Ապրիլի 29-30-ը Կազանում կայանալու է ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, որին հրավիրվել են նաև Ադրբեջանն ու Տաջիկստանը: Ըստ կազմակերպության կանոնների՝ ոչ անդամ պետությունների մասնակցության համար պարտադիր է ԵՏՄ անդամ բոլոր երկրների՝ նաև Հայաստանի համաձայնությունը։ Երևանը պաշտոնական դիրքորոշում դեռ չի հայտնել՝ արդյոք թույլատրելու է Ադրբեջանին մասնակցել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեռ մի քանի օր առաջ հստակ պատասխան չէր տվել՝ նշելով, որ քննարկումների արդյունքում Երևանը կհստակեցնի իր դիրքորոշումը, սակայն նա չէր բացառել, որ հնարավոր է՝ թույլ չտան Ադրբեջանի մասնակցությունը:

Ակնկալվում է, որ եթե  Հայաստանը համաձայնություն է տալու Ադրբեջանի մասնակցությանն, ապա պետք է առաջ քաշի Ադրբեջանի կողմից եռակողմ համաձայնագրի կետերի չկատարումը: Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության  8-րդ կետի համաձայն՝ երկու կողմերը պարտավորվում են «բոլորը բոլորի դիմաց» փոխանակել գերիներին եւ այլ պահվող անձանց: Ադրբեջանը մինչ օրս այս կետը չի իրականացնում:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը Forrights.am-ի հետ զրույցում նշեց, որ  Հայաստանը չի կարող համաձայնություն տալ Ադրբեջանի մասնակցությանը, քանի դեռ չի լուծվել գերիների հարցը:

«Պետք է ոչ միայն գերիների հարցը որպես նախապայման ներկայացնել, այլ նաեւ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի խախտման հետ կապված բոլոր հարցերը պետք է լուծվեն: Մասնավորապես՝ Խծաբերդի տարածքի գրավման հարցը։ Այդ գերիների մեծ մասն Ադրբեջանի ձեռքում հայտնվել է նոյեմբերի 9-ին հաստատված հրադադարից հետո՝ Ադրբեջանի կողմից Խծաբերդի տարածքի գրավման հետեւանքով: Ադրբեջանը պետք է այդ տարածքներն ազատի եւ այդ տարածքից գերի վերցրած անձանց վերադարձնի: Այս պայմաններում ՀՀ-ն կարող է քննարկել Ադրբեջանի մասնակցության հարցը»- ասաց քաղաքագետը:

Հայաստանը պարտավոր է արձագանքել Ադրբեջանի կողմից մինչ այս եռակողմ հայտարարության խախտմանը․ նշեց Անդրիաս Ղուկասյանը՝ ընդգծելով, որ  Հայաստանի ազգային շահերը թելադրում են գնալ  վճռական քայլերի:

Ռուսաստանը երբեք չի թաքցրել Ադրբեջանին ԵԱՏՄ անդամ դարձնելու եւ տնտեսական առումով գերիշխող դիրք ունենալու ցանկությունները: Այս համատեքստում, եթե Հայաստանի իշխանություններն առաջ քաշեն նախապայմաններ՝ Ադրբեջանի մասնակցությունը ԵԱՏՄ նիստին թույլատրելու համար, նշանակում է՝ անուղղակի խոչընդոտում են այս երկրի՝ միություն մտնելու ռուսական  քայլերը: Անդրիաս Ղուկասյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը քաղաքական կամք կունենա Վլադիմիր Պուտինին հակառակ որոշում կայացնել:

«Մենք առ այսօր այդ քաղաքական կամքը չենք տեսել, բայց այս իրադարձությունը լավ առիթ է քաղաքական կամք դրսեւորելու համար: Հակառակ դեպքում՝ խայտառակություն կլինի։ Կնշանակի, որ Հայաստանի Հանրապետությունը  չի օգտագործում իրեն հասանելիք միջազգային լծակները, որպեսզի հարկադրի Ադրբեջանին կատարել եռակողմ հայտարարության կետերը»,- ասաց նա:

Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը չունի այն լեգիտիմությունն, ինչ ուներ 2018 թվականի հեղափոխությունից հետո: Անդրիաս Ղուկասյանը չի բացառում, որ այս խնդիրը կխանգարի Նիկոլ Փաշինյանին՝ վճռական որոշումներ կայացնել:

«Այսօրվա քաղաքական ուժն ամեն անկյունում վանկարկում էր, որ ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանություն է եւ կարող է արտաքին ուժերից կախվածություն չունենալ: Եթե տեսնում ենք, որ դա այդպես չէ, ուրեմն պետք է արձանագրենք, որ պատերազմից հետո, ներքին լեգիտիմության պակասը լրացնելու համար, իշխող ուժը իր վրա վերցնում է արտաքին խաղացողների անօրինական շահերը սպասարկելու»:

Նարեկ Կիրակոսյան  

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest