Մայիսի 5-ին Բաքվից Երեւան վերադարձան երեք հայ զինծառայող: Նրանցից մեկը  գյումրեցի Սամվելն է: Նա 22 տարեկան է: Սամվելը գերության մեջ էր հայտնվել 2020 թվականի դեկտեմբերին՝ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթղթից հետո, որի 8-րդ կետով նախատեսվում էր գերավարված  անձանց վերադարձ՝ բոլորը բոլորի դիմաց: Սամվելը Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ անհետ կորած շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանման կազմում է եղել:

«Սամվել իրեն լավ է զգում, այնքանով է լավ, որ արդեն Հայաստանում է, իր տանն է»,- forrights-ին ասաց նրա ընտանիքի անդամներից մեկը՝ տիկին Գոհարը, նշելով, որ Սամվելը եւ ընտանիքի մյուս անդամները լրագրողների հետ խոսելու ցանկություն չունեն:

Սամվելը  Շուխյանը ընտանիքի միակ զավան է: Գերության մեջ է եղել շուրջ հինգ ամիս, այս տեղեկությունը բոլոր հարազատներն իմացել են, բայց թաքցրել են Սամվելի մորից: Նա միայն երեկ է իմացել, որ տղան գերության մեջ է եղել, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել:

Սամվելն անցել է պարտադիր զինվորական ծառայությունը: 2020 թվականի նոյեմբերի 27-ին նա ՄՈԲ-ի կազմում է մեկնել էր Արցախ, իսկ դեկտեմբերի 14-ին՝ գերեվարվել:

Գերությունից վերադարձած Սամվելը ընտանիքում ադրբեջանական բանտում անցկացրած օրերից շատ բան չի պատմել: Բարեկամուհին փոխանցեց, որ Սամվելը առողջական խնդիրներ չունի: Նա սպորտով է զբաղվում, կարատեիստ է: Միայն, ըստ բարեկամուհու, քաշի կորուստ է ունեցել:  

Սամվելը տանը պատմել է, որ գալուց միայն 10 րոպե առաջ են տեղեկացրել, որ վերադառնում է Հայաստան: Ընտանիքից պատմեցին, որ ադրբեջանական բանտում նրան ասել են, որ իրեն կարգի բերի, բայց չեն ասել, թե ուր են տանում: Սամվելը մինչև ինքնաթիռ նստելը չի իմացել, որ իրեն ազատում են գերությունից:

Խծաբերդում գերության ընկած շիրակցիներից 54-ը դեռ Ադրբեջանում են: Գերիների հստակ թիվ չկա: Հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանում դեռ շուրջ 200 հայ ռազմագերի ու քաղաքացիական անձ է պահվում անազատության մեջ։

 Երեկ Բաքվից 3 հայ գերիներ վերադարձան Երևան։ Այսպիսով, Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների թիվը հասավ 72-ի, նաև Բեյրութ է վերադարձել մի լիբանանահայ կին։

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest