«Մեր ուզածը այն է, որ այսօր նման գեներալներ, սպաներ չլինեն բանակի գլխին: Մենք հիմա ինչ էլ անենք, մեր էրեխեքին հետ չենք բերելու, բայց, Աստված չանի, եթե մյուս անգամ պատերազմ լինի, գոնե ծնողները կիմանան, որ իրանց էրեխեքը գրագետ ու խելացի հրամանատարների ձեռքերում են: Ոչ թե անուղեղ, խոզ պահող հրամանատաների, ովքեր ամբողջ օրը մտածում են ուտել ու իրանց փորը լայնացնելու մասին»:  Հոկտեմբերի 11-ին Մարտունիից Հադրութ գաղտնի հրամանով տեղափոխվելիս շրջափակման մեջ ընկած ու զոհված 73   զինածառողներից մեկի` Սլավիկ Իշխանյանի հոր խոսքերն են:

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, Մարտունիում ծառայող 73 զինվորների ծնողների բողոքի հիման վրա քրեական գործ է հարուցվել` 375 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներեք տարի ժամկետով):  73 հոգուց դեռեւս հայտնաբերված չեն վեց հոգին: Մնացած զինվորների զոհվելու փաստը հաստատվել է:Ծնողները համոզված են,որ  եթե հոկտեմբերի 11-ին իրականացվեր պատշաճ հրամանատարություն, նրանց որդիները այսօր տանը կլինեին:

Սլավիկ Իշխանյաի ծնողները ոչ միայն տեղյակ չեն եղել, որ Մարտունի 2- ում ծառայող որդին զինամթերք է տեղափոխել առաջնագիծ, այլ նաեւ չեն իմացել, որ փոխել է վաշտը` Մարտունի 2-ից  Մարտունի 3:

«Երբ պատերազմը սկսեց, զանգեցի, ասեց, ինչի եք խառնվել, ոչ մի բան չի եղել: Ինքը արդեն առաջնագծում ա եղել բայց մեզ ոչինչ չի ասել»,- պատմում է զինվորի մայրը` Անժելա Իշխանյանը: Պատերազմի ընթացքում էլ զինվորի ծնողներին որդու զորամասից վստահեցրել են, թե զինվորները անվտանգ տեղում են, նրանց որեւէ բան չի սպառնում: Նման հավաստիացումներ են արել անգամ այն ժամանակ, երբ Սլավիկն արդեն զոհված է եղել: Ծնողները որդու մահվան մասին իմացել են մեկ ամիս անց միայն: Հարցին, թե ինչու իրենց ավելի վաղ չեն հայտնել տեղի ունեցածի մասին, զինկոմիսարիատից ապա նաեւ ՊՆ-ից ասել են «որ զոհվածների ծնողները լարվածություն չստեղծեին»:

Սլավիկի մահվան մասին լուրից հետո կտրուկ վատացել է հոր` Սամվել Իշխանյանի առողջությունը: «Սրտի մոտ ցավ զգաց, հասցրինք հիվանդանոց, միանգամից ստենդավորեցին:  Չորս անոթները վատացել էին: Էդ ամենը այդ օրերի ապրումներից եղավ: Երբ սպասում ես, որ էրեխադ պետք է գա, բայց բերում են…»,- մեզ ասաց Անժելա Իշխանյանը եւ ավելացրեց, որ ամուսինը դեռ ի վիճակի չէ տանից դուրս գալ, բայց երբ առողջությունը մի քիչ էլ ամրանա, անձամբ է գնալու պարզի, թե ինչ ընթացքում է գտնվում որդու եւ ծառայակիցների մահվան վերաբերյալ հարուցված քրեական գործը:

Զինվորի հայրը ասում է, որ տեղի ունեցածում ամենասարսափելի հանգամանքը այն է, որ միանգամից այդքան զինվորի անհետանալը հրամանատարական կազմից որեւէ մեկին չի ստիպել օգնություն ուղարկել. «Երբ երեխաների հետ կապը կորավ, կամ երբ նրանք կապով օգնություն խնդրեցին, հետո կորան, ջանք չեն գործադրել ռազվեդկա ուղարկեն, գոնե հասկանան ինչ է եղել, կարող է մի քանի հոգի դեռ վիրավոր են եղել, ողջ են եղել, որեւէ տեղ թաքնված են եղել: Զինվորներին ուղարկել են ու վերջ: Թողել են բախտի քմահաճույքին»:

Ավելին՝ տեսանյութով։

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest