Անցյալ ամռանը Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղից զորակոչված 18-ամյա Ադամ Գրիգորյանը չէր կարող պատկերացնել, որ ընդամենը չորս ամիս անց մասնակցելու է պատերազմի: 20 օր շարունակ Ջրականում (Ջաբրայիլ) ծանր մարտերի մասնակցելուց հետո Ադամը բեկորային բազմաթիվ վնասվածքներ է ստանում ու ստիպված է լինում ավելի քան 300 մետր քայլել` հասնելու համար Շտապ օգնության մեքենային: Բարեբախտաբար բժիշկներին հաջողվում է փրկել նրա կյանքը: Այժմ նա դեռ բուժվում է ու մտադրություն ունի ապաքինվելուց հետո զինվորական դառնալ:

Ադամ Գրիգորյանը պատմում է` չորսամսյա զինվորական ծառայությունից շատ գոհ էր, ամեն ինչ հանգիստ էր անցնում, անգամ ինքը հասցրել էր որպես լավագույն զինվոր պատվոգիր ու մեդալ ստանալ ՊՆ-ի կողմից: Եվ ահա անցած տարվա սեպտեմբերի 27-ին ամեն ինչ փոխվեց: «Ամսի 27-ին ասացին, որ դիրքերում լարված վիճակ է, պետք է գնանք… բարձրացանք դիրքեր, իրավիճակը տեսանք, էդպիսի բաներ չէինք տեսել, կրակոցներ եւ այլն: Որ ասեմ պատրաստ էի` ոչ, բայց չէի էլ վախենում… Անընդհատ կրակոցներ էին: Պահ չկար, որ կրակոց չլիներ: Պայթյուններ, անօդաչու սարքեր: Անընդհատ կային դրանք»:

Հոկտեմբերի 16-ին վիրավորվել է Իշխանաձոր գյուղում: Բեկորային բազմաթիվ վնասվածքներ է ստացել ոտքի եւ կրծքավանդակի շրջանում, վնասվել է նաեւ թոքը: «Վիճակս շատ ծանր էր, ուզում էին ինքնաթիռով տեղափոխել, բայց ասացին, որ անոդաչու սարքեր են աշխատում, վտանգավոր է, որոշեցին Շտապ օգնության մեքենայով հասցնել Կապան: Կապանում վիրահատվեցի»:

Վիրավոր զինվորը պատմում է, որ նախկինում շատ էր ցանկանում իր ապագան կապել զինվորական գործի հետ, սակայն չգիտի, թե բեկորային վնասվածքները դեռ ինչպիսի հետք կթողեն իր առողջության վրա. «Փոքր ժամանակվանից խոսել եմ ծառայության մասին, մտածել եմ գնամ, ծառայեմ: Մինչեւ պատերազմն էլ մտածել եմ որպես զինվորական շարունակեմ: Հիմա չգիտեմ ինչպես կստացվի, բայց այդպիսի մտքեր ունեմ»:

Ի պատասխան մեր այն հարցին, թե ինչպես է ընդունել պատերազմի ավարտի մասին լուրը, Ադամը ասաց. «Երբ իմացա, որ պատերազմը ավարտվել է, ուրախացա, բայց հետո ինչ-որ մի տեղ տխրեցի, որ հողերի հանձնում է եղել այդքան պայքարից հետո: 44 օր կռիվ արեցինք, որ այդ հողերը, այդ դիրքերը մենք պահենք, բայց հետո ամեն ինչը էդպես եղավ»:

«Բայց մի օր մենք նորից այդ հողերում ենք լինելու». վստահ է Ադամը…

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest