Պատերազմում զոհված ԱԱԾ սահմանապահի կինը որոշել է ծառայության անցնել ԱԱԾ զորքերում. «Կանայք պետք է մտածեն մեր հողի պաշտպանության մասին»

163

Արցախյան 2-րդ պատերազմում զոհված ԱԱԾ սահմանապահ Արտակ Ժամակոչյանի կինը՝ Հեղինե Մանուկյանը, որոշել է թողնել լրագրությունը եւ շարունակել ամուսնու գործը: Նա շուտով ծառայության է անցնելու ԱԱԾ սահմանապահ զորքերում:

«Ցանկությունս շատ մեծ է շարունակել Արտակի կիսատ թողած գործը: Մեր տղաները շատ են պակասել, կանայք պետք է մտածեն մեր հողի պաշտպանության մասին»,- forrights-ի հետ զրույցում ասում է Հեղինե Մաուկյանը:

Հեղինեն եւ Արտակը երեք տարի սովորել են նույն դասարանում: Միմյանց կողք են նստել, բայց երեք տարի անց Արտակը տեղափոխվել է Գյումրի, իսկ Հեղինեի հետ պատահական հանդիպել են միայն ուսանողական տարիների 4-րդ կուրսում:

Արտակ Ժամկոչյանի կինը՝ Հեղինե Մանուկյանը

Արտակը 20 տարեկանից՝ բանակից վերադառնալուց հետո, ծառայության է անցել Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում:

«Արտակի համար հայերնիքին ծառայութունն ամեն ինչից վեր էր: Իր համազգեստն իր ամենամեծ հպարտությունն էր, երբ հագնում էր համազգեստը իրեն ամենաբարձրն ու ամենապատվարժանն էր համարում, այդպես էլ մենք էինք իր գործին վերաբերվում»,- ասում է կինը եւ նշում, որ Արտակը ջոկի հրամանատարն էր, պատերազմի երկրորդ օրը իր ջոկի հետ մեկնել է մարտի դաշտ: Եղել է Հորադիզում եւ մարտերի է մասնակցել Ջեբրայիլում:  

«Առաջին օրը ուրախ ձայնով ասում էր՝ սպասում եմ, որ ես էլ գնամ: Սեպտեմբերի 28-ին զանգեց եւ ասաց, որ գնում է: Իր ձայնի մեջ ուրախություն կար, ասում էր՝ մեր սերնդին էլ է բաժին ընկնում մի ժամանակահատված, որ մասնակից ենք լինում այս հողի պաշտպանությանը»,- պատմում է կինը:

Արտակ Ժամակոչյանը 23 օր մասնակցել է մարտական գործողություններին, պատերազմի 24-րդ օրն է զոհվել՝ հոկտեմբերի 19-ին: Կինն ասում է, որ Արտակը երկու անգամ վիրավորում է ստացել, ունեցել է բժշկի գրավոր ցուցում, որ չպետք է գտնվի խարամատում, սակայն, այդ թուղթը գրպանում գնացել է խրամատ՝ ընկերներին միայնակ չթողնելու համար:

«Չէր կարող իր կռիվը կիսատ թողնել: Երկրորդ անգամ իջել է դիրքերից, բայց հետո բոլորի հետ միասն կրկին բարձրացել է, եթե այդ որոշումը չկայացներ՝ դեպքից ընդամենը երկու օր առաջ, ինքը երեւի տուն կվերադառնար: Արտակը ջոկի հրամանատար էր, չէր կարող բախտի քմահաճույքին թողնել իր զինվորներին:  Այդ օրերին զանգահարում էր եւ ասում, որ ամեն ինչ լավ է: Վերջին օրերին սկսեց երեխայից չհարցնել, դա ինձ համար կասկածելի էր, բայց ասում է, որ մեր մոտ հանգիստ է, դա ինձ հույս էր ներշնչում, բայց ես գիտեի թե ինչ ցավի մեջ են: Այդ 23 օրվա մեջ ամեն օր ընկեր էին կորցնում»,- ասում է Հեղինեն եւ նշում, որ ամուսնու հետ վերջին անգամ խոսել է զոհվելուց մեկ օր առաջ:

«Շատ կցկտուր  ձայնով էր խոսում, չեմ հասկացել, թե ինչ էր ասում: Երկու բառ ասեց ու անջատեց…ասաց՝ լավ եմ, կզանգեմ: Այստեղից սկսվեց իմ անհանգստությունը, սկսեցի ինչ-որ բան զգալ: Արդեն ամիս 20-ին իմացանք զոհվելու մասին»:

Հեղինեն բարեգործական կազմակերպություններից մեկում է աշխատում: Հոկտեմբերի 20-ին զբաղված է եղել Արցախից տեղահանված ընտանիքներին սնունդ բաժանելով, երբ գործընկերներից մեկին զանգահարել եւ հայտնել են Արտակի զոհվելու լուրը:

«Այդ զանգից հետո սիրտս սկսեց արագ աշխատել, նստեցի գետնին: Գործընկերոջս անընդհատ հարցնում էի՝ ո՞վ է զանգահրողը, պատասխան չկար…արդեն սկսեցի կասկածել: Նստեցինք մեքենան, որ շարժվենք հաջորդ ընտանիքն, ընկերներիցս մեկը ձեռքը դրեց ուսիս եւ ասաց, որ պետք է Շուշանիկի (Հեղինեի եւ Արտակի 7- ամյա աղջին է,-հեղ.) կողքին լինես: Այդտեղից արդեն ամեն ինչ պարզ էր…»:

Արտակը մարտական ընկերների հետ զոհվել է ԱԹՍ-ի հարվածից:

«Թեժ մարտեր են եղել, հրաման է եղել, որ այդ դիրք տեղափոխվեն: 22 հոգով նստել են զինվորական մեքենան, մի փոքր առաջ են շարժվել եւ ԱԹՍ-ի հարվածից զոհվեն են, 22-ից միայն երեք փրկվեցին, իսկ 19-ը զոհվեցին՝ բոլորը Շիրակի մարզից: … Մեզ Արտակից միայն մասունքներ փոխանցեցին: Ես շնորհակալ եմ այն մարդկանց, որ այդ վտանգի տակ իրենց կյանքը վտանգելով հավաքել ու մեզ են փոխանցել մասունքերը»,- պատմում է Հեղինեն:

Նարեկ Կիրակոսյան