Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրության մեջ մայիսի 18-ի առավոտյան դրությամբ, փոփոխություններ չեն արձանագրվել։ Իրադրությունը համեմատաբար հանգիստ է, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կանխում են ՀՀ տարածք մուտք գործած ադրբեջանցի զինվորականների թիկունքային ապահովման փորձերը։ Այս մասին ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում։

ՊՆ-ի փոխանցմամբ՝ թե՛ Սյունիքի, և թե՛ Գեղարքունիքի մարզերի ամբողջ բնագծերով իրադրությունը լիարժեք վերահսկվում է հայկական զինված ուժերի կողմից։ Նախատեսվում է, որ ստեղծված իրադրության լիարժեք հանգուցալուծման շուրջ բանակցությունները կշարունակվեն վաղը, մայիսի 19-ին։

«ՀՀ զինված ուժերը, կարևորելով խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ, պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման, և շեշտում է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ոտնձգությունները բացարձակ անընդունելի են։ Ադրբեջանցի զինվորականները պարտավոր են առանց նախապայմանների լքել Հայաստանի Հանրապետության տարածքը և հետայսու ձեռնպահ մնալ նմանատիպ սադրանքներից»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում:

Pin It on Pinterest