38-ամյա Զոհրաբ Հովհաննիսյանը անցած տարվա հոկտեմբերի 27-ին զինկոմիսարիատից ծանուցագիր ստանալուն պես մեկնել էր առաջնագիծ: Նա զոհվել է Ջաբրայիլում` իր ջոկատի` շրջափակումից դուրս բերումը ապահովելու ժամանակ:

Զոհրաբը Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից էր: Պատերազմի հենց առաջին օրը աշխատանքից շտապ վերադառնալով նստել էր իր ավտոմեքենան ու մեկնել Մասիս, որ Արցախ մեկնող զինվորներին միանա:

«Չէի ուզում, որ գնար: Ասեցի` սպասի, թող լույսը բացվի նոր կգնաս: Ասեց` ի՞նչ լույսը բացվի, սպասեմ թուրքը գա՞,  մեր տուն մտնի՞, նո՞ր գնամ: Գիշերով գնաց, մեքենան կանգնացրեց Մասիսում, զանգեց եղբորը, թե այսինչ տեղում է մեքենան, գնա բեր… Ամեն օր զանգահարում էր, արագ խոսում էինք ու անջատում էի, որովհետեւ վախենում էի… Վերջին անգամ զանգեց, ասեց` ամեն ինչ լավ է լինելու, Նարեկիս լավ կնայես, դուխով, տնեցիքին էլ դուխ տուր… Օրեր շարունակ լուր չունեինք: Լուրեր էին գալիս, թե ողջ են, փախել են անտառներ: Հետո ասում էին, թե վիրավոր են… Ամեն մեկը մի բան էր ասում, անորոշության մեջ էինք: Ամսի 23-ին իրականությունն իմացանք»,- պատմում է Զոհրաբի կինը` Մելինե Ամիրխանյանը:

«Փաստերեն նրանք փրկել են տղերքին: Տղերքը եկան էստեղ ու հենց էդպես էլ ասացին: Ասացին` նրանք փրկեցին մեզ… մինչեւ վերջին րոպեն խփել են, չեն փախել»,- ասում է հայրը` Գառնիկ Հովհաննիսյանը: Նա պատմում է, որ որդու մահվան հանգամանքների հետ կապված հայտնի են որոշ մանրամասներ.

«Նա հրամանատարն էր: Դեռ հենց ամենասկզբում տղաները մնացել էին առանց հրամանատար, ու ջոկատը որդուս իրեն հրամանատար էր ընտրել: Հոկտեմբերի 19-ին մի մայոր է գալիս, զինվորներին ասում է, թե այսքան օր կռվել եք, կարող եք գնալ տուն, հանգստանալ: Երբ զինվորները դուրս են գալիս դիրքերից մոտ երկու հարյուր մետր, նրանց վրա սկսում են կրակել, մարտ է սկսվում, տղաները հայտնվում են շրջափակման մեջ: Զոհրաբը մորաքրոջ որդու հետ մնացել ու կրակել են թշնամու ուղղությամբ, մինչեւ մյուս տղաները կարողացել են դուրս գալ ու փրկվել»:

Մայրը` Կարինե Հովհաննիսյանը ասում է` շատ լավ ու հոգատար որդի է կորցրել. «Մեզ խաբում էին, ասում էին, թե վիրավոր է, կգա: Ես էլ մտածում էի` երանի վիրավոր գա: Ամեն օր գալիս ասում էին, թե տղերքին բերում են, վիրավոր են…12 տարի երազում էր երեխա ունենալու մասին: Ունեցավ երեխան, երազում էր որ պետք է մեծացնի տղային: Բայց հիմա երեխան առանց հայր է մեծանալու»:

2 տարեկան Նարեկը գիտի, որ հայրը հերոս է, սակայն կարծում է, թե նա մեկնել է աշխատանքի եւ շուտով վերադառնալու է: Մելինեն դեռ չի որոշել, թե երբ ու ինչպես պետք է երեխային հայտնի ճշմարտությունը:

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest