Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթի մասը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել՝ կապված նրա հետ, որ կիրառելի նորմը Սահմանադրությանը չի համապատասխանում և դատարանը պետք է դիմի ՍԴ։ Բողոքում արձանագրել ենք, որ դատարանը կիրառել է Սահմանադրությանը հակասող նորմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դատախազ Գևորգ Բաղդասարյանը։ 

«ՍԴ որոշումն այո, դատարանի համար առաջացնում էր պարտավորություն՝ քրեական հետապնդումը դադարեցնելու, բայց հենց այդ պարտավորությունն առաջացնող նորմերի սահմանադրականության հետ կապված էլ խնդիր ենք տեսել, դրա համար դատարանին խնդրել և միջնորդել էինք, որ դիմի ՍԴ։ ՍԴ-ն 300.1-րդ հոդվածն էր հակասահմանադրական ճանաչել և դատարանը դրա հիման վրա կիրառել էր Քրեական դատավարության օրենսգրքի մի քանի նորմեր, որոնք մեր կարծիքով Սահմանադրության հետ խնդիր ունեն »,- նշեց Բաղդասարյանը՝ հավելելով, որ իրենց բողոքի հիման վրա Վերաքննիչ քրեական դատարանը պետք է կիրառի նաև Քրդատ 35-րդ և 366-րդ հոդվածները, որոնց սահմանադրականության հարցի հետ կապված խնդիր էին տեսնում։

«Այսինքն՝ դա Վերաքննիչ դատարանի կողմից ևս կիրառման ենթակա է, առաջին ատյանի դատարանը կիրառել է նորմ, դրա հիման վրա կայացրել որոշում, մենք այդ որոշումից գոհ չենք, բողոք ենք ներկայացնում, Վերաքննիչ դատարանը ևս մեր բողոքը քննարկելիս այդ նույն նորմերը պետք է կիրառի։ Եթե, օրինակ, անփոփոխ թողնի դատական ակտը, ստացվում է, որ Վերաքննիչ դատարանը ևս կիրառեց այդ նորմերը և համարեց, որ դրանք կիրառելի էին և սահմանադրականության հետ կապված խնդիր չկա »,- նշեց նա։

Ինչ վերաբերում է ՍԴ որոշման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, Բաղդասարյանը նշեց, որ ոչ մի հայտարարություն չի մեկնաբանում, պաշտոնապես հայտարարում է, որ իր գործողությունները որևէ մեկով թելադրված չէ, որևէ մեկի կարծիքով թելադրված չէ, ՍԴ ներկայացված՝ գլխավոր դատախազի կողմից ստորագրված դիմումը և դատարանում բարձրացված մտքերը դատախազության մտքերն են, որևէ մեկը չի կարող որևէ միջամտություն ցույց տալ, չի փորձում նաև միջամտություն ցույց տալ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest