Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում (Զինվորի տուն) բացվեց «Գեղեցկություն՝ զինվորներից» խորագրով ցուցահանդես-վաճառքը։ Հայրենիքի պաշտպանները որոշել են վաճառքից գոյացած ողջ հասույթը նվիրաբերել հենց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։

Ցուցահանդեսում ներկայացված են  մերօրյա հերոսների կերտած արվեստի գործերը՝ կտավներ և բնական թիթեռներից պատրաստված յուրօրինակ կոմպոզիցիաներ։ Դրանք ստեղծվել են վերջին մեկ ամսվա ընթացքում։

Զինվորի տանը երկրորդ կյանք առած տղաները երկրորդ կյանք են տվել թիթեռներին՝ դրանցով կերտելով յուրօրինակ կոմպոզիցիաներ։

Զինվորի տանն անցկացվում են դասընթացներ, որպեսզի տղաները տարբեր հմտություններ ու մասնագիտություններ ունենան։ Կոմպոզիցիաների պատրաստումն ու նկարչության դասընթացը այնտեղ իրականացվող կրթական ծրագրերի մաս են կազմում։ 


Վերջին մեկ ամսվա ընթացքում ԱՄՆ-ից՝ Լոս Անջելեսից Երևան տեղափոխված Հելեն Առաքելյանը տղաներին սովորեցրել է բնական թիթեռներից կոմպոզիցիաներ պատրաստել, իսկ Արցախյան պատերազմի մասնակից, նկարիչ Հովհաննես Դավեյանն  էլ տղաներին նկարչության գաղտնիքներն է սովորեցրել։

Ռազմադաշտում սխրանքներ գործած հերոսները ցուցահանդեսի այցելուներին զարմացնում են իրենց նուրբ գեղագիտական ճաշակով, գեղեցիկի ընկալմամբ։ Զենք բռնելուց ճաքած ու կոշտացած ձեռքերը արվեստի յուրօրինակ նմուշներ են կերտել։

Թիթեռներով կոմպոզիցիաներ պատրաստած ու կտավներ կերտած, Արցախի հարավային զորամասերից մեկում ծառայած ապա Գևորգ Կարապետյանը  ForRights.am-ին պատմեց՝ կոմպոզիցիաներում ներառված բոլոր թիթեռները բնական են, ճյուղերը՝ ևս։


«Թիթեռները ներկրվում են Ֆլորիդայից, Կանադայից և այլ երկրներից։ Թիթեռները ստանում ենք չորացված վիճակում, այնուհետև բացում ենք թևերը, լաքապատում, որպեսզի չփչանան, ապա անցնում կոմպիզիցիաները պատրաստելու գործին։ Կարծում եմ՝ մենք այս թիթեռներին երկրորդ կյանք ենք տալիս։ Ես երբեք չէի պատկերացնի, որ կարող է այսպիսի աշխատանքով զբաղվեմ», — ասաց Գևորգը։

Նա ասում է․ այս կոմպոզիցիաներ պատրաստելու գործում մի հետաքրքիր փաստ գրավել է իր ուշադրությունը․ նույն կոմպոզիցիայից երկրորդը հնարավոր չէ պատրաստել,  քանի որ բնության մեջ հնարավոր չէ գտնել նույն թիթեռից, ծառի նույն ճյուղից, հետևաբար ամեն կոմպոզիցիա յուրահատուկ է ու նմանը չունեցող։

Հովհաննեսը՝ ոգևորված է՝ տեսնելով, որ մի քանի ժամում ցուցահանդես-վաճառքում արդեն իսկ վաճառվել է տղաների պատրաստած աշխատանքների մեծ մասը։ Ըստ նրա՝ ցուցահանդեսից հետո չվաճառված աշխատանքներ չեն մնա։

Հովհաննեսը Զինվորի տանը նաև այլ դասընթացների է մասնակցում․ սովորում է հաշվապահություն, կադաստրային գործ և անգլերեն։ Խոսելով իր վերականգնողական բուժման մասին՝ քաջ ու կամային հերոսը նշեց՝ ինքն էլ, մյուս տղաներն էլ քայլ առ քայլ առաջ են գնում և այդպես էլ շարունակելու են։ 

Արցախում մարտնչած  սպա Անդրանիկ Մարգարյանը, որը ցուցահանդես-վաճառքին ներկայացրել էր իր ստեղծած կտավները, ժպիտով ասաց՝ մի քիչ ցավալի է կտավներից բաժանվելը, բայց ուրախալի է, որ մարդիկ հիանում են իր կերտած կտավներով։ 

«Մինչև դասընթացին մասնակցելը նախկինում իմ հոբբիներից է եղել նկարելը, բայց երբեք չէի պատկերացնի, որ կկարողանամ այսպիսի աշխատանքներ ստեղծել», — համեստորեն ժպիտով ասաց մերօրյա հերոսը։

Մեր զրույցի ընթացքում մի քանի կտավ վաճառվեց․ Անդրանիկը սիրով ստորագրում էր կտավների վրա, լուսանկարվում գնորդների հետ։ Հերոս հայրիկի կողքին էր որդին՝ 5-ամյա փոքրիկ Հովիկը, որը թեև ամաչեց տեսախցիկի առաջ խոսել, բայց մեզ ասաց․ «Չգիտեի, որ պապան այսքան սիրուն նկարում է։ Իմ պապան հա՛մ քաջ զինվոր է, հա՛մ էլ էսքան սիրուն նկարում է»։

Զինվորի տան քաջերին կերպարվեստի գաղտնիքնրն ուսուցանած Հովհաննես Դավեյանն էլ  նշեց՝ դասընթացների ընթացքում միանգամից զգացել է՝ կան տղաներ, որոնք, իսկապես, շատ տաղանդավոր են։ Կտավներում տղաներն արտահայտում էին իրենց միջի վառ գուները։ Կտավներում երևում է նրանց պայծառությունը, միաժամանակ՝  նրանց տեսածը, զգացածը։ 

Ժամկետային զինծառայող, վաշտի հրամանատարական տանկի ավագ նշանառու օպերատոր Սեյրան Սողոյանը, որը մասնակցել է Մեխակավանի ամենաթեժ մարտերին ու վիրավորում ստացել, արվեստասեր տղաների թիմի PR մասնագետն է: Նա  նկարում է բոլոր աշխատանքները, տեղադրում ինստագրամյան իրենց էջում: 

«Տղաներն իրենց հոգին դրել են ամեն  ստեղծագործության մեջ: Այս արվեստի միջոցով մենք փորձում ենք ցրվել պատերազմի վատ հիշողություններից»,- ասաց Սեյրանը։

Տղաների ստեղծած աշխատանքներով  հիացած  էր նաև Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյան, որն իր խոսքում նշեց՝ գովելի  ու ոգևորող է այն փաստը, որ  տղաներն իրենց ձեռքի աշխատանքից գոյացած ֆինասական միջոցները  ծառայեցնում են մեր մյուս զինվորների ապաքինման և առողջ կյանք վերադառնալու նվիրական գործին։

«Առաջին անգամ չէ, որ այս կամարների ներքո նման միջոցառում է կազմակերպվում․ նախորդիվ տղաներն այս շենքի օրհնված ու աղոթած փայտե հենասյուրներից հուշանվերներ էին պատրաստել և դարձյալ  այդ հուշանվերների վաճառքից գոյացած հասույթը ներդրվեց այլ հերոսների բուժման գործում», — ասաց Արմեն Մուրադյանը։

Նա նշեց՝ Զինվորի տանը բուժվող տղաները մեր արժանապատվությունն են կարողացել պաշտպանել, էլ ուր մնաց՝  այսպիսի արվեստ չկերտեին․․․

«Ես չվրիպեցի․ այո՛, արվեստի գործեր, քանի որ տղաներն իրենց ձեռքերով գլուխգործոցներ են կերտել, որոնք կարող են գեղեցկացնել ձեզանից յուրաքանչյուրի ընտրած վայրը», — նշեց Արմեն Մուրադյանը՝ վստահեցնելով՝ արդեն իսկ ավանդույթ դարձած այդպիսի միջոցառումները լինելու են շարունակական։

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանն էլ հավելեց՝ սա մեծ ցուցահանդեսի փոքր այցեքարտն է: Զինվորի տանն առաջիկայում մեծ սենյակ կբացվի, որտեղ տղաները կուսումնասիրեն կավագործություն, քանդակագործություն, տարբեր ուղղություններով կզարգացնեն իրենց հմտությունները:

Հասմիկ Բալեյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest