Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի բնակավայրերի ուղղությամբ հակառակորդի կրակոցների վերաբերյալ: 

«Ապրիլի 20-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, կրակ են բացել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Շոշ ու Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ։ Կրակոցների արդյունքում Ստեփանակերտում բնակելի տան տանիք է վնասվել։ 
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է հակառակորդի սադրիչ և ագրեսիվ գործողությունները, որոնք նպատակ ունեն վախի ու անպաշտպանության մթնոլորտ ձևավորել ԱՀ քաղաքացիների շրջանում և տորպեդահարել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությունը։

Հայկական ավտոմեքենաների վրա հարձակումները, դաշտում աշխատող գյուղացիների ուղղությամբ կրակելը, Շուշիից դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհին տեղադրված տանկ-հուշարձանի տարածք դիվերսիոն ներթափանցումն ու վանդալիզմը, հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը և ադրբեջանական կողմի բազմաթիվ այլ թշնամական գործողություններ Ադրբեջանում պետականորեն վարվող հայատյաց և ֆաշիստական քաղաքականության հետևանքն են։

Արցախցիներին ահաբեկելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման և որևէ ձևով չի կարող սասանել սեփական հողում ազատ ապրելու մեր հաստատակամությունը»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest