Եվրամիությունը հայտարարությամբ է հանդես եկել «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին հակամարտության» հետևանքով գերեվարվածների վերաբերյալ՝ կոչ անելով ապահովել «մնացյալ ռազմագերիների և ձերբակալված անձանց վերադարձը՝ անկախ նրանց կալանավորման հանգամանքներից»։

Երեկ Նախարարների կոմիտեի ընդունած հայտարարությունում Եվրոպական միությունը ողջունում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունից հետո «տեղում հրադադարի ամրապնդումը և որոշ դրական արդյունքներ, որոնք ձեռք են բերվել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին են մարդկային աճյունների հայրենադարձումը և հակամարտության հետևանքով խստորեն տուժած բնակչությանը մարդասիրական օգնության ցուցաբերումը»։

Այնուհանդերձ, Եվրամիությունը վերահաստատում է, որ անհրաժեշտ է ավելացնել ջանքերը երկու երկրների միջև վստահություն կառուցելու և կայուն խաղաղության ուղղությամբ առաջընթացի համար․ — «Դա ներառում է թշնամական և վիրավորական հռետորությունից զերծ մնալը, մնացյալ ռազմագերիների և ձերբակալված անձանց վերադարձը՝ անկախ նրանց կալանավորման հանգամանքներից, և նաև այլ կարևոր հարցերում համագործակցությունը, ինչպիսին է ականազերծումը»։

Այս համատեքստում Եվրամիությունը, որին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ծանուցել է իր կիրառած միջանկյալ միջոցների մասին, շեշտում է, որ Մարդու իրավունքների կոնվենցիային միացած երկրները պարտավոր են ենթարկվել միջանկյալ միջոցների վերաբերյալ Դատարանի պահանջներին, և կոչ է անում Ադրբեջանին ներկայացնել Դատարանի պահանջած տեղեկատվությունն ամբողջությամբ։

Pin It on Pinterest