Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահ ընտրվելուց անցել է երեք տարի, բայց նրա քաղաքացիության շուրջ ինտրիգը վերջնականապես չի պարզաբանվել: 2018 թվականից առ այսօր՝ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և իրավապաշտպաններ ահազանգում են այն մասին, որ Արմեն Սարգսյանը, երբ առաջադրվում էր նախագահի պաշտոնում, այդ պահի դրությամբ վերջին վեց տարում չի հանդիսացել միայն ՀՀ քաղաքացի: Հեղափոխությունից առաջ այս խնդիրն օրակարգում պահում էր այն ժամանակ Սերժ Սարգսյանի իշխանության սուր քննադատ Նիկոլ Փաշինյանը:

2018 թվականի ապրիլի 26-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից երեք օր անց, Նիկոլ Փաշինյանը «Մարիոթ» հյուրանոցում Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Սարգսյանն իրեն ցույց է տվել իր՝ միայն ՀՀ քաղաքացի լինելու վերաբերյալ փաստաթղթեր: Ամեն ինչ «լայվերով» ցուցադրելու սիրահար հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, սակայն, որևէ փաստ չէր ներկայացրել, միայն ֆեյսբուքում գրել էր.  «Երեկ երեկոյան հանդիպում եմ ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Քննարկել ենք Հայաստանում ստեղծված վիճակը և լուծման հնարավոր ուղիները։ Հ.Գ. Պարոն Սարգսյանն իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին»:

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից միայն երեք տարի անց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվել է 2012-ի աշնանը: Զոհրաբյանը և ևս հինգ տասնյակ փաստաբաններ գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել՝ պնդելով, որ Սարգսյանը ՀՀ նախագահ է ընտրվել՝ լինելով Միացյալ Թագավորության քաղաքացի: ՀՔԾ-ն հրաժարվել էր այս դիմումի հիման վրա քրգործ հարուցել, սակայն, գլխավոր դատախազության ցուցումով, Հատուկ քննչական ծառայությունն ուսումնասիրում է, թե որքանով է հավաստի, որ Արմեն Սարգսյանը միայն ՀՀ քաղաքացի է՝ 2011-ից սկսած:

Եթե անգամ Արմեն Սարգսյանը քաղաքացիության հետ կապված խնդիրներ ունի,  հետաքրքիր է, որ դա քաղաքական ուժերի կողմից շահարկվում է ըստ նպատակահարմարության: Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցը Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնում էր այն ժամանակահատվածում, երբ պետք էր քննադատել Սերժ Սարգսյանին, իսկ օրվա ընդդիմությունն այս խնդրի մասին հիշել է այն ժամանակահատվածում, երբ Արմեն Սարգսյանը Օնիկ Գասպարյանի և վարչապետի կողմից այլ պաշտոնակությունների առաջարկություններ չվիճարկեց Սահմանադրական դատարանում:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն այս առնչությամբ նշում է, որ հարուցված քրեական գործը լուրջ հարված է նախագահի ինստիտուտին:

«Պետք է սպասենք Արմեն Սարգսյանի պարզաբանումներին, երևույթը չի կարող քաղաքական գնահատականի չարժանանալ, քանի որ այն մեծ վնաս է հասցնում նախագահի ինստիտուտին»,- ասում է Անդրիաս Ղուկասյանը  և շեշտում, որ սա լրջագույն խնդիր է:

Անդրիաս Ղուկասյանը նկատում է, որ այստեղ երկրորդական է այն հարցը, որ տարբեր տարիներին ընդդիմադիրներն այս հարցը շահարկում են ըստ քաղաքական նպատակահարմարության: Քաղաքագետը նշում է, որ կարևոր է այս պարագայում լսել նախագահի և խորհրդարանական ուժերի դիրքորոշումները:

«Եթե որևէ երկրի նախագահի հետ կապված հարուցվում է քրեական գործ, դա լրջագույն քաղաքական նշանակության խնդիր է: Պետք է հասկանալ, թե այսօր որն է իշխող ուժի և մյուս քաղաքական ուժերի գնահատականը,  արդյոք սա հիմք է՝ հասնելու նախագահի հրաժարականին, թե վարկաբեկում են նախագահին: Այս ամբողջն արդեն քննարկումների տիրույթում չէ, քաղաքական շահարկումները պետք է մի կողմ թողնել»,- ասում է նա և շեշտում՝ նրանց լռությունը ոչ լիարժեք ժողովրդավարության արդյունք է:

«Եթե քրեական գործ է հարուցվել, ապա նշանակում է, որ առերևույթ հանցագործության վերաբերյալ հիմքեր կան: Ժողովրդավար պետության մեջ կլինեին նախագահի, իշխող և խորհրդարանական մյուս ուժի արձագանքները: Այս տեղեկությունները լրագրողներին և արտախորհրդարանական ուժերին հասանելի չեն, նրանք պետք է խոսեն: Իրենց լռությունն այս հարցի շուրջ մտածելու տեղիք է տալիս»,- ասաց նա:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, որն այս խնդրի մասին բարձրաձայնում է  2018 թվականից, շարունակում է պնդել, որ Արմեն Սարգսյանի քաղաքացիության հետ կապված խնդիր կա: Նա պնդում է՝ իրավապահ մարմինները պետք է պատշաճ ուսումնասիրեն բոլոր այն փաստաթղթերը, որոնք Արմեն Սարգսյանը ներկայացրել է որպես հիմնավորում:

«ՀՔԾ-ի կողմից քրգործ չհարուցելը, իսկ  Դատախազության կողմից քրգործ հարցուցելը վկայում է այն մասին, որ նախաքննական մարմինները դեռևս օրենքի նորմերի համապատասխան վարքագիծ չունեն: Հայաստանում առաջին դեպքը չէ, որ երկրի ղեկավարը քաղաքացիության հետ կապված խնդիրներ է ունենում: Հիշենք Ռոբերտ Քոչարյանի դեպքը: Հայաստանի պատմության մեջ երկրորդ դեպքն է, երբ պետության բարձր պաշտոնի թեկնածուի հետ կապված փաստաթղթի օրինականության հարց ունենք: Ամեն դեպքում, սա օրինակ է, թե ինչի կարող է հասցնել անպատժելիությունը»,- ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը և շեշտում, որ Քոչարյանի անպատժելիության հետևանքերը բոլորին են տեսանելի:

Նախագահ Արմեն Սարգսյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական Թևան Պողոսյանը կարծում է, որ Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցը շահարկվում է՝ նախընտրական շրջանով պայմանավորված:

«Մենք ապրում ենք շահարկումների դաշտում։ Նոյեմբերի 9-ից քաղաքական դաշտում շահարկումներ կան, ինչն էլ նախընտրական ժամանակահատվածում ավելի է սրվում: Հույս ունեմ, որ քննություն կլինի։ Եթե լինեն դատական գործեր, ապա կլինի նաև որոշում, իսկ մինչ այդ՝ անմեղության կանխավարկածով է պետք առաջնորդվել»,- ասաց նա և նշեց, որ եթե չկա վստահություն պետական մարմինների կողմից տրված փաստաթղթի նկատմամբ, ապա պետք է սպասել քննության ավարտին:

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest