Անցած ուրբաթ Սահմանադրական դատարանը սահմանադրությանը հակասող և անվավեր էր ճանաչել Մարտի 1-ի գործով մեղադրյալ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին երկու ենթականերին առաջադրված հոդվածը՝ սահմանադրական կարգը տապալելու մասին: ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընթերցել էր որոշման միայն եզրափակիչ մասը:

Բարձր դատարանը եզրահանգել էր, որ 10-15 տարվա ազատազրկում սահմանող Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասում է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին։ Այս հոդվածները օրենքների համաչափության և որոշակիության սկզբունքների մասին են։

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի համար անսպասելի էր ՍԴ-ի նմանօրինակ որոշումը։ Տուժողի հայրը շեշտում է՝ սա չի նշանակում, որ «Մարտի 1-ի գործը» ամբողջությամբ կարճվելու է:

«Մեր դատական համակարգն ամբողջովին փլուզված է, ճիշտ է՝ առաջադրված են մեղադրանքներ, բայց դեռևս ոչ ոք չի դատվել: ՍԴ նոր ընտրված դատավորների հարցում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սխալվել է, եթե նրանք չդավաճանեին, ապա ձայները հավասար կբաժանվեին ու նման անարդար որոշում դուրս չէր գա։ Մեր մասով արդարությունն արտագաղթել ա»,- Forrights-ի հետ զրույցում նշում է տուժողի հայրը։

Քլոյանի համար անընդունելի է այն հանգամանքը, որ ՍԴ դատավոր, Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդ Վահե Գրիգորյանին չեն թույլատրել մասնակցել նիստերին, իսկ Հրայր Թովմասյանը ոչ միայն մասնակցել, այլև որոշման կայացման համար կարևոր դերակատարություն է ունեցել․

«Էդ «հրաշալի» կազմով որոշում են, որ Քոչարյանի հոդվածը հակասահմանադրական ա, բայց դա չի նշանակում, որ գործն ամբողջովին պետք ա մերժվի, 85 հատոր կա գործում, ի՞նչ են անելու դրանք։ Հոդվածը չկա, բայց հանցանքը մնացել ա, չէ՞, մեր ցավն ու մեր երեխեքի կորուստը դեռ թարմ ա»,- վրդովված նշում է Սարգիս Քլոյանը։

Սահմանադրական դատարանի և դատավորների հետ մեծ հույս էր կապում նաև Մարտի 1-ի զոհերից Սամվել Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանը։

«Իրենք ամեն ինչ արեցին, որ այսօր սահմանադրությունը չգործի։ Դատերին մենք ընդամենը դատական շոու ենք տեսնում, ուրիշ ոչինչ։ Էնտեղ «դատ» ասվածը գոյություն չունի, որովհետև այդ ամբողջ ընթացքում մենք միայն տեսել ենք  ինքնաբացարկների միջնորդություններ՝ վերից վար նույն տեքստերով,  իրար փոխանցված։ Այսքան ձգձգումները միայն այն պատճառով է, որ էսօր իրենք մեղադրյալի աթոռին չհայտնվեն։ Ու այսքանին գումարած՝ ՍԴ նման որոշում, ինչը մեզ համար անընդունելի էր․ Արցախից հանում զորքը բերում էին մայրաքաղաք, դա սահմանադրություն խախտե՞լ չէր, բա ի՞նչ էր»,- նշում է Հարությունյանը։

Որդեկորույս հայրը ՍԴ որոշումը փոխկապակցեց հրապարակման նախորդ օրը ՀՀ և Արցախի նախկին նախագահների հանդիպման հետ։ Նրա համար անհասկանալի էր Տեր-Պետրոսյանի աշխարհայացքային փոփոխությունները․

«2008 թվականի մարտի 1-ից հետո, Լևոն Տեր-Պետրոսյանը մեծ խանդավառությամբ փնովում էր Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, այդ ի՞նչ եղավ, ո՞նց պատահեց, որ բարեկամացան։ Ուղղակի, մեծ ասած անբարոյականություն է, երբ այսօր խոսում են մի բան, հաջորդ օրն անում լրիվ ուրիշն ու հետո կանգնում արդարությունից խոսում։ Բայց մենք պայքարելու ենք մինչև վերջ։ Ասում են՝ արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում, էսօր հիվանդ ա, բայց մենք էս վիճակում չենք թողնելու, մեր հոգիների խաղաղությանը հասնելու ենք»։

Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը նկատում է՝ չի կարելի ասել, որ ՔՕ 300․1 հոդվածն ամփոփում է ամբողջ Մարտի 1-ի գործը, քանի որ այդ օրերին զոհվել և մարմնական վնասվածքներ են ստացել քաղաքացիներ։ Ղազարյանի խոսքով՝ որոշումը մասամբ կարող է կապ ունենալ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի հետ, իսկ հիմնականում կարող է կապ ունենալ Քրեական օրենսգրքի առավել կոնկրետ հոդվածով սահմանված հանցագործության կատարման հետ․

«Չի կարելի ասել, որ Մարտի 1-ի գործը տապալված է, կարելի է ասել դրա մի մասը անհաջողության է մատնված։ Եվրոպական դատարանը ժամանակին ասել է՝ եթե կա հանցադեպը, ապա քրեական գործը երբեք չի կարող կարճվել։ Եթե մենք ունենք զոհված և մարմնական վնասվածքներ ունեցած քաղաքացիներ ապա այդ գործը երբեք չի կարող կարճվել»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն արձանագրում է՝ հերթական անգամ արդարությունը պարտվում է օրենքի ուժով։ Նրա դիտարկմամբ՝ այս իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն ներկա իշխանությունն է, որը երկու տարվա ընթացքում մի շարք գործողություններ կամ չկատարեց կամ անուշադրության մատնեց․

«Հեղափոխական իշխանությունը քաղաքական գնահատական չտվեց պետության զավթմանը, չիրականացրեց արմատական և համակարգային վեթինգ դատաիրավական և պետական կառավարման համակարգում, չընդունեց իշխանությունների տարանջատումն ու փոխզսպումը երաշխավորող, ապահովող նոր սահմանադրություն  այլն։ Ես չեմ ուզում մտնել իրավական այդ ծուղակի մեջ, քանի որ այս իրավախախտումների համար խոսքը գնում է ոչ թե ինչ-որ քրեական խմբավորման կողմից կազմակերպված գործողության, այլ անձամբ ՀՀ նախագահի լիազորություններն ունեցած անձի մասին։ Ընդ որում ոչ թե մեկի, այլ այդ ժամանակվա իշխանության։ Մենք գործ ունենք մարդու իրավունքների կազմակերպված զանգվածային խախտումների հետ»,- նշում է իրավապաշպանը։

Նշենք, որ Դատախազությունը հայտարարել է, որ դիրքորոշում կհայտնի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին Սահմանադրական դատարանի որոշման ակտը ստանալուց ու ամբողջության մեջ դրան ծանոթանալուց հետո:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ մտնում են դատաքննության փուլ, ինչից հետո մեղադրյալների փաստաբանները լքեցին դատական նիստերի դահլիճը։ Եվ այդ նիստից 3 օր անց ՍԴ-ն կայացրեց աղմկահարույց որոշումը։

Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest