ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խստացնել պետական դավաճանության, լրտեսության համար նախատեսված պատիժը: 

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 112 «կողմ» ձայներ:

«Ակնհայտ է, որ այս պահին այդ հարցն օրակարգ բերելը բացառապես քաղաքական երանգ ունի և քաղաքական շահ է սպասարկում»,-այս մասին Forrights-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գևորգ Գյոզալյանը։

Նշենք, որ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 109 «կողմ», 1 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներով:

«Օրենքի այս նախագիծն ակնհայտ քաղաքական նկատառում ունի, այստեղ իրավական ոչ մի տարր չկա։ Ես հակված չեմ, որ խստացնելով ինչ որ հարցեր կլուծվեն»,-նշեց փաստաբանը՝ խիստ կասկածելով, որ խստացնելով իրենք իրենց առջև դրված խնդիրը կլուծեն և դավաճանության կամ լրտեսության համար մեղադրվողները կքչանան։

«Ես կարծում եմ, որ այդ սանկցիաները բարձացնելով, մենք շատ հաճախ՝ գրեթե 80-90 տոկոս, չենք ունենում ցանկալի արդյունքը․ խստությամբ շատ հարց չես կանխի»,-նկատեց Գևորգ Գյոզալյանը։

Իրավապաշտպան Վարդան Հարթությանը Forrights-ի հետ զրույցում անդրադարձավ առաջարկվող օրենքի այն դրույթին, որով նախատեսվում է ցմահ դատապարտել դավաճանության համար, վերջինս նկատում է, որ նման անհրաժեշտություն չկա, քանի որ գործող օրենքը սահմանում է ազատազրկում 10-15 տարի, ինչը լրիվ նորմալ է և ողջամիտ, իսկ խստացնելով ոչինչ չի փոխվի՝ դավաճանողը կդավաճանի․

«Ցմահ դատապարտելը, ըստ էության, շատ դաժան և շատ ծանրագույն պատիժ է։ Չպետք է լինի նման ազատազրկում, պետք է լինի պատժաչափ, որ մարդն իմանա՝ այն կրելուց հետո կամ ուղղվելուց հետո կարող է ազատ արձակվել»,-ասաց իրավապաշտպանը, հստակեցնելով․ «Ցմահը, դա մահապատժից առավել ծանր պատժաձև է, որն անընդունելի է»։

Գործող Քրեական օրենսգրքի պետական դավաճանության մասին 299-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է 10-15 տարի ժամկետով ազատազրկում, պատգամավորներն առաջարկում են այն փոխարինել 15-20 տարի ժամկետով՝ գույքի բռնագանձմամբ կամ առանց դրա կամ ցմահ ազատազրկմամբ: Lրտեսության մասով պատժաչափը կսահմանվի 12-20 տարի կամ ցմահ:

Ազնիվ Սիրադեղյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest