Սահմանադրական դատարանը քննում է  ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը:

Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով զեկուցողներ են նշանակվել ՍԴ դատավորներ Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Երվանդ Խունդկարյանը, Էդգար Շաթիրյանը և Արթուր Վաղարշյանը։

Արևիկ Պետրոսյանը միջնորդեց դիմումները քննել բանավոր ընթացակարգով․ ինչին միացավ նաև ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը: Պետրոսյանը նշեց, որ բանավոր ընթացակարգով գործը քննելու դեպքում կբարձրանա հանրային վստահությունը, բացի դա՝ գործը զգայուն է։

Հրայր Թովմասյանն իր հերթին ասաց, որ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակն ունի բացառապես քաղաքական բնույթ և ունեցել է միայն մեկ նպատակ՝ կապված սույն գործի հետ, իսկ ՍԴ-ն պարտավոր է ապացուցել հակառակը և գործը քննել բանավոր ընթացակարգով, որպեսզի հանրությունը ծանոթ լինի կողմերի դիրքորոշմանը:

ՍԴ-ն չբավարարեց միջնորդությունը և որոշվեց այն քննարկել գրավոր ընթացակարգով։ Ձայները բաշխվեցին հավասար՝ ՍԴ դատավորներ Ա. Պետրոսյանը, Ա.Խաչատրյանը, Ա.Թունյանը եւ Հ.Թովմասյանը կողմ էին բանավոր ընթացակարգին, իսկ Է.Շաթիրյանը, Ե.Խունդկարյանը, Ա.Դիլանյանը եւ Վաղարշյանը՝ դեմ։

Նիստին չէր մասնակցում Վահե Գրիգորյանը։

ՍԴ նախագահը հայտարարեց, որ միջնորդությունը չի բավարարվել ու հեռացան խորհրդակցական սենյակ։ Թե երբ կհրապարակվի որոշումը, Դիլանյանը չհայտնեց:

Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, Քոչարյանին ազատ արձակելու որոշման հետ մեկտեղ որոշել էր նաեւ կասեցնել գործի վարույթը եւ դիմել ՍԴ՝ ստուգելու Քոչարյանին առաջադրված մեղադրանքի՝ 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Նման դիմում ՍԴ-ին ներկայացրել էին նաեւ Քոչարյանի փաստաբանները, որից, սակայն, նրանք ավելի ուշ հրաժարվեցին՝ պատճառաբանությամբ, որ չեն ուզում իրենց գործի պատճառով երկրում պառլամենտարիզմի կայացման խոչընդոտներ առաջանան։

Նշենք նաեւ, որ թեեւ Առաջին ատյանի դատարանի՝ գործի կասեցման եւ ՍԴ դիմելու որոշումը բեկանվել էր Վերաքննիչ դատարանի կողմից, սակայն դա չէր կասեցրել դիմումի քննությունը ՍԴ-ում: Վճռաբեկ դատարանն էլ օրեր առաջ նախադեպային որոշմամբ արձանագրեց, որ Վերաքննիչ դատարանը չէր կարող բեկանել Դավիթ Գրիգորյանի ՍԴ դիմումը, իսկ կասեցման մասով թողել էր անփոփոխ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest