Ազատամարտիկ Մարտունիկ Հարությունյանը երեք պատերազմների է մասնակցել՝ 90-ականներին՝ Արցախյան գոյամարտին, 2016 թվականին՝ Ապրիլյան պատերազմին և 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմին։ Ազատամարտիկն իր անցած մարտական ուղու շնորհիվ Չաուշ մականունն է ստացել։ Չաուշը  բազմաթիվ շքանշաններ ու մեդալներ ունի, բայց ասում է՝ ամենամեծ գնահատականը ժողովուրդն է տալիս․Ամենաթանկ գնահատականը ժողովրդի սերն է։

Իր ապրած տարիներից Չաուշը 11 տարի նվիրել է հայրենիքի պաշտպանությանը՝ որպես պայմանագրային զինծառայող՝ աշխատել է Վայքի գնդում։ Վերջին պատերազմի օրերին նա թշնամու դեմ թեժ մարտեր է մղել Ջրականում, Վարանդայում, «Մարտունի -2»-ում, Շուշիում․․․

«Երեք պատերազմների ընթացքում էլ կանտուզիա եմ ստացել։ Ապրիլյան պատերազմից հետո առողջական վիճակս վատթարացավ․ երրորդ կարգի զինհաշմանդամություն ստացա, որպես զինվորական՝ այլևս չկարողացա աշխատել։ Բայց դա  ամենևին չի նշանակում, որ չպետք է պատերազմին մասնակցեի։ Եթե հարկ լինի, դարձյալ կմասնակցեմ։ 

Հայրենիքի համար ոչինչ չեմ խնայի», —  ForRights.am-ի հետ զրույցում ասում է Մարտունիկ Հարությունյանը։

Տարիներ առաջ  ազատամարտիկը բանկից վարկ է վերցրել, որպեսզի հայրենի գյուղում տուն գնի։ Նրա գնած տունը 4-րդ կարգի վթարային կարգավիճակ ունի։ Ապրիլյան պատերազմից հետո ծանր վիրավորում ստանալով՝  Չաուշը զինհաշմանդամության կարգ է ստացել ու զրկվել սիրելի աշխատանքից, աշխատավարձից, իսկ վարկերն ու վարկային պարտավորությունները աճել են․․․Առաջիկա օրերին մոտ 1 մլն դրամ, պետք է մարի, սակայն չգիտի՝ ինչպես։ Չաուշը մտահոգ է, որ հանկարծ հետագայում կալանք չդնեն իր տան վրա, իր հարազատ տունը չկորցնի։ Պատերազմից հետո որոշ բարերարներ օգնել են ու վարկի գումարի մի մասը մարել։ Չաուշի ռազմադաշտի ընկերները  նրա կողքին են և լիահույս են, որ կգտնվեն բարի մարդիկ, որոնք ֆինանսապես կօգնեն՝ թույլ չտալով, որ նա զրկվի իր տնից։

Չաուշը Վայոց Ձորի մարզի՝ սահմանամերձ Նոր Ազնաբերդ համայնքում է ապրում։  Չաուշի տան մոտից առանց հեռադիտակի թշնամու դիրքերն ու շարժը նկատելի են։  «Ես որևէ վտանգից չեմ վախեում․ իմ տունը չեմ թողնելու ու չեմ հեռանալո», — ասում է Չաուշը։

Նրա որդին էլ՝ Գոռը զինվորական է, հոր հետ միասին մասնակցել է այս պատերազմին:

Ազատամարտիկը հիշում է՝  44-օրյա պատերազմը սարսափելի էր․ կան պահեր, որոնք դաջվել են հիշողության մեջ և, գուցե, երբեք չեն մաքրվի։

«Ես տեսել եմ՝ ինչպես են իմ ընկերները զոհվում, նրանց մարմինների մասունքներն եմ տեսել։ Շատ դաժան ու սարսափելի բան է հարազատ ընկերոջ մարմնի մասունքները լցնել պլաշչ-պաատկայի մեջ ու կռվի թեժ հատվածից հանել, որպեսզի այդ մասունքները նրանց հարազատներին հասնեն․․․ Ես երբեք վիրավորներին ու մեր տղաների մարմինները չեմ թողել ռազմադաշտում։ Նրանց ընտանիքների առաջ ամենքս պատասխանատու ենք։ Եղբայրս զոհվեց վերջին պատերազմում, բայց ես հուղարկավողմանը չկարողացա մասնակցել․ այդ օրերին՝ հոկտեմկբերի 7-14-ը, ռազմադաշտում էի՝ շրջափաակման մեջ», — պատմում է Չաուշը։

Ասում է՝  եթե չլիներ իր ու իր մարտական ընկերների փորձն ու հրաշքի հավատալու կարողությունը, ապա իրենք չէին փրկվի։

«Երբ Մարտունիում  շրջափակման մեջ էինք հայտնվել, ես ու ընկերներս մտածում էինք մեր կողքին գտնվող երեխեքի մասին։ Լիահույս էին՝ մի հրաշք ու հնար պիտի լինի, որ կարողանանք էդ երեխեքին փրկել։ Եվ հրաշքը եղավ․ մի ելք գտանք ու դուրս եկանք։ Ես բազմաթիվ սպաների ու ազատամարտիկների եմ ճանաչում, որոնք տասնյակ կյանքեր են փրկել, մեր տղաներին հանել են շրջափակումից․ նրանք, իսկապես, հերոսներ են։ Իմ կյանքն էլ ռազմի դաշտում ընկերս է փրկել։ Ցավոք, նա զոհվեց», — պատմում է Չաուշը։

Նա վստահ է, ռազմադաշտում կռվողները պարտություն չեն կրել․ նրանք առյուծի պես էին կռվում։ Պարտություն կրողները ուրիշ մարդիկ են․ ժամանակի ընթացքում ամեն բան կբացահայտվի։

Հասմիկ Բալեյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest