ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի գործով դատական նիստի ընթացքում, պատասխանող կողմի՝ Նիկոլ Փաշինյանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը վերացնել։

Նա ներկայացնելով միջնորդության հիմնավորումները նշեց, որ սահմանադիրը չի նախատեսել իրավունքի ուժով ընդունված ակտերի բեկանման հնարավորություն։ Վերջինս նշեց, որ թեև չեն բացառում աշխատանքային իրավունքների վերականգնումը, սահմանադիական այդ կարգավորումները չեն ենթադրում պաշտոնում վերականգնում։ Ըստ պատասխանողի՝ չեն կարող արձանագրել դատական ակտի կատարման անհնարինություն կամ դժվարություն, ինչը հայցի ապահովման հիմքն է։ Բացի դա՝ փաստաբանն անդրադարձավ նաև ճանաչման հայցին՝ նշելով, որ եթե այդ հայցը վարույթ չընդունվեր, ապա նաև այդ շրջանակներում հայցի ապահովման միջոց կիրառելու հարցը չէր քննարկվի։

Փաստաբանի խոսքով՝ հայցի ապահովման կիրառմամբ խախտվել է հանրային և անձնական շահերի հավասարակշռությունը, որի արդյունքում հանրային շահը ստորադասվել է անձնական շահին։ Հայցվոր կողմի ներկայացուցիչ Արամ Օրբելյանն արձանագրեց, որ հայցի ապահովման վերացման միջնորդության հիմքում որևէ նոր հանգամանք, նոր փաստ, նոր տեղեկություն, որը դատարանին հայտնի չի եղել, չի դրվում։

Հայցվոր կողմի ներկայացուցիչը հարցեր ուղղելով պատասխանողին՝ հետաքրքրվեց՝ միջնորդության հիմքում որևէ նոր հանգամանք դրված չէ, դրված է միայն, ըստ պատասխանողի, դատարանի կողմից դատական սխալը, որը փաստաբանը խնդրում է ուղղել, ինչին ի պատասխան փաստաբանը դրական արձագանքեց։

Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչն անուղղակի բողոք է ներկայացրել՝ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը վարույթ ընդունելու և հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումների դեմ։ Այս մասին Օնիկ Գասպարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի գործով դատական նիստին ասաց փաստաբան Արամ Օրբելյանը՝ առարկելով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին Նիկոլ Փաշինյանի փաստաբանի միջնորդությանը։

Ինչ վերաբերում է անձնական և հանրային շահերի հարաբերակցության խնդիրների մասին պատասխանողի պնդումներին, Օրբելյանն ընդգծեց, որ մարդու իրավունքները գերագույն արժեք են և, եթե անձը գտնում է, որ Սահմանադրությամբ երաշխավորված մարդու իրավունքները հնարավոր է, որ խախտվում են և չի ստորագրում, ապա քննարկել, որ սա խախտում է անձնական և հանրային շահերի հարաբերակցությունը, չի կարելի։ Ավելին՝ փաստաբանն արձանագրեց, որ պատասխանողն ասում է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու ակտը չեն կատարելու, որովհետև գտնում են, որ սխալ է կայացված, բայց, ամեն դեպքում ակտը պետք է վերացնի դատարանը, ապա արդյունքում ստացվում է, որ վերջնական դատական ակտն էլ չեն կատարելու, որովհետև գտնում են, որ իրավահարաբերություններ չկան, բայց դա հիմք չէ, որ Օնիկ Գասպարյանին ֆիզիկապես վերականգնեն աշխատանքի։

Փաստաբանը նշեց, որ դա չի կարող օրինական հիմք լինել հայցի ապահովման միջոցը վերացնելու համար; Օրբելյանն ընդգծեց, որ իրենց հայցի ապահովման միջոց կիրառելու դատարանի որոշման չկատարումը բերում է նրան, որ ամեն օր դժվարանում է մարդու խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունը։ Նա ընդգծեց, որ սույն հայցի ապահովումը պետք է լինի, քանի որ դատավարությունը կարող է երկար տևել, ուստի՝ ակնկալում են, որ դատական ակտը պետք է կատարվի։ Փաստաբանը նշեց, որ հայցի առարկան՝ 5 տարվա ընթացքում աշխատանքից չազատվելու իրավունքն է, մինչդեռ՝ դատավարությունը կարող է տևել տարիներ՝ կապված դատարանի ծանրաբեռնվածության հանգամանքով։

Դատարանը միջնորդության քննարկումն ավարտեց, դրա վերաբերյալ կայացրած որոշումը կուղարկի դատավարության մասնակիցներին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը երեք հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։ Ներկայացված հայցադիմումներից մեկի շրջանակներում ՀՀ վարչական դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, ինչը ենթադրում է, որ Օնիկ Գասպարյանը պետք է պաշտոնավարի մինչև սույն գործով դատարանի վերջնական որոշումը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest