«Պատերազմի ժամանակ որեւէ բան չանելը ստեղծագործող արվեստագետի համար հավասար է չլինելուն»

114

«Մենք պետք է պատերազմի դեմ պայքարենք մեր «զենքով»` «արվեստով»,- համոզված է արվեստագետ Սիրանուշ Աղաջանյանը:

Մարտի 13-ից Գեւորգ Գրիգորյանի (Ջոտտո) թանգարանում բացվել է պատերազմի ընթացքում ստեղծված խճանկար-հայելիների «Հոկտեմբեր–նոյեմբեր» ցուցահանդեսը։ Արվեստագետները փորձել են ոչ թե պատերազմել, այլ ապրել ու ստեղծագործել։ Գործերն արվել են 2020 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մի խումբ արվեստագետների՝  Անի Թունյանցի, Վինսենտ Պրիանոնի, Միհրան Մարտիրոսյանի, Կրիստինա Ամիրխանյանի, Նարեկ Բարսեղյանի, Կարեն Օհանյանի եւ Սիրանուշ Աղաջանյանի կողմից հենց այն ընթացքում, երբ Հայաստանը գտնվում էր ծանր պատերազմական իրավիճակում: 

«Մենք հիշում ենք, որ այդ ընթացքում ամբողջ աշխարհը տեղյակ էր, թե ինչ է կատարվում, բայց լռում էր: Իսկ արվեստագետը այն մարդն է, ով պետք է կապ ունենա ամբողջ աշխարհի հետ, չունենա տարանջատումներ եւ բարձրաձայնի կատարվողը»,- մեզ ասած Աղաջանյանը եւ ավելացրեց, որ այս գործերով ինքն ու իր գործընկերները փորձել են հայտնվել պատերազմի հակառակ կողմում եւ չպատերազմել:

Ցուցադրության ավարտից հետո խճանկար-հայելիները վաճառվելու են եւ ամբողջ գումարը փոխարնցվելու է վիրավոր զինծառայողներին:

«Որպես արվեստագետներ պատերազմի դաշտում մեր անելիքը չէինք կարողանում հասկանալ, թե որն է եւ որոշեցինք ստեղծել արվեստի գործեր, որոնց շնորհիվ կկարողանանք օգնել պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողներին: Մեզ համար շատ դժվար էր: Ինչպես բոլորը, մենք էլ գտնվում էինք ծանր հոգեբանական վիճակում եւ դա մեզ դրդեց ինչ-որ բան անել, քանի որ նման իրավիճակում որեւէ բան չանելը ստեղծագործող արվեստագետի համար հավասար է չլինելուն»,- ասում է Սիրանուշ Աղաջանյանը:

Արվեստագետը նշում է, որ ստղծված աշխատանքները տարբեր են, հեղինակները առաջնորդվել են տարբեր մոտեցումներով. «Օրինակ, աշխատանքներից մեկը շատ կոնցեպտուալ է: Հայելին աղճատված է, պատկերը կտրտվում է եւ ինձ համար սա շատ խորհրդանշական է` երբ պատերազմի մեջ նայում ես հայելու մեջ, ինքդ քեզ ամբողջական չես տեսնում` ամբողջ պատկերը կոտրված է»:

Անի Գևորգյան