ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց  «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ընտրություններից առաջ հանել ռեյտինգային ցուցակները և ընտրությունների գնալ պարզ համամասնական ընտրակարգով: 

Նախագիծը քվեարկությամբ ստացավ 83 կողմ ձայն:

Այսպիսով նախագծով նախատեսվում է հանել ռեյտինգային ցուցակը, նաև նախատեսվում են որոշակի կարգավորումներ՝ համավարակի պայմաններում ընտրությունների անցկացման առնչությամբ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կտրականապես դեմ էր նախագծին: ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը խմբակցության անունից ելույթում ասաց. «Ես պաշտոնապես հիմա հայտարարում եմ՝ եթե խաղի կանոնները փոխվում են, խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ է դրված»:

Նա նկատեց, որ ռեյտինգային ընտրակարգը համամասնական ընտրակարգի մեջ է, և Հայաստանում ընտրությունները համամասնական ընտրակարգով են անցկացվում:

«Ընտրակարգը չէ չարիք եղել, ընտրակարգով փող բաժանելն է չարիք եղել: Եթե իշխանություն եք, թույլ մի տվեք, որ այդ բարքերը լինեն»,- ասաց Մարուքյանն ու պնդեց, որ օրենսգիրքը փոխելու հարցով Հայաստանի ընդդիմադիր ուժերից որևէ մեկի կոնսեսուսը խորհրդարանի դահլիճում չկա:

Ռուբեն Ռուբինյանը «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթում մեջբերեց Էդմոն Մարուքյանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 22-ին ԱԺ-ում ելույթից, երբ քննարկվել են Ընտրական օրենսգրքի փոփոխությունները. «Փոփոխության է ենթարկվում ընտրական օրենսգիրքը, այն օրենսգիրքը, որը թիրախավորվել է իմ կողմից կոնկրետ, մեր կուսակցության կողմից դեռևս տարիներ առաջ և հենց ռեյտինգային ընտրակարգը, երբ մարդիկ ցուցակների հրապարակման, չգիտեմ ինչ այսպիսի հարցեր էին բարձրացնում, ես ասում էի՝ պրոբլեմը տարածքային ռեյտինգային համակարգն է»,- մեջբերեց Ռուբինյանն ու նշեց, որ ստորագրում է այս փաստարկի տակ:

Իշխանությունից վստահեցնում են, որ այս փոփոխությամբ ընդամենը պարզեցնում են ընտրությունների ընթացը, սակայն սա չի նշանակում հրաժարում Ընտրական օրենսգրքի փաթեթից:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest