Օրեր առաջ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ելույթը, մեղմ ասած, վրդովեցրել է անազատության մեջ գտնվող անձանց։ Վարչապետը մասնավորապես հայտարարեց, որ այս պահին ՀՀ բանտերում անմեղ մարդիկ չկան․

«Ես չեմ ասի, որ այսօր բոլոր մեղավորներն են բանտում, բայց ես գիտեմ, որ այսօր անարդար բանտում գտնվող մարդ ՀՀ-ում չկա, և սա մեր ձեռքբերումն է, սա մեր հեղափոխության ձեռքբերումն է, կրկնում եմ՝ չեմ ասում, որ բոլոր մեղավորները բանտում են, բայց բանտում անմեղ մարդ չկա»,- իր ելույթում նշել է վարչապետը։

Մի խումբ դատապարտյալներ, ովքեր տարիներ շարունակ բարձրաձայնում են, որ իրենց նկատմամբ սխալ դատավճիռ, դատական ակտ է կայացվել և մեղսագրվող հանցանքում անմեղ են, զայրացել են գործադիրի նման հայտարարությունից, վարչապետին կոչ անելով «զգույշ լինել արտահայտությունների մեջ»։

Շուրջ 13 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատաարտյալ Վաղարշակ Ավետիսյանը պնդում է՝ կարող է մի քանի տասնյակ քրեական գործերի փաստերով հակադարձել վարչապետին․

«Ինքն իրեն հակասում ա Փաշինյանը․երեք տարի առաջ ասում էր՝ շատ անմեղ մարդիկ կան բանտերում, ովքեր օր առաջ պետք է արդարացվեն, էսօր կանգնում ելույթ ա ունենում, իբր՝ ՔԿՀ-ներում անմեղներ չկա՞ն։ Ես պատրաստվում եմ դիմել ՄԻԵԴ, ու այս հայտարարության ֆոնին սա աբսուրդության վերջին աստիճանը կլինի․ գոնե թող սուս մնա։ Որ կանգնում էսպես վստահ խոսում են, հոգեկանս խախտվում ա․․․ Թող գա, նայի աչքերիս մեջ ու ասի, որ հայաստանյան բանտեում անմեղ մարդիկ չկաn, տեսնեմ կկարողանա՞»,- Forrights-ի հետ զրույցում նշում է Ավետիսյանը։

Դատապարտյալը վկայակոչում է նաև այն դեպքերը, երբ նույն արարք կատարած տարբեր անձանց անհամաչափ պատիժներ են նշանակվում։ Չցանկանալով անուններ տալ, Ավետիսյանը օրինակ է բերում իրեն առաջադրված հոդվածով մեկ ուրիշի դատավարությունը, որտեղ անձիք դատապարտվել են տարբեր պատժաչափերով, սակայն ոչ երբեք ցմահ ազատազրկմամբ․

«Հիմա եկել ենք նրան, որ այսօր ավելի վատ ա, քան նախկինում։ Էն ժամանակ գոնե գիտեինք՝ ստաբիլ վատ ա, հիմա գնում ենք՝ չգիտենք ուր։ Եթե նման ամպագոռգոռ հայտարարություն ես անում, ուրեմն ուզում ես ասել՝ մենք իդեալական դատարան ունենք,»,- վրդովված ասում է Վաղարշակը, նշելով, որ սա ասում է մի շարք դատապարտյալների անունից, ովքեր ցանկանում են անանուն մնալ։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը զրույցի հենց սկզբում անդրադարձավ անանուն մնալ ցանկացող անձանց։ Նա շեշտում է՝ միայն այն փաստը, որ դատապարտյալներն իրենց անունները չեն ցանկանում հրապարակել, արդեն իսկ խոսում է այն մասին, որ համակարգում մեծագույն խնդիր ունենք։

«Իշխանությունը շատ երկար ժամանակ է, ինչ հստակ քայլերով գնում է նախորդների ճանապարհով նրանք կտրվում են իրականությունից։ Այսօր վարչապետին այդքան էլ չեն հետաքրքրում այն մարդիկ, ովքեր բանտերում գտնվել են նախորդ հանցավոր ռեժիմի օրոք՝ անօրինական որոշումների կամ դատական ակտերի  արդյունքում, իսկ այնտեղ իրոք կան անմեղ մարդիկ։ ՔԿՀ-ներում դեռ շատ են անձիք, ովքեր անարդարացիորեն են պահվում և նրանց գործերում վերանայման հնարավորություն ուղղակիորեն չկան, այն պարզ պատճառով, որ վերջնական դատական ակտ ստանալուց հետո, գործով անցնող ապացույցները ոչնչացված են։ Այս ամենը հստակորեն գիտի վարչապետը, սակայն այս պարագայում նման հայտարարություններն անելը երևի իրեն ավելի ձեռնտու է»,- նշում է Կարապետյանցը։

«Սոցիալական արդարություն» ՀԿ ղեկավար Արշակ Գասպարյանը վարչապետի մտքի հետ համեմատության է ներկայացնում նախորդ տարի ԱՄՆ-ում հրապարկված զեկույցը, որտեղ հեղինալը հղում անելով տարբեր իրավապաշտպանների և ՀԿ-ների նշում է, որ ոստիկանական համակարգում դեռևս կան խոշտանգման եղանակով ցուցմունք կորզելու դեպքեր, ինչի արդյունքում խոշտանգվածը ստիպված իր վրա է վերցնում այն հանցագործությունները, որոնց հետ ուղղակիորեն որևէ կապ չի ունեցել․

«Վստահ հայտարարել, որ բանտերում անմեղ մարդիկ չկան, սա գործադիրի ասելիք չէ, այլ քաղաքական հայտարարություն, որը պետք է հետևանքներ ունենա։ Չէ՞ որ դու չգիտես բոլորին, չես կարող ուղղակի հայտարարել՝ այս կամ այն մարդն անմեղ է, թե՞ ոչ։ Սա շատ հապճեպ հայտարարություն է, ուղիղ խոստովանական ցուցմունք այն մասին, որ տեղյակ է բոլոր դառական գործերից, ինչը բավականին վտանգավոր երևույթ է»,- Forrights-ի հետ զրույցում նշում է փորձագետը և հավելում՝ միայն ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանին ուղված տասնյակ հազարավոր եվրոները խոսում են այն մասին, որ ազատազրկման վայրերում ունենք, ունեցել ենք մարդիկ, ովքեր խախտումներով են գտնվում կամ ուղղակի չպետք է գտնվեին այնտեղ։

Վարչապետի ելույթից սրտնեղած դատապարտյալներն այսօր էլ վերհիշում են Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հետ հանդիպումը, երբ ցմահ ազատազրված անձանցից մեկը հարց ուղղեց նախարարին, թե հավատում է արդյոք, որ կալանավայրերում կան անմեղ դատապարտյալներ: Նախարարը պատասխանել էր՝ այո՛․․․

«Բա ո՞ւր մնացին բոլոր այդ անմեղ դատապարտները, պարոն Փաշինյան, երբևէ Ձեզ այդ հարցն ուղղե՞լ եք»։

Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest