32-ամյա Ալեքսանդր Սարգսյանը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին իմանալով Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների մասին, միանգամից որոշել է՝ պետք է գնա Արցախ՝ հայրենիքը պաշտպանելու։ Ալեքսանդրը երեք զավակ ունի՝ 10-ամյա Արևիկը, 9-ամյա Միլենան և դեռ 2 տարին չբոլորած փոքրիկ Համլետը։

Ալեքսանդրը կռվել է Մարտակերտում, ապա Մատաղիսում։ Հենց Մատաղիսում էլ հոկտեմբերի 1-ին քաջը հերոսացել է։ Ալեքսանդրի դուստրերը՝ Արևիկն ու Միլենան գիտեն՝ իրենց հերոս հայրիկը միշտ իրենց հետ է, երբեք իրենց մենակ չի թողնելու, իսկ երբ փոքրիկ Համլետը մեծանա, նրա քույրերը, մայրիկը և հայրիկին ճանաչողները դեռ կպատմեն հերոս Ալեքսանդրի մասին։

Երեխաներն, իհարկե, եղել են Եռաբլուրում, վերջին հրաժեշտն են տվել իրենց հայրիկին։ Այնուհետև մոտ մեկ ամիս հոգեբանն աշխատել է Ալեքսանդրի աղջիկների հետ, որպեսզի վերջիններս կարողանան հաղթահարել հոգեբանական խնդիրները։

«Ես երեխաներիս բացատրել եմ՝ քաջերը պատերազմ են գնում՝ հայրենիքը պաշտպանելու և, ցավոք, ոչ բոլորն են վերադառնում ռազմադաշտից։ Ասել եմ՝ Աստված պապիկը ձեր հայրիկին արծվի թևեր է տվել, և նա հիմա ճախրում է երկնքում։ Երեխաներին ասել եմ՝ ամեն անգամ, երբ հայրիկը տեսնում է՝ դուք ճնշվում եք կամ տխրում, դրանից նրա թևերը թուլանում են։ Իմ երեխաները գիտեն՝ պետք է ուժեղ լինեն, լավ սովորեն, որ իրենց հայրիկը հզորանա ու շարունակի ճախրել երկնքում ու հսկել իրենց։ Մեծ աղջիկս որոշ բաներ գիտակցում է․․․ Երբ Եռաբլուր ենք գնում, ուզում է մի քիչ շատ մնալ այնտեղ։ Երբեմն էլ հենց ինքն է խնդրում, որ իրեն տանենք Եռաբլուր։ Աղջիկներս ամեն օր հիշում են իրենց հայրիկին, հիշում են՝ իրենց ուր է տարել, ինչ երջանիկ օրեր ենք ունեցել», — պատմում է հերոս Ալեքսանդրի կինը՝ Լիլիթ Սարգսյանը։

Նա ասում է՝ ցավում է, որ փոքրիկ Համլետը չհասցրեց ճանաչել իր քաջ հայրիկին։ Բայց, երբ նա մեծանա, անպայման կիմանա իր հոր անցած հերոսական ուղու մասին։

Լիլիթը պատմում է՝ Ալեքսանդրը հիանալի հայր էր, հոգատար ամուսին։ Հայրենիքն ու հայրենասիրությունը նրա համար ամեն ինչից վեր էին։ Նրա ազատամարտիկ հայրը՝ Համլետ Սարգսյանը, որը հայտնի է նաև Արցախ անունով, զոհվել է 1993 թվականին՝ դարձյալ Մատաղիսում։ Հայր ու որդի Մատաղիսում են հերոսաբար ընկել՝ հանուն հայրենիքի։

Ալեքսանդրը իր ընտանիքի միակ զավակն է եղել։ Նա ընդամենը 5 տարեկան է եղել, երբ իր հայրը զոհվել է, նրա մայրիկն է միայնակ պահել, մեծացրել նրան։ Նա գիտեր՝ ինչ է նշանակում մեծանալ առանց հոր, բայց դա նրան ետ չպահեց․ Արցախը կանչում էր Ալեքսանդրին։

Ալեքսանդրը խաղաղապահ զորքերում է ծառայել ու նախորդ տարիներին երկու անգամ մեկնել Աֆղանստան՝ խախաղասիրական առաքելություն իրականացնելու։
Թեև երեք տարի է, ինչ խաղաղապահ զորքերում չէր ծառայում, բայց միշտ քաջ գիտակցում էր խաղաղության գինը․․․

«Երբ Ալեքսանդրին հուղարկավորեցին, ես մտքումս ասում էի՝ հաղթանակի օրը կգա, ես կգամ, կկանգնեմ քո շիրիմի առաջ ու կասեմ՝ մենք հաղթել ենք։ Քո երազանքն իրականացել է։ Այն հողերը, որոնց համար պայքարում էիր, թշնամուն բաժին չեն հասել, բայց․․․ Բայց, այդ չարաբաստիկ օրը՝ նոյելբերի 9-ը եկավ, ու ես կարդացի այդ անիծված նյութը․ աշխարհը գլխիս փլվեց․․․», — պատմում է հերոսի կինը։

Նա ասում է՝ ամեն անգամ Եռաբլուր գնալիս տեսնում է՝ այդքան չապրած կյանքեր ու խորտակված ճակատագրեր կան․ այդ տղաներն արեցին անհնարինը, բայց այսպես եղավ․․․

«Եթե մեր հողերը թշնամուն բաժին չլիներ, մերը լիներ, այդ փաստը գոնե սրտի հովարանք կլիներ․․․ կյանքն ասես իմաստազրկվել է։ Ամեն առավոտ արթնանում եմ և գիտակցում, որ ամուսինս չկա, ու ապրելս չի գալիս։Այսպես ապրելը հավասար է չապրելուն։ Ես հանուն իմ զավակների եմ ապրում», — պատմում է Լիլիթը։

Նա ամեն օր ուժ է գտնում ապրելու, տոկուն լինելու ու երեխաների առաջ լաց չլինելու համար, որպեսզի նրանք էլ չճնշվեն ու չընկճվեն։ Հերոսի կինն ասում է՝ գիտակցում է՝ թուլանալու իրավունք չունի․ պիտի ուժեղ լինի ու շարունակի իր զավակներին դաստիարակել հայրենասիրական ոգով, որպեսզի նրանք էլ իրենց հերոս հայրիկի պես լավ մարդ դառնան և միշտ անմնացորդ սիրով սիրեն հայրենիքը։


Հասմիկ Բալեյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest