«ԴՆԹ հետազոտության արդյունքները վկայում են, որ իմ որդին պատերազմի ընթացքում զոհվել է, բայց իմ սիրտը զգում է՝ նա չի զոհվել, դեռ գալու է», — ասում է Նարինե Եսայանը՝ ժամկետային զինծառայող Սուրեն Եսայանի մայրը։

Մայրն ասում է՝ այն մարմինը, որն ըստ ԴՆԹ հետազոտության արդյունքների՝ իր որդունն է, 1,5 ամիս անտառում մնալուց հետո, բնականաբար, անճանաչելի էր դարձել։ Մարմինն Արցախից  Երևան են տեղափոխել դեկտեմբերի 22-ին կամ 23-ին։

«Դեկտեմբերի մեկին զանգեցին, ասացին՝ իր փաստաթղթերով մարմին են գտել, ու հավելեցին, որ մենք պիտի սպասենք ԴՆԹ-ի պատասխանին։ 22-23-րդ օրը գնացինք, ասացին՝ այս մարմինը Սուրեն Եսայանի մարմինը չէ։ Ասացին՝ հինգ օր էլ ժամանակ տվե՛ք, նորից հետազոտություն անենք։ Հինգ օր հետո մեզ նորից ասացին՝ համընկնում չկա։ Երրորդ անգամ ինձանից նմուշ ուզեցին․ դա դեկտեմբերի 27-28-ին էր։ Ասացին՝ մոր հետ ընդհանրապես չի համընկնում։ Իսկ հունվարի երեքին ասացին՝ եկե՛ք մարմինը տարեք, համընկնում է։ Այսինքն՝ երեք անգամ բացասական պատասխան տալուց հետո՝ չորրորդ անգամ ասացին՝   ձեր երեխայի մարմինն է, եկե՛ք տարեք», — արցունքներն աչքերին պատմում է տիկին Նարինեն ու հավելում՝ էլ ինչպե՞ս հավատա, որ այս մարմինը Սուրենինն էր։

«Իր ֆիզիկական տվյալներին կարծես թե համապատասխանում էր այդ մարմինը, իր իրերն ու հեռախոսն էին գրպանում։ Բայց, միգուցե, նա իր համազգեստը ուրիշին էր տվել, որ մեկ ուրիշը հագնի։ Սուրենը շատ կոփված էր ու չէր սիրում տաքուկ հագնվել։ Ենթադրում եմ, որ, գուցե, թեժ պատերազմի ընթացքում այդ տաքուկ զինվորական համազգեստը հանել է իր վրայից», — պատմում է Սուրենի մայրն ու տարակուսում․ չգիտի՝ ինչ հասկանալ այս ամենից հետո։

Ժամկետային զինծառայող Սուրեն Եսայանը բանակ էր զորակոչվել 2020 թվականի հուլիսի 23-ին, ծառայել է Ջրականում։  Նա Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների առաջին իսկ օրվանից՝  սեպտեմբերի 27-ից,  եղել է Ջրականում՝ առաջնագծում, իսկ հոկտեմբերի 5-ից իր ծառայակիցների հետ տեղափոխվել է Հադրութ ու այնտեղ համառորեն կռվել թշնամու դեմ մինչև հոկտեմբերի 10-ը՝ այն օրը, երբ Սուրենը հերոսացավ․․․

18-ամյա Սուրենի ծառայակից ընկերները տիկին Նարինեին պատմել են՝ թեև ընդամենը մի քանի ամիս էր, ինչ Սուրենը բանակ էր զորակոչվել և ռազմական գործի մեջ չէր հասցրել թրծվել, բայց, թեժ մարտերի ընթացքում հերոսական կռիվներ է մղել։

Սուրենի քույրը՝ Տաթևիկ Եսայանը պատմում է՝  պատերազմի օրերին Սուրենը երբեմն կարճատև հեռախոսազրույցներ է ունեցել հարազատների հետ և վստահեցրել, թե  ապահով տեղում է, առաջնագծում չէ, անհանգստանալու կարիք չկա, մինչդեռ մոտ երկու ամիս առաջ բանակ զորակոչված  այդ հերոսը առաջնագծում դիպուկահարի՝ իր հմտություններով հայրենի եզերքի պաշտպանության համար կենաց-մահու պայքար էր մղում․․․

«Մեր մտքով անգամ չէր անցնում, որ երկու ամսվա ծառայողին կարող էին առաջնագիծ հանել: Միշտ ասում էր՝ կարևորը՝ դուք լավ լինեք, ես լավ եմ։ Սուրենի հետ վերջին անգամ խոսել ենք հոկտեմբերի 10-ին՝ առավոտյան։ Նա հայրիկիս, մայրիկիս ու քրոջս հետ է խոսել, հուսադրող խոսքեր է ասել, դարձյալ չի խոստովանել, որ մասնակցում է պատերազմական գործողություններին։ Հոկտեմբերի 10-ից հետո այլևս որևէ զանգ չենք ստացել եղբորիցս, հավանաբար հենց այդ օրն է զոհվել, այլապես ինչ գնով էլ լիներ, նա կապ կհաստատեր», — պատմում է Տաթևիկը,-

Այսուհանդերձ, Սուրենի քույրը ևս  չի հավատում կամ չի ուզում հավատալ, որ իր հերոս եղբայրը զոհվել է։ Նրա զինակից ընկերներից որևէ մեկը չի տեսել նրա՝ վիրավորում ստանալու կամ զոհվելու պահը։

«Մեզ չեն ասել՝  Սուրենը որտեղ է զոհվել, ո՛ր օրը, ո՛ր ժամին, ինչ պայմաններում․․․ Միայն գիտենք, որ որովայնի շրջանում է եղել վիրավորումը։ Իր զոհվելու հետ կապված՝ ուրիշ որևէ տեղեկություն չունենք», — մորմոքով պատմում է Սուրենի քույրը։

Սուրենն իր ընտանիքում սպասված զավակ է եղել։ Երեք քույրերից հետո լույս աշխարհ եկած արու զավակն իր ընտանիքի պարծանքն է եղել՝ գերազանցությամբ է սովորել դպրոցում, քոլեջում, համալսարանում․․․Մայրն աղոթքներում Արտծուն խնդրում է՝ եթե կա իր տղան, թո՛ղ Աստված մի նշան ուղարկի, իսկ Սուրենը վերադառնա․․․

«Շատ մայրեր կան, որ ասում են՝ երբ իրենց զավակը զոհվել է, այդ պահին ինչ-որ զգացողություններ են ունեցել։ Ես նման բան չեմ զգացել։ Մի անգամ այդպես աղոթում էի, ասացի՝ եթե Սուրենը կա, թող մի նշան տրվի ինձ, ու Սուրենին նվիրված հուշանկյունում՝ ծաղկամանում իրար կպած ծաղիկներն աղմուկով առանձնացան իրարից։», — պատմում է հերոսի մայրը։

Տիկին Նարինեն ասում է՝ զրուցել է Սուրենի զինակից ընկերների հետ և մի փաստ պարզել՝ եթե Սուրենը հոգատար, հայրենասեր ու հմուտ  հրամանատարներ ունենար, այսօր նրան ու նրա պես բազմաթիվ տղաների այսպես մորմոքով չէին սպասի։

«Հրամանատարները՝ Իշխան Վահանյանն ու Գարիկ Վարդերեսյանը դավաճանել են զինվորներին․ հոկտեմբերի 5-ին տղաներին տարել են Հադրութ՝ իմանալով, որ Հադրութն էլ պիտի հանձնեին՝ դիտավորյալ, միտումնավոր։ Նրանք այդ սարսափի մեջ միայնակ են թողել տղաներին», — ասում է հերոսի մայրը։

Սուրենին արիության մեդալ են շնորհել, բայց ծնողներն այն չեն ընդունել։

«Մեդալը մեր տուն էին բերել։ Սուրենն ամբողջ կյանքում ատել է դավաճանությունը, և նա դավաճանվեց իր հրամանատարի կողմից։ Ես ինչպե՞ս կարող էի այդ մեդալն ընդունել, որը  հանձնվում է այս իշխանության կողմից։ Այդ մեդալը կա, չի անհետանալու։ Մենք այն կընդունենք այն ժամանակ, երբ այն կհանձնվի այնպիսի ղեկավարության օրոք, որը կհարգի, կսիրի մեր ժողովրդին, հայրենիքը,  հայ զինվորին, կգնահատի հայ զինվորի վաստակը ու  երբեք զինվորին միայնակ չի թողնի», — ասում է հերոսածին տիկին Նարինեն։

Նա հնչեցնում է մի հարց, որը, թերևս լսում ենք գրեթե բոլոր հարցազրույցների ընթացքում բոլոր որդեկորույս մայրերի շուրթերից՝ եթե պիտի այս հողերը տային, ինչո՞ւ շուտ չտվեցին, որ այսքան երեխա չզոհվեր։

«Եվ եթե արդեն այդքան երեխա էր զոհվել, տղաներն արյան գնով մեր հողի ամեն սանտիմետրը պահել էին, ինչո՞ւ չկարողացան պահել, ինչո՞ւ մեր հողերը թշնամուն տվեցին։  Ինչպե՞ս կարելի է երկիրն այս վիճակին հասցնել, այդքան երեխայի կյանք զոհել, ապա գլուխ խոնարհել ու ասել՝ կներե՛ք։ Ո՞վ ների, ինչպե՞ս ների։ Թո՛ղ Աստված ների, եթե կարող է ներել», — եզրափակում է հերոսի մայրը։

Հասմիկ Բալեյան 

Pin It on Pinterest