Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց նկատմամբ համաներում կկիրառվի, նրանք կարող են վերադառնալ Հայաստան, կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարությունը հաստատեց «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը

«Նախկինում երբեք այս հոդվածը համաներման տակ չի ընկել հասկանալի պատճառներով։ Եվ թվում է, թե այս իմաստով ամենաանպատեհ ժամանակաշրջանն է՝ պատերազմից հետո ժամկետային զինվորական ծառայությունից խուսափած անձանց նկատմամբ կիրառել համաներում։ Բայց այս որոշումը մենք կայացրել ենք նաև հետևյալ նկատառումով՝ մեր բանակը, զինված ուժերը հիմա թևակոխում են խորը և բովանդակային բարեփոխումների փուլ։ Եվ ըստ էության սա մեզ բոլորիս համար հնարավորություն է ինչ-որ մի կետ ֆիքսել և այդ կետից գնալ առաջ»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ շատ կարևոր է նաև արձանագրել մի շատ տխուր վիճակագրություն։ ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող անձանց ճնշող մեծամասնությունը՝ 90 և ավելի տոկոսը, հետախուզվում են հենց այդ հոդվածով։

«Բայց տվյալ դեպքում ուզում եմ ընդգծել, որ համաներումը տարածվում է 27 տարին լրացած անձանց վրա։ Այստեղ խոսքը մեծամասնամբ գնում է այն քաղաքացիների մասին, ովքեր հանրապետությունում չեն և չեն կարողանում վերադառնալ այս քրեական հետապնդման և քրեական գործի պատճառով։ Մենք նաև հաշվի առնելով մեր ընթացիկ իրավիճակը, հաշվի առնելով այն, որ մեր բանակում բարեփոխումների գործընթաց է սկսվել, ճիշտ ենք համարում այսպիսի քաղաքական որոշման կայացումը»,- հավելեց Փաշինյանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest