Աչաջրեցի ուսուցչուհի, դասվար Անահիտ Վարդապետյանը իր հողամասը, այգին վաճառել է, տղայի՝  Գասպարյան Շիրակի համար եկեղեցի է կառուցում: Սրբազանն եկել է, օրհնել: «Փոքր եկեղեցի է՝ մի 20 քառակուսի: Որ խաբար չկար տղայիցս, Սուրբ Հովհաննես եկեղեցին գնացինք, այնտեղ ասեցինք, որ եթե երեխայիս գտնենք, բերում ենք ստեղ, մատաղ անենք, ու եկեղեցի կառուցենք: Չգտնենք՝ էլի ի հիշատակ իրեն եկեղեցի կկառուցենք»:

Դիվանագետ էր, պատմաբան Շիրակը: Բրոշյուրներ ունի, գրվածքներ, անթիվ բանաստեղծություններ:  «Իմ միակ ունեցվածքն էր Շիրակը, կորցրեցի», — կրկնում է Անահիտը:

Շիրակը այն 72 տղաներից էր, որոնց տարան արդեն թշնամուն հանձնած Հադրութ, որոնք շրջափակման մեջ ընկան ու զոհվեցին այնտեղ:

Անահիտն էլ այն մայրերից է, որոնք հոկտեմբերից հունվար՝ մոտ 4 ամիս շարունակ փնտրել է իր անհետ կորած որդուն, հույս փայփայելով, որ ողջ է, կգա:

 «4 ամիս շարունակ «մորգերում» պտտվել եմ: Երբեմն թույլ չէին տալիս մտնեմ: Ստիպված ասում էի՝ տղամաևդ կին եմ, բայց վերջում էլ չէի կարողանում: Ես մթից էլ եմ արդեն վախենում, շրջապատից էլ: Առավոտն էլ ա իմ տեղը գերեզմանում, երեկոն էլ: Մեր տնից երևում է: Էս ի՞նչ արեցին, տարան էդքան երեխային կոտորեցին»:

Բայց ոչ մեկի դեմ բողոք չի արել Անահիտը: Հրամանատարին, որ որդու հետ է եղել, ընդունել է տեղը տեղին: Իհարկե, հարց տվել է, թե ինչպես է ինքը ողջ մնաց, երբ զինվորները զոհվեցին: «Ասաց՝ նռնականետը գցեցին, ես վերև փախա, իրենք ներքև, ընկան շրջափակման մեջ»: Հարցին, թե ինչու տղաներին տարավ թշնամու կողմից գրավված Հադրութ, հրամանատարը պատասխանել է. «Հրաման է եղել»:

Որ որդին զոհվել է, իմացել է հունվարի 10-ին: Քննիչը զանգել, ասել է, որ ԴՆԹ-ի համենըկնում է եղել: «Զանգել ենք սրան-նրան, ասել են՝ շրջափակման մեջ է, կհանենք: Ու չեն հանել: Ընկերներին գերի են տարել: Ինքը զոհվել է: Գլխից մի կրակոցի տեղ է ունեցել, գանգուղեղային կոտրվածք: Ոչ մի ուրիշ վնասվածք չի ունեցել: Մարմինն ամբողջական է եղել», — պատմում է մայրը:

Շիրակի կյանքի վերջին ամիսները ճակատագրական զուգադիպությունների շարան էին: 18 միջազգային բուհերից Շիրակն ընտրել էր Չեխիայի Կառլովի անվան համալսարանը, բայց  կորոնավիրուսի համավարակի պատճառով չկարողացավ վիզա ստանալ:  Հունիսի 29-ին գնաց բանակ: Չեխիայի փոխարեն «քաշեց» Ջաբրայիլ:

Բայց ուսումնական գումարտակ չտարան Շիրակին: «Ինչու»-ի պատասխանը մայրը չունի:

«Իմ կարծիքով, իրեն պետք է «ուչեբկա» տանեին: Բայց իրեն ասեցին՝ տեղերը լրացված են «ուչեբկի»: Միանգամից տարան Ջաբրայիլ: Չնայած տղաս միշտ ասում էր՝ մամ, եթե Ղարաբաղ քաշեմ, չլացես: Ի՞նչ տարբերություն: Նա էլ է իմ հայրենիքը: Ոնց որ մարդուն հարցնեն՝ պապայիդ ես սիրում, թե մամայիդ: Հայաստան, թե Ղարաբաղ, ինձ համար միևնույն ձևի են: Ինքը միշտ ասում էր՝ շտապում եմ, շտապում եմ, ժամանակն իրեն չէր հերիքում»:

Պատերազմը երբ սկսվեց, մի քանի օր հետո զանգել է մորը: «Հոկտեմբերի 6-ի գիշերը զանգեց, ասեց, ամեն ինչ նորմալ ա, մեզ նոր հագուստ են տվել: Վերջին խոսակցությունը ամսի 7-ին է եղել: Քրոջ հետ, մենակ ասում էր՝ «հա» ու «չէ»: 

Անահիտը չի բողոքում, թեև շատ անպատասխան հարցեր ունի: Օրինակ, թե ինչու իր որդուն, որը համալսարանն ավարտելուց հետո քննություն տվեց,  150 հարցից 147-ին լիարժեք պատասխանեց և 18 միջազգային համալսարան ընդունվեց, տարան բանակ: «Ես չգիտեմ, թե ինչու նրան չազատեցին: Դուք լրագրող եք, պատասխանեք ինձ՝ ինչո՞ւ», — ասում է,  ապա համակերպված, թե՝ ճակատագիր էր, նա ինքը ուզեց ծառայել ու գնաց:

Այսօր Անահիտը ապրում է որդու գրքերով, իրեն նվիրված որդու տողերով: Հպարտանում է, որ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղը Շիրակի բանաստեղծությունների ամբողջական ժողովածուն է հրատարակելու, իսկ Առաջնորդարանը’ զոհված պոետի ստեղծագործությունների հատընտիրն է տպում:

«Բա ի՞նչ լրագրող եք, որ չեք կարդացել Շիրակի բանաստեղծությունները»: — հարցնում է, տաքացած: Գտնում եմ համացանցում, կարդում մարգարեական տողեր. «Ուզում ես գրկել,բայց ստվերն է միայն, Ինքն էլ այլևս՝ հեռու, հեռավոր քեզ ու քո վշտին…»։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest