Մայր ու աղջիկ՝ 84-ամյա Ալվարդ Մուրադյանը և 64-ամյա Ազատուհի Գալստյանն արդեն տարիներ շարունակ կանգնած են դրսում հայտնվելու փաստի առաջ։

Ամուսնու՝ Ալբերտ Փաշայանի կողմից ծեծի հետևանքով երկրորդ կարգի հաշմանդամ դարձած Ազատուհին այսօր չի կարողանում անկողնուց վեր կենալ և իր ոտքով գալ դատարան՝ իր իսկ իրավունքները պաշտպանելու և խարդախ ճանապարհով սեփական տունը փրկելու համար։ Աղջկա շահերը դատարանում ներկայացնում է տարեց մայրը՝ տիկին Ալվարդը․

«Էսքան տարի ա պայքարում եմ երկուսիս տեղը մի բանի համար, որ երեխես գլխին տանիք ունենա։ Ուրեմն ես 28 տարի առաջ մի քանի տեղ աշխատեմ, տուն ձեռք բերեմ, որ եսիմ ով գա, տանտե՞ր դառնա՝ ծեծուջարդի միջոցով։ Ալիկը (Աբերտ Փաշայանը-խմբ․) ոչ մի կապ չունի էդ սեփականության հետ, տունն իմ հալալ աշխատանքով եմ ստեղծել»,- Forrights-ին հուզված պատմում է Ալվարդ Մուրադյանը։

Կնոջ պատմելով` 2008 թվականին Ալբերտն իր դստերը ստիպողաբար, ծեծուջարդով տարել է նոտար, որպեսզի դարձնի մեկսենյականոց բնակարանի համասեփականատեր։ Նոտարի խորհրդով, Ազատուհին տան կեսն է Ալբերտի անունով դարձրել, ապա կնքվել բնակարանի կեսի առքուվաճառքի պայմանագիր, ըստ որի` 6 միլիոն դրամ Փաշայանը փոխանցել է Գալստյանին: Վերջինս, սակայն, կտրականապես հերքել է այս հանգամանքը` ինքն որևէ գումար չի ստացել: Այս ամենն իրավական ուժ է ստացել, երբ տղամարդը Ոստիկանությունում ցուցմունք է տվել, որ իրականում ոչ մի լումա չի փոխանցել կնոջը։

Տիկին Ալվարդը փաստաթղթին հղում անելով պնդում է, որ Ալբերտը բնակարանի սեփականության վկայական ձեռք է բերել ոչ օրինական ճանապարհով: 2008 թվականին բնականարանի համասեփականատեր գրանցվելուց հետո, տղամարդը պայմանագիր է ստորագրել կնոջ հետ: Այդուհանդերձ, Կադաստրը չի գրանցել Փաշայանի սեփականության իրավունքը, բայց սա չի խանգարել Ալբերտին 2010 թվականից ունենալ բնակարանի սեփականության վկայական: Ըստ տուժող կողմի` Ալբերտը կաշառքի ու կեղծիքի գնով է տիրացել այդ փաստաթղթին:

Ալբերտը, սակայն, չի բավարարվել միայն գույքով, վերջինս տարիներ շարունակ ծեծել և նվաստացրել է կնոջը, չի թողել շփում ունենա հարևանների կամ բարեկամների հետ․

«Եկա տեսա, երեխես գետնին ընկած՝ արյան մեջ կորած ա, էդ ժամանակ իմացա, թե ինչերի միջով ա անցնում աղջիկս։ Էդ անաստվածն էնքան ա ծեծել, հաշմանդամ ա դարձրել Ազատուհուս։ Էսօր աղջիկս գլխուղեղի արյան զեղում ունի, 2011 թվականին ինսուլտ ա ստացել, ամիսներով պառկել հիվանդանոցում, հիմա աջ կողմը գրեթե չի աշխատում։ Ու էսքանից հետո, մի հատ էլ ձեռքը գցում ա տան վրա»։

Հատկանշանակն է, որ այսքանից հետո դատական գործընթացն առաջինը սկսում են ոչ թե Գալստյանները, այլ՝ Ալբերտը։ 2015 թվականին նա դիմում է դատարան` հայցով, որպեսզի բնակարանի` իրեն պատկանող ½-րդ մասի արժեքը փոխհատուցվի: Հաջորդ տարի Առաջին ատյանի դատարանը բավարարում է պահանջը․Ազատուհին դատական որոշումը բողոքարկում է Վերաքննիչ և Վճռաբեկ դատական ատյաններում՝ ապարդյուն: Կրկին որոշումներ են կայացվում հօգուտ Փաշայանի և Առաջին ատյանի դատարանի որոշումը մնում է ուժի մեջ:

Ազատուհի Գալստյանին երկու ամիս ժամանակ է տրվում, որպեսզի 3 միլիոն 750 հազար դրամ գնահատված բնակարանի կեսը վճարի Ալբերտին, ինչը Գալստանները կտրականապես մերժում են։ 2018 թվականի սեպտեմբերից Դատական ակտերի հարկադիր ծառայությունը բնակարանն աճուրդի է հանում։

Գալստյաններն այսօր պայքարում են իրենց սեփական տունը պահելու համար։ Երեք տարի առաջ իրենք են դիմել դատարան, ինչի արդյուքում առժամանակ կասեցվել է բնակարանի աճուրդը։ Բացի այդ, հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Ալբերտի` 2008 թվականի կնքված բնակարանի մասի առուվաճառքի պայմանագիրն առոչինչ ճանաչելու պահանջով։ Այստեղ, սակայն վաղեմության խնդիր է առաջ բերում պատասխանող կողմը․

 «Թեև գործից 10 տարի և ավելի ժամանակ է անցել և վաղեմության ժամկետ առաջ բերելը մեզ համար նորություն չէր, սակայն մենք փորձելու ենք իրավունքի պահանջով լուծել առաջ եկած խնդիրը։ Գործում որևէ հանգամանքը մեր դեմ չէ․ Ալբերտ Փաշայանն արդեն խոստովանել է, որ իրականում որևէ գումար չի տվել հայցվոր կողմին, հետևապես այդ առումով գործարքն առոչինչ է։ Մենք մինչև վերջ գնալու ենք, եթե անգամ դատարանի այս որոշումը բացասական ելք ունենա, միանշանակ բողոքարկելու ենք»,- այսօր տեղի ունեցած հերթական նիստից հետո Forrights-ի հետ զրույցում նշեց հայցվորի ներկայացուցիչ Աշոտ Խլոյանը։

Վարչական վերաքննիչ դատարանը՝ դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու։ Այն կհրապարակվի ապրիլի 14-ին։ Տիկին Ալվարդը հույս ունի, որ այսքան տարի անց արդարությունը կհաղթի․

«Իմ առած տունը տամ իրան, հետո իմ աղջիկը մնա դուրսը: Եթե տունը աճուրդով վաճառվի, ես չեմ կարա իրան իմ մոտ տանեմ, տեղ էլ չկա, մնալու ա դուրսը: Սենց խարդախություն ես չէի տեսել, ոնց որ քեզ սպանեն` ոչնչացնեն»։

Ռոզա Վարդանյան
Լուսանկարը և տեսանյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest