկտեմբերի 12-ին ենք իմացել, որ զոհվել է, բայց գիշերը գիտեինք, որ հրադադարը չի պահպանվել»,- ասաց մայրը:

Հարությունն ընտանիքի հետ բնակվում էր Գյումրիում: Տունը գտնվում է Գյումրու սկզբնամասում՝ Երեւանյան փողոցի խորքերում: Ծնողները ցանկանում են տան մոտակայքում Հարությունի հիշատակն անմահացնող խաչքար տեղադրել, սակայն, հարեւանությամբ գտնվում է Գյումրու թիվ 45 դպրոցը, ծնողներն ասում են, որ տնօրենը թույլ չի տալիս իրենց նախընտրած վայրում դնել խաչքարը՝ առաջարկելով այլ տարածք:

«Ես ուզում եմ իմ տանից դուրս գամ եւ էրեխու համար դրված խաչքարը տեսնեմ: Ախր իմ Հարութը իր կյանքը տվել է էս հողի համար, հիմա երեք քռակուսի մետրն ինչ է, որ չեն թողնում խաչքարը դնենք: Այդ խաչքարը մեր կյանքում բան չի փոխի, էլի մենք կմնանք մեր վշտի հետ, բայց էլի որոշ հանգստացնող բան է…»,- նշում է մայրը:

Հարությունն ընտանիքի չորրորդ զավական էր, պատրաստվում էր ամուսնանալ:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest