«Ամբողջ գիշեր Աստվածաշունչ եմ կարդացել՝ հոկտեմբերի 10-ին… ասեցի` Աստված, Նարեկս զոհվե՞լ է»

1020

Նարեկ Մանուկյան կարող էր ՀՀ ՊՆ Դիլիջանի զորամասից արդեն զորացրված եւ վերադարձած լինել քաղաքացիական կյանքին, սակայն հոկտեմբերի 11-ին նա զոհվեց Ջրականում`  Ջաբրայիլում:

Նարեկը Գրադի (Խորհրդային արտադրության համազարկային կրակի ռեակտիվ համակարգ- հեղ.) վորորդ էր: «Վարորդական իրավունքներ ստացավ եւ Բանակ մեկնելով դարձավ Գրադի վարորդ: Ծառայում էր Հայաստանում` Դիլիջանում… Հունվարի 9-ին պետք է արդեն տանը լիներ… Հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը զանգեց, ասեց` տանում են: Մենք գիտեինք` կգա օր, որ նրան էլ կտանեն: Երբ պատերազմը սկսվեց, իրանց տարան Տավուշ` Մեհրաբ, էնտեղ էին նրանք բոլորը` արտիլերիան,  ՀՀ Սահմաններն էին պահում», -պատմում է զինվորի մայրը` Թամարա Տատինյանը:

Նարեկը հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության համար մեդալով: Մայրն ասում է` հրամանատարը մեդալը հանձելիս պատմել է Նարեկի սխրանքների մասին.

«Մեքենան, որը վարում էր, 37 տոննա քաշ ունի, շատ մեծ մեքենա է: Իսկ Նարեկը փոքրամարմին էր, իրա բոյը 1.56- էր, իրա բոյը հազիվ էր հասնում պեդալներին… Ինքը իրա փոքր մարմնով շատ լավ վարում էր մեքենան: Երկու օր ու գիշեր քշեց Տավուշի սահմաններից մինչեւ Արցախ: Առանց նահանջելու, առանց կանգնելու, նույնիսկ ասում են, որ մեքենան խնդիր է ունեցել վառելիքի հետ կապված, Նարեկը կարող էր ասել` մեքենան անսարք է, չեմ քշում, բայց ինքը կանգնել է, ամեն ինչ կարգավորել է ու շարունակել է ճանապարհը… Գորիսից 50 կմ մեքենայի լույսերը անջատած է վարել, մութ տեղերով, անծանոթ ճամփաներով, ճանապարհին մի պահ մեքենան առվի մեջ է ընկել, բայց նորից հանել է ու շարունակել ճանապարհը: Նախ գնացել են Հադրութ, մնացել են մեկ օր ու երբ հրաման է եկել, մեկնել են Զաբրայիլ»:

Ողջ մնացած ծառայակիցներից մեկը պատմել է, որ Նարեկը մահացու վիրավորում է ստացել այն պահին, երբ մի քանի ժամ տեւած հրադադարի ժամանակ մեքենայից դուրս եկած է եղել:

«Նարեկի զոհվելուց հետո նրա մեքենան ու ոչ միայն նրա մեքենան, ամբողջ զինտեխնիկան ԱԹՍ-ներով վերացրել են: Ոչ մի տեխնիկա Ջաբրայիլից հետ չի եկել»,- պատմում է մայրը:

Թամարա Տատինյանը հիշում է որդու զոհվելու օրը. «Ոնց որ բոլոր մայրերը պատերազմի օրերին ես էլ Աստվածաշունչ էի կարդում: Ամբողջ գիշեր Աստվածաշունչ եմ կարդացել, հոկտեմբերի տասին… միշտ մենակ էի կարդում, որ ավելի լավ հասկանամ, թե ինչ եմ կարդում: Այդ օրը  ասեցի` Աստված, Նարեկս զոհվե  ՞լ է: Անկախ ինձնից այդ հարցը տվեցի: Այդ պահին պատահական էջ բացեցի Աստվածաշնչի մեջ: Ու այնտեղ գրված էր. «Նա գնաց հանուն իր հողի»: Զղայնացա, փակեցի գիրքը: Ասեցի` էս ի  ՞նչ ես ասում…»:

Նարեկ Մանուկյանը սովորում էր Երեւանի թիվ 191 դպրոցում: 44-օրյա պատերազմի ընթացքում այս դպրոցի շրջանավարտներից զոհվել է 7 հոգի, որոնցից երեքը համադասարանցիներ էին:

Անի Գևորգյան