Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարում է՝ Սյունիքի կամ Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, Սյունիքում ճանապարհներին ադրբեջանական տեղակայումները Խորհրդային Հայաստանի կամ Ադրբեջանի սահմաններով` 1970-ական, 1980-ական, 1940-ական թվականների (լինի, օրինակ, 1975-1976 թթ., 1985թ., 1942թ.) կամ այլ քարտեզներով և GPS-ի տվյալներով հիմնավորել չի կարելի:

Թաթոյանը պնդում է՝ որպես ինքնիշխան պետություններ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիա կամ դելիմիտացիա երբեք տեղի չի ունեցել և առավել ևս միջազգային որևէ փաստաթուղթ դրա վերաբերյալ չի ստորագրվել:

Ընդգծելով, որ Խորհրդային միությունում տեղի ունեցածը եղել է ոչ թե երկու ինքնիշխան պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների որոշում, այլ մեկ ինքնիշխան պետության՝ ԽՍՀՄ-ի ներսում երկու սուբյեկտների միջև սահմանների վարչական բնույթի բաժանում՝ Պաշտպանը նշում է՝ խորհրդային քարտեզները միայն այդ մասին են:

Թաթոյանը նաև հարց է բարձրացնում՝ ինչու՞ 1920-ական թթ. քարտեզները սահմանների այս օրերի գործընթացի հետ կապված չեն վկայակոչվում:

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի՝ Հայաստանի պետական սահմանների որոշման գործընթացը վարչատարածքային բաժանման հետ կապել չի կարելի: Այդ երևույթները միանգամայն տարբեր են:

Նրա խոսքով՝ ՀՀ պետական սահմանների որոշման գործընթացում Հայաստանի առաջին հանրապետության սահմաններն ու քարտեզներն անտեսվել չեն կարող: Ըստ նրա՝ սա պահանջում է ՀՀ քաղաքացիների, ՀՀ բնակչության իրավունքների իրական երաշխավորման հրամայականը:

«Ադրբեջանական այսօրվա տեղակայումներն ընթացել են միջազգային, այդ թվում՝ մարդու իրավունքների պահանջների կոպիտ ու զանգվածային խախտումներով, պատերազմի և ուժի իրական սպառնալիքի ներքո և ադրբեջանական բացահայտ ցեղասպան քաղաքականության պայմաններում», — նշում է Թաթոյանը՝ շարունակելով․ — «Պետական սահմանների որոշման գործընթացը չի կարող խաթարել սահմանային բնակիչների բնականոն կյանքը կամ առաջացնել պետության քաղաքացու իրավունքների և օրինական շահերի, այդ թվում՝ կյանքի ու ֆիզիկական անվտանգության, երեխաների անվտանգ ապրելու, սեփական հողը մշակելու, ջրային պաշարներից, արոտավայրերից ու խոտհարքներից լիարժեք օգտվելու և այլ իրավունքներ: Այս կետերը ՀՀ քաղաքացիների, սահմանային բնակիչների իրավունքների ու բնականոն կյանքի երաշխավորող հիմնական գործոններից են»:

Pin It on Pinterest