Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ահազանգում է՝ Ադրբեջանը շարունակում է վանդալիզմի իր քաղաքականությունը՝ ոչնչացնելով օկուպացված տարածքներում հայկական գերեզմանները և գերեզմանաքարերը օգտագործելով որպես շինանյութ ճանապարհների կառուցման նպատակով։

Ըստ Արցախի օմբուդսմենի՝ հայկական գերեզմանների ոչնչացումը ևս մեկ անգամ ի ցույց է դնում հայ ժողովրդի, նրա ստեղծած արժեքների և հիշողության նկատմամբ Արդբեջանի ղեկավարության և հասարակության համատարած ատելությունն ու անարգանքը։

«Նրանց այս գործելաոճը մեզ համար նորություն չէ, մենք բազմիցս ականատես ենք եղել Ադրբեջանի վայրագություններին՝ ուղղված Արցախի տարածքում հայ ժողովրդի կյանքի, սեփականության, պատմական արժեքների և հիշողության դեմ։ Ադրբեջանի հանցագործ վարքագծի նպատակը հստակ է․ ոչնչացնել օկուպացված տարածքներում հայության բազմադարյա գոյության մասին վկայող ցանկացած հետք ու ապացույց», — ֆեյսբուքյան իր էջում գրել է Ստեփանյանը։

Ընդգծելով, որ միջազգային մարդասիրական իրավունքի սովորույթային նորմերով սահմանվում է, որ հակամարտող կողմերը պետք է հարգանք ցուցաբերեն իրենց վերահսկողության տակ հայտնված գերեզմանների նկատմամբ, պետք է տարբերակիչ նշաններով առանձնացնեն գերեզմանավայրերն ու ապահովեն դրանց պահպանումը՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը նշում է՝ հայկական գերեզմանների պղծմամբ ու ոչնչացմամբ Ադրբեջանը կոպտորեն խախտում է ոչ միայն սովորույթային իրավունքի նորմերը, այլ նաև անձի արժանապատվության, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը։

Ստեփանյանի խոսքով՝ Ադրբեջանին պետք է ստիպել կատարելու իր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները, և այդ հարցում միջազգային կազմակերպություններն ունեն առաջնային պարտավորություն և առաքելություն։

Ադրբեջանի կողմից իրականացված և իրականացվող հանցագործությունները չպետք է անպատիժ մնան և միջազգային հանրությունը պետք է հստակ գիտակցի սա, եզրափակել է Ստեփանյանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest