Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Վերջինս նամակում նշում է, որ անհրաժեշտ է ապահովել միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների պաշտպանների շարունակական, ազատ և անկաշկանդ մուտքը երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններ, որտեղ բնակվում են հակամարտությունից տուժածները, ոչ միայն արդյունավետ օգնություն և վերականգնում ապահովելու, այլև հակամարտության զոհերի ընտանիքների իրավունքները պաշտպանելու համար։ «Սա պետք է լինի հաշտեցմանն ու վերականգնմանն ուղղված պետական քաղաքականության հիմքում»,- գրված է նամակում: Եվրախորհրդի հանձնակատարի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, Միյատովիչը մտահոգություն է հայտնել վերջերս Բաքվում «Ռազմավարի պուրակի» բացման կապակցությամբ։ «Այս համատեքստում, ցավով եմ տեղեկանում, որ վերջերս բացեցիք Բաքվի «Ռազմական ավարի պուրակը», որը ապրիլի 14-ից բաց է հասարակության համար և այնտեղ կարող են այցելել բոլորը, այդ թվում նաև՝ փոքր երեխաներ: Տեղեկացվում է, որ այս զբոսայգում ցուցադրված են պատերազմի ժամանակ որպես ավար վերցված հայկական ռազմական տեխնիկան: Հանրությանը հասանելի լուսանկարներում ես նկատեցի, որ դրանք ցուցադրում են անմարդկային տեսարաններ, ներառյալ մոմե մանեկեններ, որոնք պատկերում են զոհված և մահացող հայ զինվորների: Նման պատկերները ես համարում եմ մեծապես անհանգստացնող և նվաստացուցիչ: Այս տեսակ ցուցադրումը կարող է միայն ավելի սրել  երկարամյա թշնամական տրամադրություններն ու ատելության խոսքը և բազմապատկել ու խթանել անհանդուրժողականության դրսևորումները: Ավելին՝ նման զարգացումները էապես խոչընդոտում են հակամարտության հետևանքով տուժած համայնքների միջև իրական հաշտեցման հնարավորություն։ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովը (ՌԱԵՀ) վերջերս արված հայտարարության մեջ հիշեցրել է, որ առճակատումների և չկարգավորված հակամարտությունների շրջանակներում «մի շարք երկրների զեկույցներում  նախազգուշացվել է թշնամական պատմությունների զարգացման վտանգներից և իրենց հուզող հատուկ խմբերին` որպես «թշնամիներ» ներկայացնելուց, առավել ևս, երբ դա իրականացվում է քաղաքական կամ այլ հասարակական դիսկուրսներում»,- ասված է նամակում:

Pin It on Pinterest