Մարու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարում է՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող գործընթացները գտնվելու են իր անմիջական ուշադրության կենտրոնում. կիրականացվեն ուսումնասիրություններ, բողոքների ու դիմումների քննարկում Պաշտպանի իրավասությանը վերաբերող հարցերով:

Պաշտպանը կոչ է անում քաղաքական բոլոր ուժերին և հանրային գործիչներին ձեռնպահ մնալ հասարակությունը բևեռացնող ու լարվածությունն ավելացնող արարքներից, վիրավորանք կամ ատելություն տարածող բառապաշարից:

«Երկրում տեղի ունեցող յուրաքանչյուր գործընթաց պետք է անվերապահ հիմնված լինի իրավունքի գերակայության վրա: Ցանկացած նախաձեռնության հիմքում պետք է լինի մարդու իրավունքը: Պետության բոլոր մարմինները, այդ մարմինների պաշտոնատար անձինք պետք է նկատի ունենան, որ նրանց ուղիղ պարտավորությունն է իրենց խոսքով ու վարքով բացառել լարվածության տանող ցանկացած երևույթ՝ վիրավորանքն ու ատելությունը, հայհոյանքը, բռնության ուղղակի կամ անուղղակի արդարացումը կամ խրախուսումը: Համերաշխության մթնոլորտի, մարդու իրավունքների ու յուրաքանչյուրի կարծիքի նկատմամբ հարգանքի ապահովման գլխավոր պարտավորությունը պետությանն է», — հայտարարում է Թաթոյանը:

Նրա խոսքով՝ իր աշխատակազմի դիտարկումը ցույց է տալիս, որ արդեն սոցիալական ցանցերում ակտիվացել են նաև տարբեր կողմերի սատարող կեղծ էջեր ու օգտահաշիվներ: Դրանցով արվում են հայհոյանքներ պարունակող, ագրեսիվ, անգամ բռնությունը խրախուսող կամ արդարացվող գրառումներ:

Այս արատավոր երևույթներն ավելացնում են լարվածություն, նշել է Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանն առանցքային է համարում նաև իրավապահ մարմինների արագ արձագանքը իրենց իրավասության տիրույթում հայտնված հարցերին:

Նա նաև նշում է, որ իր անմիջական ուշադրության ներքո են լինելու լրագրողների և դիտորդների իրավունքների հարցերը։

Ըստ այդմ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կգործի աշխատանքային խումբ, որը նախընտրական և հետընտրական փուլերում, ինչպես նաև քվեարկության օրը կգործի արտակարգ ռեժիմով և կիրականացնի անկախ մշտադիտարկում:

Քվեարկությանը օրը Պաշտպանի աշխատակազմի կենտրոնական և մարզային ստորաբաժանումներն աշխատելու են վաղ առավոտից՝ 24 ժամյա ռեժիմով, արագ արձագանք կլինեն Պաշտպանին հասցեագրված բանավոր և գրավոր բողոքներին, ներառյալ՝ թեժ գծին ստացվող ահազանգերին։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest