«Արենի» առողջության առաջնային պահպանման կենտրոնի բժիշկ Արամ Հարությունյանը, որը 1988-1994 թվականներին մասնակցել է արցախյան գոյապայքարին և որպես բժիշկ ու զինվոր՝ թրծվել կռվի բովում, այսօր հետահայաց նայում է վերջին պատերազմի օրերին և զգում, որ այդ արհավիրքը փոխեց այն ամենն, ինչը կար նախորդ պատերազմից հետո։ Այս պատերազմը հաղթած բանակ ունենալու զգացողությունը փոխեց․ դեպի հաղթանակ գնացող ու վերելք ապրող ազգի զգացողությունը փոխեց վայրէջքի, ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ։ Այսուամենայնիվ, բժիշկ Հարությունյանը վստահ է՝ մեր ազգն այս արհավիրքից  ու ծանր օրերից է՛լ ավելի ծանր օրեր է ապրել և կարողացել է հաղթահարել ցավի մորմոքը։

«Մեծ կորուստներ տվեցինք՝ ի դեմս մեր երեխաների։ Հողը` հող է,գնաց, բայց կարող է վաղը ետ գալ․ շատ է եղել այդպես։ Գոնե վերջին 100-ամյակի, 150-ամյակի ընթացքում մենք ազատագրել էինք մեր հողերը, ընդլայնել տարածքը, վերականգնել պետականությունը, մեր հոգեբանությունը փոխել էինք՝ դարձնելով հաղթողի հոգեբանություն։ Իսկ այս պատերազմից հետո տարածաշրջանում ամենաուժեղ կոչված բանակը հանկարծակի դարձավ ցրված և այլևս ոչ մարտունակ։ Մեր երեխաները չէին գնում պարտվելու, գնում էին հաղթելու։ Նրանք դաստիարակվել են մեր սերնդի արածի մասին լսելով։ Նրանք ուզում էին կրկնել մեր արածը։ Զինվորն արեց ավելին, քան պետք էր և արեց ավելին, քան մենք։ Մեր երեխաները այնպիսի հերոսություններ արեցին, որ 90-ականներին հազիվ թե նման հերոսություններ կատարվեին», — Forrights.am-ի հետ զրույցում իր խոհերն է կիսում բժիշկ Հարությունյանը։

Նրա որդիները՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի չորրորդ կուրսում սովորող Արսենը և օրդինատուրայի առաջին  կուրսում սովորող Հայկազը մարտական գործողությունների մեկնարկի առաջին իսկ օրերից մեկնել են Արցախ, իսկ Արամ Հարությունյանը չի մեկնել Արցախ, քանի որ նրա մասնագիտական ներուժի կարիքը կար սահմանամերձ Արենիում գտնվող բուժհաստատությունում։ 


Բժիշկն ասում է՝ շատ են եղել դեպքեր, երբ իր զավակներին ասել է․ «Երանի չապրեք այն, ինչ մենք ենք ապրել»։ Բայց, ցավոք, այս սերունդն ավելի մեծ ցավ ու կորուստ տեսավ։

«Գոնե մեր տեսածը՝ արյունը, ընկերներ կորցնելը, մեր սերունդը պսակեց հաղթանակով։ Մենք իմացանք՝ հանուն ինչի զոհվեցին մեր ընկերները։ Իսկ հիմա  երեխաները այն զգացողությունն են ապրում, որ իրենք ոչ միայն ոչինչ չավելացրին մեր պատին, այլ մեր շարածն էլ քանդեցին։ Նրանք ընկճված են․ ես դա տեսնում են նաև նրանց գրառումներում։ Տղաները համարում են, որ իրենց գործը կիսատ է։ Նրանք ասում են՝ իրենց զոհված ընկերների գործը պիտի շարունակեն։ Մեր երեխաներն էլի՛ ուզում են պոռթկալ», — ասում է բժիշկ Հարությունյանը։

Արցախի հյուսիսային սահմանում իր մասնագիտական պարտքը կատարելիս Արամ Հարությունյանի ավագ որդին՝ բժիշկ Հայկազ Հարությունյանը, ճակատի ու մեջքի շրջանում վիրավորում ստանալուց հետո հրաժարվել էր իջնել դիրքերից: Նա տղաներին միայնակ չէր թողել, մինչև ռազմական գործողությունների ավարտը մնացել էր այնտեղ, բուժել իր վերքերն ու մեր քաջերին և Արցախից վերադարձել նոյեմբերի 24-ին։

Հայկազի ճակատին սպի է մնացել՝ պատերազմի դրոշմը։ Արամ Հարությունյանն ասում է՝ այդ դրոշմը ո՛չ Հայկազին, ո՛չ իր ընտանիքի անդամներին երբևէ չի ճնշել ու ընկճել, ընդհակառակը՝ աննկուն պայքարի խորհրդանիշ է դարձել։ Արամ Հարությունյանն ասում է՝ պարտությունը մերը չէր, զինվորինը չէր, պարտությունը քաղաքական դաշտում էր, ղեկավարների անհամերաշխության ու անհեռատեսության պատճառով էր․․․

«Հայկազն իրեն համեմատում է ոչ թե պատերազմ չգնացածի կամ վիրավորում չստացածի, այլ զոհվածի հետ․ ասում է՝ ինչո՞ւ ընկերս իր կյանքը տվեց, իսկ ես ընդամենը վիրավորում ստացա։ Այդ նույն զգացողությունը ես եմ ունեցել 90-ականներին։ Ես ինձ մեղավոր էի զգում զոհվածների ծնողների առաջ։ Այդ մտքերից ծնվել են այս տողերը․

Ինձ թվում է, թե ես մեղավոր եմ,
Որ դաժան գնդակն ի՜նձ էլ չի գտել

Կամ շոշափելով մարմինս թեթև՝

Մաշկս ծակել, բայց սրտիս չի գտել»։

Բժիշկ Հարությունյանը նաև  ստեղծագործում է․ բազմաթիվ բանաստեղծությունների  ու երգերի հեղինակ է։ Դրանցից շատերը ծնվել են 90-ականների պայքարի օրերին, կռվի բովում, մարտադաշտում ընկերներին կորցնելու մորմոքը զգալիս, հաղթանակի բերկրանքն ապրելիս․․․

Սամանամերձ Արենիում ապրող բժիշկն ասում է՝ բնակիչների հետ շփվելիս զգում է՝  նրանք աննկուն են․ որքան էլ մոտ լինեն սահմանին ու թշնամուն, չեն երկնչում, ամուր կառչած հայրենի հողին ու հայրենիքին։


Հասմիկ Բալեյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest