ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ընտրական գործընթացների օրինականության բարձրացմանը նպաստող օրենքի նախագիծը: 

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը, ընդունվեց միաձայն` 77 «կողմ» ձայնով:

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել բոլոր այն դեպքերի համար, երբ ընտրական գործընթացի խոչընդոտման արդյունքում տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվում: Նախագծով առաջարկվում է նախընտրական քարոզչության խոչընդոտման, տեղամասային կենտրոնում կամ տեղամասի մուտքի մոտ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար ևս նախատեսել քրեական պատասխանատվություն:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով առաջարկվում է վարչական տույժ նախատեսել քվեարկության նախորդ օրը և բուն քվեարկության օրը քարոզչություն կատարելու, քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձի կողմից քարոզչություն կատարելու դեպքերի համար:

«Նախագծերի ընդունումը կնպաստի ընտրական գործընթացների օրինականության բարձրացմանը: Նոր կարգավորումների շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող ընտրությունները կդառնան ավելի ազատ, արդար և մրցակցային»,- ասված է օրենքի նախագծում:

Օրենսդրական փաթեթի հեղինակ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագծից հանվել է հոդվածը, որով առաջարկվում է ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարակելու համար ևս սահմանել քրեական պատասխանատվություն, երբ այդ գործողությունը կատարվել է շահադիտական նպատակներով, մի խումբ անձանց կողմից կամ կազմակերպված խմբի կողմից:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest