Ոստիկաններն այսօր կոպտորեն բերման են ենթարկել «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին, նրան բռնությամբ դուրս բերելով գրասենյակի տարածքից:

Այս կերպ ոստիկանները փորձել են իրականացնել քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությունը:

«Ազգային համաձայնություն» կուսակցության գրասենյակը գտնվում է Բուզանդի 1/3 շենքում, որը պատկանում է քաղաքապետարանին:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դեռևս 2019 թվականին  որոշում էր ընդունել հրաժարվել նախկին իշխանությունների օրոք կնքված ոչ բնակելի տարածքների օգտագործման պայմանագրերից, և դուրս արեց բազմաթիվ խմբագրություններ, մամուլի ակումբներ, կուսակցությունների: Արամ Հարությունյանի դեպքում, որի աշխատասենյակը 20 տարի այս տարածքում է եղել, փաստորեն կիրառեցին նաւ ոստիկանական ուժեր:

Տարածվել է տեսանյութ, որում երևում է, որ Արամ Հարությունյանին անգամ թույլ չեն տալիս հագնվել և կողպել գրասենյակի դուռը: Նրան կոպտորեն քարշ տալով, նվաստացուցիչ ձևով, իբրև վերջին հանցագործի, տանում են դեպի դուռը, այնուհետև ոստիկանական ավտոմեքենա, բռնելով Հարությունյանի ձեռքերից ու տաբատից:

Ընդդիմադիր գործչի հարցերին ոստիկանները պատասխանում են դժկամությամբ: Հարցին, թե ինչ է ինքը արել, ինչ հիմքով են իրեն բերման ենթարկում, ոստիկաններից մեկը, ով ներկայանում է որպես հետախուզության բաժնի աշխատակից, պատասխանում է. «Հետո կասենք»:

Տեսանյութից երևում է, որ ոստիկանները մեղադրում են Հարությունյանին ինչ-որ փաստաթուղթ պատռելու, ոչնչացնելու համար:
Արամ Հարությունյանը Forrights.am-ի հետ զրույցում ասաց, որ ոստիկանները գրասենյակ են եկել քաղաքապետ Մարությանի իրենց տված հանձնարարականով, որի հիմքը կառավարության ինչ-որ որոշում է եղել: «Ես նրանց թույլ չեմ տվել մտնեն գրասենյակ և այդ թուղթը պատռել են, որից հետո ես օպերատորների կանչեցի, և նրանք անսպասելիորեն ներխուժեցին», — ասում է Արամ Հարությունյանը:

Ոստիկանությունում նրան փորձել են ճնշել: «Տասից ավելի մարդ վրա էին տալիս, ես նստած, իրենք կանգնած, ոչ ֆիզիկապես, բայց հոգեբանորեն փորձում էին ճնշել: Հեռախոսըս բռնի ձևով վերցրեցին, թույլ չտվեցին, որ զանգեմ փաստաբանին», — ասում է Արամ Հարությունյանը:

Նրան ասել են՝ գերբը ճղել ես, դրա համար քեզ պատասխանատվության ենք ենթարկում: «Դուք թուղթը պատռելուց վատ ես զգում, էդքան զոհ ա եղել, ձեր պետքը չ՞ի», — պատասխանել է Արամ Հարությունյանը:

«Սա աբսուրդի թատրոն է: Հայրիկս 20 տարի այդ տարածքում է», — ասում է Արամ Հարությունյանի որդին՝ փաստաբան Սերգեյ Հարությունյանը:

Forrights.am-ի հետ զրույցում Սերգեյ Հարությունյանը ասաց, որ ոստիկանները սուտ տեղեկություն են ներկայացրել Արամ Հարությունյանին, ասելով, որ ունեն տարածքը ազատելու վերաբերյալ դատարանի վճիռ:

«Ոստիկանությունում պարզվեց, որ նման դատական վճիռ չկա, որ դատարանում գործ չկա, կա ինչ-որ կառավարության որոշում, որում գրված է, որ եթե որևէ մեկը ներխուժել է բնակարան, ապա կարող ես դիմել ոստիկանին, նա այդ անձին տվյալ բնակարանից հանի: Բայց դա այլ դեպք է: Եթե մարդը պայմանագրի հիման վրա, որն արեն ավարտվել է, մնացել է տարածքում, շարունակել է համապատասխան վճարներ կատարել, ապա, ըստ քաղաքացիական օրենսգրքի, պայմանագիրը համարվում է շարունակվող: Ու եթե նույնիսկ այդ տարածքի սեփականատերը որևէ անհամաձայնություն ունի, ապա պետք է վտարման պահանջով դիմի դատարան, օրինական ուժի մեջ մտած վճիռ ունենա, նոր դիմի ԴԱՀԿ աշխատակիցներին, որոնք գան, վտարումը իրականացնեն, ոչ թե ոստիկաններ գան ու բերման ենթարկեն նրան»:

Սերգեյ Հարությունյանը պատրաստվում է բողոքարկել ոստիկանների գործողությունները, համարելով դրանք ապօրինի և ոչ իրավաչափ:

Նա համարում է, որ հոր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, և հիշեցնում է, որ դեռ 2020 թվականին նրան մեղադրանք էին առաջադրել բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու, քարոզելու գործի շրջանակներում: 

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest