Արցախյան երեք պատերազմներին մասնակցած 57-ամյա Ներսես Ներսիսյանին, սեպտեմբերի 27-ի առավոտյան զինկոմիսարիատում հրաժարվեցին կամավորագրել՝ 55-ից բարձր ես,- ասացին ու տուն ճանապարհեցին։ Սակայն ազատամարտիկը շուտ հանձնվողներից չէր, մի քանի օրվա մեջ մարտական ընկերների հետ միասին ստեղծեց «Արծիվ 11» ջոկատը և միանգամից մեկնեց առաջնագիծ։

Ընկերներից Արմենակ Ավետիսյանի հետ Ներսեսը ծանոթացել է դեռ 1989 թվականին՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, ում խոսքով՝ նրա ուժի, կամքի ու պայքարի շնորհիվ շատ դիրքեր են պահվել․

«Ներսեսը բացառիկ հրամանատարներից է եղել, լեգենդար անձնավորություն էր, համեստ, մարդկային բարձր արժեքների տեր։ Բոլոր մեր տղերքին ինքն իրա էնտուզիազմով, ոգևորելով միշտ դուխ ա տվել, բոլոր պատերազմների ժամանակ չի ընկրկել, իր կյանքը վտանգելով փրկել տղերքին ու պահել վստահված դիրքերը։ Հենց Ներսոյի սխրագործություններից ոգեշնչված, էս պատերազմի ժամանակ մեր շրջանի գրեթե ողջ երիտասարդությունը կամավոր մեկնեց բանակ։ Մեր երրորդ պատերազմն էր միասին, ցավոք՝ վերջինը․․․»,- Forrights-ին է պատմում Արմենակը՝ մտքերով հետ գնալով 90-ականներ։

Մարտական ընկերները վերհիշում են 1994թ.-ի ապրիլի 24-ը, երբ 5-րդ բրիգադայի կազմում մասնակցում էին Մարտակերտի շրջանի Մեծ-Շեն, Հակոբ-Կամարի, Մաղավուզ, Թալիշ գյուղերի ազատագրմանը, Ներսեսը սրտից ընդամենը մի քանի սմ վերև շատ ծանր վիրավորվում է։ Կապիտան Ներսիսյանն անգամ այդ վիճակում պահանջում է իրեն թողնել ու օգնել մնացածին․

«Ինքը նվիրյալ է եղել հայրենքի գաղափարին» ,- նշում են ընկերները։

Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի լուրը լսելուն պես, հրամանատարը հավաքում է մարտական ընկերներին, կազմում 93 հոգուց բաղկացած ջոկատ և հոկտեմբերի 2-ին մեկնում արդեն իսկ հարազատ դարձած դիրքեր, այս անգամ՝ Եղնիկներ, Մատաղիս։

Ընտանիքի խոսքով՝ իրենք չէին կարող և չէին համարձակվի հետ պահել Ներսեսին։ Աղջիկը՝Գայանեն, պատմում է, թե ինչպես է մեկնելու առավոտյան հայրը զանգել իրեն, տեղեկացրել առաջնագիծ գնալու մասին և հորդորել չվախենալ․

«Չդիմացա, լացեցի, ասում էի՝ պապ ջան, չի՞ լինի էս անգամ չգնաս, բարկացավ՝ որ մենք չգնանք, ո՞վ գնա, ջահել երեխեքը՞։ Հայրենիքն ընտանիքից բարձր դասեց, անգամ իր երեխաների ու թոռների մասին չմտածեց»։

«Արծիվ 11» ջոկատի առաջ կարևոր մարտական առաջադրանք է դրվում հոտեմբերի 12-ի գիշերը․ ութ անդամներով պետք է բարձրանային Արեգա սարն ու պահեին լքված դիրքը։ Ջոկի կազմում եղած Ներսեսի մեկ այլ մարտական ընկերոջ՝ Մանվելի խոսքով, իրականում սկզբնական կազմի մեջ Ներսեսի փոխարեն պետք է այլ մարդ լիներ՝ դեռևս 18-ը չբոլորած երիտասարդ տղա, սակայն վերջին պահին հրամանատարն է ինքն իրեն նախընտրել՝ տղայի փոխարեն։

«Անմիջապես հենց թշնամու տակն էինք, թուրքը ձորի վրա էր, մենք՝ ներքևում։ Լքված դիրք էր, ամբողջ գիշեր էդ ութ հոգով կյանքի գնով պահեցինք, լույսը բացվեց, սկսեցին էլ ավելի կատաղի ռմբակոծել։ Մի պահ լռություն տիրեց, մեկ էլ ձայն լսեցինք ու սնարյադն ընկավ ուղիղ Ներսոենց վրա․ ինքն ու ևս երկու հոգի վիրավորվեցին։ Չթողեց մոտը մնամ, ասեց՝ ես գնացի, երեխեքին ուշադիր կլինես․․․»,- պատմում է Մանվելը։

Ջոկատի հրամանատարին փորձում են Շտապ օգնության մեքենայով արագ հասցնել մոտակա հոսպիտալը, բայց չեն հասցնում․ Ներսիսյանը, ստացված ծանր վնասվածքներից ճանապարհին մահանում է։ Դիրքը, սակայն, ջոկատի կամավորների կողմից պահվում է։

«Արցախյանի առաջին պատերազմի ժամանակ մենք երեք ընկեր էինք․ 1993-ին Ռաֆոն զոհվեց, մի ձեռքս «կտրվեց», անցած տարի՝ Ներսոն գնաց, երկու ձեռքերս միանգամից «կտրվեցին»»,- ցավով նշում է Մանվելը։

Ընտանիքին Ներսեսի զոհվելու մասին ընկերներն են հայտնել։ Կինը՝ Արուսյակը, վերհիշում է հոկտեմբերի 9-ի իրենց վերջին հեռախոսազանգը, երբ ամուսինն ընդամենը մի քանի բառ էր կարողացել փոխանակել, երեխաներից ու թոռներից էր հարցրել․

«Ես չէի սպասում, որ Ներսոն կզոհվի, ինձ թվում էր՝ ինչպես նախորդ անգամները, այս անգամ ևս հերոսական կվերադառնա․․․Բայց ես կորցրի իմ հերոս արծիվին»։

Պատերազմների բովով անցած ազատամարտիկներն այս պատերազմն առանձնացնում են նախկիններից, նշելով՝ սա մարդու կռիվ չէր, զենքի կռիվ էր, և եթե այս ամենին գումարենք նաև դավաճանությունները, ապա պարտությունն անխուսափելի էր․

«Էս պատերազմում ոգու կորով, ուժ, հոգեբանական պատրաստվածության պակաս կար։ Անգամ սպաները պատրաստ չէին պատերազմի, իրենք կռիվ չէին տեսել, դրա համար էլ փախուստի դեպքեր եղան։ Շատ հրամանատարներ իրենց թաքստոցներն անգամ ունեին։ Բայց մենք բոլորս, Ներսոն էլ հաղթած ենք դուրս եկել պատերազմից»,- վստահ ասում է Արմենակը և հավելում,- «Պատերազմում ոչնչի մասին չես մտածում, չգիտես՝ ողջ կմնաս, կվիրավորվես, թե․․․կմեռնես»։

Ներսեսի հարազատ Մյասնիկյան գյուղն (բնակչությունը՝ մոտ 4500 մարդ) այս պատերազմում 13 զոհ է տվել, որից հինգը՝ ջոկատի անդամ է եղել։

Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest