Մահակի և հակագազի միջոցով ինքնախոստովանական ցուցմունք կորզելու գործով դատական քննությունը գրեթե մեկ տարի է՝ ձգձգվում է։ Թեև քրեական գործի վարույթն ավարտվել է նախորդ տարվա մայիս ամսին, սակայն առաջին և միակ նիստը տեղի է ունեցել սեպտեմբերին։

«Խոշտանգման գործը պետք է արագ և արդյունավետ քննվի, մենք այս 11 ամիսների ընթացքում պետք է արդեն իսկ ունենայինք դատավճիռ։ Գործը մեծ ծավալի չէ․ ապացույց տեսանյութն առկա է, ցուցմունքներ կան, մեղադրյալները՝ ևս։ Դատարանը պետք է պարզապես այդ երկու անձի ցուցմունքը լսեր և դատական ակտ կայացներ, գրեթե մեկ տարի սպասում ենք արդարադատության։ Ինձ համար անհասկանալի է դատավորի պահվածքը, մենք կասկածներ ունենք, որ Գրիգորյանը կամ խուսափում է արդարադատությունից կամ պարզապես անաչառ չէ»,- Forrights-ին ասում է տուժողի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը: Նա այս հիմքով ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատարան։

Տուժող կողմը, ով 13 տարի սպասել է արդարադատութան իրականացմանը, այսօր հիասթափված է գործի քննությունից։ Խոշտանգված Արմեն Մարտիրոսյանի հարազատի՝ Մերի Գրիգորյանի խոսքով՝ Մարտիրոսյանն իրենց ոչինչ չէր պատմել դեպքի մասին, այլ միայն կնոջն ասել՝ երկու օր տևած սոսկալի ծեծի դրվագները։ Տղամարդը տարիներ շարունակ չէր բարձրաձայնել խոշտանգման մասին, մտածելով՝ միևնույն է, իրեն չեն հավատա և միայն տեսանյութի հրապարակումից հետո է խոսել․

«Արմենն այս ամենի միջով անցել, սակայն չի պատմել, քանի որ վստահ էր՝ խոսքերն օդում էին մնալու։ Հիմա ի՞նչ, փաստորեն դատարանի այսօրվա վերաբերմունքը հաստատո՞ւմ է նրա խոսքերը։ Այսքան տարի անց, երբ նման կադրեր են հրապարակվում, պատկան մարմինները պետք է մի վայրկյան անգամ չկորցնեին և պատժեին մեղավորներին, սակայն ունենք այն, ինչ ունենք։ Ես խիստ անհանգիստ եմ այս ձգձգման հետ կապված։ Որքան էլ ձգտում եմ միտում չտեսնել, չի ստացվում»,- իր վրդովմունք է հայտնում տիկին Մերին։

Տուժող կողմի համար անհասկանալի է նաև Գլխավոր դատախազության լռությունը։ Փաստաբանի դիտարկմամբ՝ մեղադրանքը պաշտպանողն իրենք են, սակայն կարծես Գլխավոր դատախազը որևէ ձևով անհանգստացած չէ, թե իր ուղարկած մեղադրանքով ինչու որևէ տեղաշարժ չի լինում․

«Այսօր դատախազությունն ինքը պետք է բողոք բարձրացներ, թե ինչու դատական գործընթաց տեղի չի ունենում։ Այս գործը պետք է լիներ այն նմուշային դեպքը, որի շուրջ համոզմունք ձևավորվեր, թե ինչ կկատարվի, եթե քննչական կամ ոստիկանական բաժանմունքներում խոշտանգման դեպքեր արձանագրվեն։ Ինձ այնքան չի ոգեշնչում քրեական գործերի հարուցումը, որքան ես սպասում եմ արդյունքներին։ Հարուցվում են, հետո շատ հանգիստ կարճվում:»,- կարծիք է հայտնում իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, 2008 թ նոյեմբերին Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը զբաղեցրած անձն իր աշխատասենյակում, նույն բաժանմունքի ծառայողների, այդ թվում ավագ օպերլիազորի, Ոստիկանության Ճամբարակի բաժնի պետի մասնակցությամբ, բնակարանային գողության փորձ կատարելու դեպքի շուրջ զրուցել է հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման ենթարկված Արմեն Մարտիրոսյանի հետ:

Երբ կասկածյալը հերքել է դեպքին առնչություն ունենալու հանգամանքը, ոստիկանության պաշտոնյան և ոստիկանության մի շարք այլ ծառայողներ, գողության փորձ կատարելու դեպքը խոստովանելու պահանջ ներկայացնելով, Մարտիրոսյանին գցել են գետնին, գլխին անցկացրել հակագազ և ձեռքերով ու մահակով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Ամբաստանյալի աթոռին են հայտնվել ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Վաչագան Ներսիսյանը և Ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանը։ Նրանք միակ դատական նիստի հենց սկզբից ցույց տվեցին իրենց անբարյացական վերաբերմունքը գործը լուսաբանող լրագրողների նկատմամբ։ Նիստի վերջում Սիմոնյանը հորդորեց այլ տեղում «շոու» փնտրել.

«Չեմ ցանկանում ձեր հարցերին պատասխանել, շոուն վերջացել ա… Գնացեք շոումեններին հարցը տվեք»:

Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest