Երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ, Ոստիկանության հատուկ ջոկատայինները դաժան ծեծի են ենթարկել «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ, Շուշիի մարտերում հինգ տեղից վիրավորված Եղիշե Բոցինյանին։ Նրան սալջարդներով և կապտուկներով տեղափոխել են հիվանդանոց․

«Գիտությունների ազգային ակադեմիայի մոտ կանգնած էինք, երբ սկսեցին ժողովրդին հրելով ու ծեծելով ցրել։ Ջղայնացած դիմեցի կարմիր բերետավորներին, ասեցի՝ տղե՛րք, ամոթ չե՞ք անում, բարձրացեք սահման, իրական բոքսը հիմա էնտեղ ա գնում, գնացեք թուրքին բոքսեք։ Սկսեցին ինձ քաշքշել, ծեծելով բերեցին հասցրին ԱԺ-ում կանգնած իրենց մեքենայի մոտ, մեշոկի նման շպրտեցին մեջն ու սկսեցին ավելի ուժեղ հարվածել։ Շնչահեղձ էի լինում, էդ հարվածներից ուշաթափվեցի»,- Forrights-ի հետ զրույցում պատմում է 32-ամյա Եղիշեն։

Ոստիկանությունն անձամբ է զանգում Շտապ օգնություն, որտեղից տղային տեղափոխում են Հանրապետական հիվանդանոց։ Գիշերը 02։00-ի սահմաններում Եղիշեին այցելում են ոստիկանությունից, որտեղ համապատասխան արձանագրություն կազմելուց հետո՝ հեռանում։

Դատաբժիշկն արձանագրում է կողքաճաղերի սալջարդ, վզի և գլխի հատվածում հարվածների հետքեր։

Միջադեպի վերաբերյալ այս նյութեր են նախապատրաստվում Արաբկիրի բաժնում։ Ինչպես Forrights-ին տեղեկացրին Ոստիկանությունից, նշանակվել է նաև ծառայողական քննություն։

Եղիշեի համար երեկվա դեպքը կրկնակի ցավ է․ նա Ստեփանակերտից է, Երևան է եկել բուժում ստանալու նպատակով։ Պատերազմի հենց հաջորդ օրը կամավոր մեկնել է մարտական գործողությունների, հասցրել է լինել Եղնիկների, Հաթերքի, Սղնախի և Քարինտակի դիրքերում։ Շուշիի մոտ վիրավորվել է կրծքավանդակից, աջ կողմի ոսկորները, թիակը, ուսը կոտրվածեն, թոքը՝ կտրված․

«Հրազենային վիրավորմամբ տարվել եմ Ստեփանակերտի դիահերձարան, գիտեին՝ մահացել եմ, հետո ուշքի եմ եկել ու տեղափոխվել հոսպիտալ։ Երևան էի եկել բուժվելու, բայց էդ վիճակում յոթ ոստիկան մեռնելու աստիճան ծեծում ա ինձ»,- վրդովված ասում է Եղիշեն։

Նշենք, որ դեռևս նոյեմբերի 21-ին Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն էր տարածել, որ արդյունավետ հետախուզություն իրականացնելու, թշնամական 1 տանկ, 1 ՀՄՄ-3 և 1 զրահափոխադրիչ ոչնչացնելու գործողության ընթացքում աչքի է ընկել պահեստազորային Եղիշե Սամվելի Բոցինյանը և ևս հինգ պահեստազորայիններ։

Հերոսի խոսքով՝ երեկ ինքը Բաղրամյան պողոտայում էր, որ չթողներ ստորագրել հայտնի դարձած փաստաթուղթը

«Ինչի՞ մեր տղաները զոհվեցին, որ եսիմ ով հողերը հանձնի՞, ես հիմա ի՞նչ երեսով գնամ տղերքի շիրիմին․․․»։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest